Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Վիտեսի» մարզիչ. «Արշակ Կորյանին մեծ ապագա է սպասվում, բայց նա պետք է նոր թիմ փնտրի»

Հոլանդական «Վիտեսի» մարզիչ Ջոն Լամերսը բարձր է գնահատել թիմի հայազգի ֆուտբոլիստ Արշակ Կորյանի կարողությունները:

«Արշակն իմ գլխավորությամբ է մարզվել առաջին օրվանից, ինչից հետո հրավերի է արժանացել հիմնական թիմից: Նա լավ, շատ հեռանկարային ֆուտբոլիստ է: Նա նշանակալիորեն բարելավել է տակտիկական առումով, սկսել է ավելի լավ խաղալ առանց գնդակի և պաշտպանությունում: Ինձ դուր է գալիս գործի նկատմամբ նրա վերաբերմունքը: Արշակը մարզումներին և խաղերին մոտենում է շատ լուրջ, պատասխանատվությամբ:

Նա գոլ է խփել և արդյունավետ փոխանցում կատարել գրեթե ամեն խաղում՝ խփած 10 գոլով և 9 գոլային փոխանցումով դառնալով մեր երիտասարդական թիմի լավագույն ռմբարկուն և ասիստենտը: Եվ դա չնայած նրան, որ մարզիչն Արշակին խաղադաշտ էր բերում ոչ բոլոր խաղերում: Ինձ հաճելի էր թիմումս ունենալ նման կատարողի, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում՝ և՛ կիսապաշտպանությունում, և՛ հարձակման եզրերում:

Ինչու նա հաճախ չի խաղում հիմնական թիմո՞ւմ. այս պահին մարզիչներն այդպես են ճիշտ գտնում: Առաջին թիմում հանդես են գալիս, օրինակ, ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերները պատկանում են «Չելսիին», և տաղանդավոր հոլանդացիներ, որոնց մարզիչները հաճախ նախապատվություն են տալիս: Բայց ես չեմ կասկածում՝ եթե Կորյանին թույլ տան առաջնությունում անցկացնել 4-5 անընդմեջ խաղ, նա անպայման կդրսևորի իրեն և կամրապնդվի հիմնական կազմում:

Կարծում եմ՝ Արշակը պետք է նոր թիմ փնտրի: Իմ մարզչական կարիերայում այսպիսի դեպքեր հաճախ են եղել՝ երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվում է այլ ակումբ, ստանում բավարար խաղային պրակտիկա և նրա ցուցադրած խաղը փոխվում է: Եվս մեկ անգամ եմ կրկնում, որ Արշակը շատ տաղանդավոր է, նրան մեծ ապագա է սպասվում: Նա ունի բոլոր որակները, որպեսզի դրսևորի իրեն ամենաբարձր մակարդակում»,- ասել է Լամերսը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում:

Հավելենք՝ Արշակ Կորյանը Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը 3 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով: Նա կրկին ավելի հաճախ խաղաժամանակ է ստանում ակումբի երիտասարդական թիմում: