Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զավեն Անդրիասյանը կրկին նվաճեց շախմատի ակադեմիայի գավաթը

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձավ 6 փուլով անցկացված արագ շախմատի «Ակադեմիայի գավաթ-2016-ի» խաղարկության հաղթող: Մրցումների ավարտից հետո շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը Զավենին հանձնեց գավաթն ու դրամական մրցանակը: Հիշեցնենք, որ Անդրիասյանը գավաթի նախորդ խաղարկությունում էլ նվաճել էր պատվավոր մրցանակը:

Զավեն Անդրիասյանը գավաթակրի տիտղոսին արժանացավ 6 փուլերի ընդհանուր արդյունքով: Նա դարձել էր 2-րդ և 4-րդ փուլերի հաղթող, 5-րդ փուլում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը:

Եզրափակիչ՝ 6-րդ փուլում, որին մասնակցեցին 102 շախմատիստներ, Զավեն Անդրիասյանը ևս մոտ էր հաջողությանը: Նախավերջին՝  7-րդ տուրից առաջ նա Սամվել Տեր-Սահակյանի և Մանուել Պետրոսյանի հետ 5,5-ական միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:

Ավարտական տուրում Զավենը հաշտություն կնքեց Տեր-Սահակյանի հետ, իսկ Պետրոսյանը հաղթեց Լևոն Բաբուջյանին: Արդյունքում 6,5 միավորով Մանուել Պետրոսյանը դարձավ 6-րդ փուլի մրցաշարի հաղթող, իսկ Անդրիասյանը 6 միավորով գրավեց 3-րդ տեղը: Սակայն դա էլ բավարար էր ընդհանուր ցուցանիշներով գավաթակրի տիտղոսը նվաճելու համար: