Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յանա Եգորյան. «Ինձ չի հետաքրքրում, որ Հայաստանը ինչ-որ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ»

Օլիմիպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում կրկնակի ոսկե մեդալ նվաճած սուսերամարտիկ Յանա Եգորյանը  «Экспресс-газете»-ի հետ զրույցում խոստովանել է, որ դեմ է սպորտում քաղաքականության առկայությանը և ընդգծել, որ ընկերություն է անում, այն մարդկանց հետ, որոնց հետ ցանկանում է:

«Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որում մարդիկ սովոր են առաջնորդվել բնազդով: Գիտեմ բազմաթիվ օրինակներ, երբ սուսերամարտիկները տարբեր երկրներից երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա տանել չեն կարողանում իրար: Դա հիմարություն է:  Ամեն ինչ որոշում են քաղաքական գործիչները, իսկ սովորական մարդիկ տուժում են նրանց կայացրած որոշումներից: Օրինակ ես, ազգությամբ հայ եմ: Այնպես է ստացվել, որ ես շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից: Ինձ չի հետաքրքրում, որ Հայաստանը ինչ-որ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ բարձր մակարդակներում: Ում հետ ուզում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անելու»,-ասել է Եգորյանը:

Օլիմիպիական խաղերի չեմպիոնը պատմել է նաև իր հոր մասին, որին չի տեսել 17 տարի:

«Եթե հնարավորություն ու ժամանակ լինի, ապա Երևան կմեկնեմ:  Հորս հետ մենք երկար ժամանակ չէինք շփվում: Երբ առաջին անգամ կապ հաստատեցինք միմյանց հետ, ես 14 տարեկան էի: Հիմա իրար շնորհավորում ենք ծննդյան օրերի ու տոների կապակցությամբ: Բայց դեռևս չենք տեսնվել: Նրա հետ տեսնվելու մեծ ցանկություն չունեմ»,-ընդգծել է մարզուհին:

Հիշեցնենք, որ Յանա Եգորյանը ծնվել է 1993 թվականին Երևանում: Մարզուհու ծնողները բաժանվել են, երբ Յանան 4 տարեկան է եղել: