Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ուղեղի մթագնումներ». Ինչու «Շիրակը» լավ խաղով լքեց Եվրոպա լիգան

Հայկական թիմերից վերջինը եվրոպական ասպարեզը լքեց «Շիրակը»: Ի տարբերություն «Ալաշկերտի», որի առաջին խաղում արդեն հստակ ուրվագծվել էր դիմակայության ֆավորիտը, «Շիրակի» դեպքում իրատեսական հույսերը պահպանվում էին մինչև պատասխան հանդիպման երկրորդ խաղակեսը: Սակայն, 4 րոպեի ընթացքում խփած 2 գոլերը մարեցին այն «կայծը», որ ինչպես Աբրահամ Խաշմանյանն էր ասում, երբեմն կարող են ցույց տալ հայկական ակումբները և իրագործել ֆանտաստիկ նվաճում` դուրս գալ եվրագավաթների որակավորման երրորդ փուլ: Փորձենք հասկանալ, թե ինչը պակասեց «Շիրակին» այդ պատմական նվաճմանը հասնելու համար:

«Ուղեղի մթագնումներ»

Բոլորն էլ կհամաձայնեն` «Շիրակը» Տրնավայի «Սպարտակի» հետ երկու հանդիպումներում էլ շատ լավ տեսք ուներ, հաջող գրոհում էր ու տիրապետում իրավիճակին խաղաժամանակի մեծ մասի ընթացքում: Հետաքրքիր էր նաև դիմակայության վիճակագրությունը` մրցակիցը չնայած իր ակտիվությանը, դիմակայության առաջին երեք խաղակեսերում ընդամենը 1 հարված էր կատարել Անատոլի Այվազովի դարպասին, և դա ավարտվել էր Գյումրիում խփած գոլով:

Սակայն, նույնիսկ ամենաառողջ մարդկանց մոտ երբեմն, իսկ համեմատաբար ավելի հիվանդների մոտ` շատ հաճախ, պատահում է ժամանակավոր մթագնումներ, երբ սևանում է աչքերիդ առաջ, երբ մի քանի րոպե է պետք հավաքվելու և կենտրոնացումը ետ բերելու համար: «Շիրակի» մոտ դա կրկնվեց 2 անգամ, նախ` առաջին հանդիպման վերջնամասում, ապա` երկրորդ հանդիպման երկրորդ խաղակեսի 57-61-րդ րոպեներին: Մեր պաշտպանները կարծես մի պահ անշարժանում էին ու ճամփա բացում մրցակցի ֆուտբոլիստների համար: Մրցակիցն էլ կարծես հենց նման պահերը որսալու վարպետ էր, ու շատ հմտորեն օգտվեց ընձեռված հնարավորություններից:

Արդյունքում, «Շիրակը» դուրս մնաց Եվրոպա լիգայից, բայց իր ետևից թողեց ոչ թե հայկական ակումբային ֆուտբոլի թշվառության մասին ամենօրյա տրտում մտորումները, այլ մեծ ափսոսանք ու անարդարացիության զգացում: Չէ որ երկու խաղի 180 րոպեներից գոնե 170-ի ընթացքում «Շիրակը» ոչնչով չէր զիջում մրցակցին, գուցե և գերազանցում էր:

Ավագի բացակայություն

«Մթագնում»` շատ հետաքրքիր ֆուտբոլային ախտ է, որ գոնե այս տեսքով մեր ֆուտբոլում քիչ է պատահում: Ինչու մեր ֆուտբոլիստները չեն կարողանում նույն մակարդակի խաղ ցուցադրել 90 րոպեների ընթացքում: Առաջին տպավորությունն այն է, որ պատճառը պետք է ֆիզիկական պատրաստվածությունը լինի: Իհարկե, առաջնությունում ընդմիջում է, իսկ լրացուցիչ ժամանակը «Դիլայի» հետ խաղում մեր տղաների համար արդեն իսկ անսովոր գերծանրաբեռնվածություն էր: Սակայն, ինչքան էլ որ ֆիզիկական գործոնն իր տեղն ունի այս խնդրի մեջ, պակաս կարևոր չէ նաև հոգեբանականը:

«Շիրակը» խաղադաշտում առաջատարի խնդիր ունի, ով կտիրապետի ողջ իրավիճակին, կզգա թիմի զարկերակը, կգտնի անհրաժեշտ խոսքեր կամ հայացք` թիմակիցներին սթափեցնելու համար: Վերջին նման ավագը` Տիգրան Դավթյանը, «Շիրակին» հրաժեշտ տվեց անցած ամառ: Մյուս նման ավագը` Կարեն Ալեքսանյանը ևս մոտ է կարիերան ավարտելուն ու գրեթե խաղաժամանակ չի ստանում: Դժվար է ասել, որ այս խաղերին ավագի թևկապը կրող Գևորգ Հովհաննիսյանը որպես առաջնորդ չի ընդունվում խաղընկերների կողմից ու չունի անհրաժեշտ որակներ: Ուղղակի, գործելով պաշտպանության կենտրոնում համեմատաբար ավելի երիտասարդ ու անփորձ խաղընկերոջ հետ, Հովհաննիսյանը մրցակցի ճնշման ժամանակ լիովին կենտրոնանում էր պաշտպանական խնդիրների վրա ու մոռանում իր երկրորդ պարտականությունը: Ավելին, նա խուճապի մատնվող ֆուտբոլիստների ցանկում էր, քանզի «Սպարտակից» ընդունված բոլոր երեք գոլերի դեպքում «Շիրակը» անգործության էր մատնված հենց պաշտպանության կենտրոնում:

Տրանսֆերային ցիկլի ձախողում

«Շիրակի» խնդիրներից շատերը գալիս են բնականոն տրանսֆերային ցիկլի ձախողումից: Այսպես, նախ եվրոգավաթային խաղերից առաջ թիմից հեռացավ առաջատար պաշտպաններից մեկը` Միլոշ Ստամենկովիչը, ում ներկայությամբ վերոնշյալ 3 գոլերի մեծ մասը դժվար թե խփվեին, իսկ Հովհաննիսյանը հաստատ ավելի վստահ կլիներ:

Երկրորդ խնդիրն այն է, որ «Շիրակի» այս տարվա լեգեոներները ուղղակի վատն են: 4 խաղում ոչ մի գոլ, հազվադեպ կառուցողական գործողություններ, անօգուտ վազվզոց: Խոսքը վերաբերում է ոչ միայն հարձակման գծի երկու աֆրիկացիներին, այլև սերբ Նեմանյա Ստոսկովիչին: Եթե Վարդան Բիչախչյանը ստիպված է իր 17-ամյա որդուն պայքարի նետել գոլ խփելու համար, ապա ինչ իմաստ ունի ունենալ նրանց թիմում ու վճարել, ենթադրում եմ, համեմատաբար բարձր աշխատավարձեր, քան թիմի մյուս ֆուտբոլիստներին: Խախտվում է նաև ակումբի տրանսֆերային գործունեության բնականոն ցիկլը. Աֆրիկացի լեգեոներները հենց այս խաղերում պետք է աչքի ընկնեին դրսից առաջարկներ ստանալու համար, որից ակումբը իր եկամուտը կունենար: Սակայն, դժվար թե այսպիսի ելույթներից հետո որևէ ակումբ ցանկանա թեկուզ անվճար իր կազմ վերցնել այս ֆուտբոլիստներին:

Drissa Diarassuba

Փոխարինողների բացակայություն

Չնայած ամենին, բոլորն էլ կհամաձայնեն, որ «Շիրակը» երկու խաղում էլ շատ լավ տեսք ուներ: Արդար գտնվելով նշենք, որ «Սպարտակն» էլ շատ միջակ ակումբ էր ու միանգամայն հաղթահարելի: Սակայն, Վարդան Բիչախչյանին խանգարեց ևս մեկ գործոն` կարճ պահեստայինների նստարանը: 4 խաղերից մեկը կարողացավ բեկել 17-ամյա Վահանը, սակայն մյուս հանդիպումներում արդեն երկրորդ կեսում խաղի հունը փոխող ֆուտբոլիստներ «Շիրակում» չգտնվեցին: Խնդիրը ավելի ցայտուն էր երեկ Տրնավայում, երբ որակազրկված Դավիթ Հակոբյանին համարժեք փոխարինողներ ուղղակի չկային:

Ինչևէ, հերթական անգամ եվրագավաթները մեզ համար ավարտվեցին դեռ ամառվա կեսին: Հերթական անգամ սպասելու ենք մի տարի` գլուխներս վեր հանելու ու տեսնելու, թե ուր ենք հասել մեր ակումբային ֆուտբոլի հետ: Ափսոս, 6 թիմանոց առաջնության պայմաններում առաջընթաց գրանցելու ակնկալիքները շատ փոքր են:

Կարեն Ռաֆայելյան


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը