Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրայ Յարաբեկ.«Հարգում ենք «Ալաշկերտին», և ոչ-ոքին մեզ համար լավ արդյունք կլինի»

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ալաշկերտ» – «Դինամո Թբիլիսի» խաղից առաջ վրացական թիմի մարզիչ Յուրայ Յարաբեկը պատասխանեց լրագրողների հարցերին.

-«Դինամոն» առաջին խաղում հիմնական կազմով չէր: Արդյո՞ք բացակայող ֆուտբոլիստները կմասնակցեն առաջիկա խաղին:

-Ուչա Լոբժանիձեն վնասվածք ստացավ, բայց նա արդեն պատրաստ է վաղվա խաղին: Իսկ Գելաշվիլին դեռ պետք է սպասի: Չի խաղա նաև Մատիյա Սպիչիչը, բայց կարծում եմ մենք լավ մեկնարկային կազմ կունենանք:

-Ինչքա՞ն դժվար կլինի խաղը:

-Մենք անցկացնելու ենք դիմակայության երկրորդ խաղակեսը: Արդյունքը լավն է մեզ համար, սակայն դեռ պետք է խաղալ, քանի որ «Ալաշկերտը» լավ թիմ է: Նախորդ խաղի վերջին 30 րոպեներին նրանք մոտ էին գնդակ խփելուն, ուստի պետք է աշխատել, որպեսզի նրանք պահեր չստեղծեն: Մեր խնդիրն է դուրս գալ հաջորդ փուլ, ու մեր թիմն ունի լավ խաղացողներ, լավ նախապատրաստություն դրան հասնելու համար:

-Արդյո՞ք պահպանելու եք 2 գոլի առավելությունը, թե գրոհելու եք այն մեծացնելու համար:

-Մենք շատ հարգում ենք «Ալաշկերտին», և հաջորդ փուլ դուրս գալու համար մեզ համար շատ լավ արդյունք կլինի նաև ոչ-ոքին:

-«Ալաշկերտի» կազմում տեսնո՞ւմ եք պոտենցիալ ֆուտբոլիստներ «Դինամոյի» համար:

-Կներեք, բայց այդ հարցին չեմ պատասխանի:

-Քա՞նի տոկոսով է որոշված դիմակայության ելքը:

-Պետք չէ թերագնահատել «Ալաշկերտին»: Այո, մենք 2 գոլ ենք խփել, իսկ դա նշանակում է` 60%-ն ըննդեմ 40%-ի` հօգուտ «Դինամոյի»:

-Ո՞րն է Չեմպիոնների լիգայում ակումբի առջև դրված խնդիրը:

-«Դինամոն» թոփ-ակումբ է Վրաստանում, մենք շատ խնդիրներ ունենք: Խնդիրը Չեմպիոնների լիգայում հնարավորինս առաջ գնալն է: