Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ստրանջա-2017. Վահե Բադալյանը և Հենրիխ Սարգսյանը դուրս են մնում հետագա պայքարից

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակում է ընթանալ Ստրանջայի մրցաշարը:

Սոֆիայում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Հայաստանի բռնցքամարտի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, այսօր 1/8 եզրափակչից պայքարը սկսած  91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանին պարտություն են կրել Ուկրաինայի ներկայացուցիչներից:

Տեղեկացվում է, որ Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել հայ մարզիկի քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 65 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը հաղթական է մեկնարկել առաջնությունում: Իսկ Արման Դարչինյանը և Արսեն Հայրապետյանը պարտվել են մեկնարկային մենամարտերում:

Վաղը ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: