Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շրջանակը սեղմվեց». Ինչ իմացանք Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերից

Հայաստանի հավաքական

Հայկական ֆուտբոլում նման թեժ օրեր ապրել էինք մեկ տարի առաջ, երբ ազգային հավաքականի «Ոսկե» հռչակված սերունդը վերջնականապես փլուզվեց` ալբանացիների` պատմության առաջին ԵՎՐՈ որակավորվելու ֆոնին: Հաջորդող մեկ տարին միայն աղավաղված պատկերն էր տալիս այն ամենի, ինչ մնացել էր մեր նախորդ «գումարման» հավաքականից, և թե ինչ է ունենալու հաջորդը: Հրաժեշտի խաղեր, հարավամերիկյան տուրիստական հավաք, ընտրական փուլի մեկնարկ առանց Մխիթարյանի… բոլոր այս «ցուցադրական» իրադարձություններից հետո վերջին երկու խաղերը վերջապես խոշորացույցի նման ցույց տվեցին, թե ուր է հասել Հայաստանի հավաքականը:

Դեռ նախորդ տարի այս օրերին դավաճանության մասին հայտարարությունները, ֆուտբոլիստների պատասխան հայտարարությունը, հաջորդող հրաժեշտի կամ վտարման խոսքերը պարզ էին դարձրել, որ ազգային հավաքականում կոտրված հոգեբանական մթնոլորտ է: Կարծում եմ, հենց դա է պատճառը, որ Վարուժան Սուքիասյանը ջանք չէր խնայում ազգային թիմ ներգրավելու հնարավորինս շատ նոր դեմքերի, ովքեր կունենան ավելի շուտ երազանքներ ու ոգևորվածություն, քան հին հաշիվներ ու հավակնություններ: Սակայն, հարավամերիկյան հավաքի ընթացքում մրցակիցների սխալ ընտրությունը պատրանք ստեղծեց, թե դա կարող է շատ արագ աշխատել: Այդ պատրանքը հիմնականում ցրվեց Չեխիայի ու Դանիայի դեմ խաղերից հետո, ու վերջնականապես փշրվեց հոկտեմբերի 8-ին Երևանում:

7. Aras Ozbilis after Romania's goal - VivaroNews.am

Սուքիասյանը ճիշտ է ասում, վատ խաղեր ունենում են բոլոր թիմերը: Բայց խայտառակվել վիճակվում է ոչ բոլորին: Խայտառակվելը, հատկապես նման ոչ գիշատիչ մրցակցի դեմ մրցավեճում, նշանակում է, որ թիմում չկան հստակ ձևավորված արժեհամակարգ, բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովող հենասյուներ, չկան դրված որևէ սահմաններ, որոնցից անցնել չի կարելի ոչ մի դեպքում: Չկան այդ ամենը իրենց վրա վերցնող առաջատարները, չկա նաև համակարգված մոտեցում մարզչի կողմից: Կարծես այդ հարցերին ևս մինչ այդ պատասխանվել է «Տեսնենք, խաղից հետո պարզ կլինի» տարբերակով:

Այդ ամենը չկար կոլեկտիվում, բայց կար ֆուտբոլիստների մոտ անհատապես: Գուցե մեր այսօրվա թիմի տղաները Մխիթարյանի նման աստղեր չեն կամ Յուրայի նման մարտիկներ, բայց նրանց մոտ էլ կա արժանապատվություն ու պատասխանատվության մեծ զգացում: Հենց այդ ամենի պոռթկումն էլ տեսանք երեկ Վարշավայի Նարոդովի մարզադաշտում: Գերնվիրում, գերջանքեր, պայքար պատվի համար, այլ ոչ թե 3 միավորի կամ Աշխարհի առաջնության ուղեգրի: Ու այդ պայքարը յուրաքանչյուրի մեջ էր անհատապես, այլ ոչ թե թիմի մեջ` որպես կոլեկտիվ:

Առանձին թեմա է Վարուժան Սուքիասյանը: Գուցե մեր թիմի տղաներից շատերն արժանի էին ավելի լավ մարզիչ ունենալու, բայց հայկական ֆուտբոլը, հաստատ, այս պահին ավելի լավ հավաքականի մարզչի արժանի չէր: Խորտակվող նավում նրան վստահել են ղեկը ու փախչել մի կողմ, նա կամա թե ակամա ողողվում է ալիքների ներքո, ամեն կերպ ջանում է լուծումներ գտնել, իրավիճակի բարդությունը նրանց հասցնում է մինչև աբսուրդային լուծումներ, ինչպես ասենք առանց հարձակվող հայտացուցակն է կամ երեկվա 5-5-0-ն, բայց նա իր բերանով հնչած այդ տղամարդկության կրողն է, ուրեմն կանգնելու է մինչև վերջ: Բայց նա չգիտի, կամ ամեն կերպ իր մեջ մերժում է այն միտքը, որ նավն անկախ իրենից խորտակման է գնում: Ամեն դեպքում, երեկվա խաղից ինձ համար պարզ էր, որ եթե նա նույնիսկ թքած ունի իմ` լրագրողիս հարցերի վրա, ապա գոնե հավաքականի համար որ մտահոգ է:

varujan sukiasyan - andonian

Հենց Լեհաստանի խաղի վրա էլ անհրաժեշտ է ժամանակավորապես ֆիքսել «Հայկական ֆուտբոլ» կոչվող ֆիլմի կադրը և ընդունել այն որպես իրավիճակի այժմյան պատկեր: Ուրեմն, ինչ ունենք այս պահին.

  • Հավաքականի թարմացված կազմ նոր դեմքերով, ովքեր ունեն պատրաստակամություն ու ցանկություն ամեն կերպ իրենց ներդրումն ունենալու ազգային թիմի հաջողությունների գործում:
  • Հին կազմի մի քանի կայացած ֆուտբոլիստներ, ովքեր սովորույթի ուժով մնացել են հավաքականում, բայց լավ են հասկանում, որ այս պայմաններում բացի արժանապատվությունից այլ բանի համար պայքարելն իրատեսական չէ:
  • Ճգնաժամային իրավիճակում ձախողումներն իր վրա վերցնելու պատրաստակամությամբ լի մարզիչ:
  • Առանց որևէ հեռանկարի ու հստակ նպատակի գործող ազգային հավաքական, որը թմբիրի մեջ է և այդպես էլ մնալու է մինչև որևէ լուրջ բան չփոխվի:
  • Հավերժ սպասող, բայց անհամբեր երկրպագուների բանակ, որը շփոթված է իր ակնկալիքների ու իրականության հորձանուտում:
  • Հայկական ֆուտբոլի խորը ճգնաժամ, որն իրականում կապված է ոչ միայն ղեկավարման թերությունների, այլև երկրում ստեղծված իրավիճակի հետ:

Այսպիսով, երեկվա խաղը, թեև որոշների մոտ արթնացրեց լավ հիշողություններ, բայց ընդամենը պոռթկում էր, որը չի ենթադրում ոչ մի շարունակություն: Կարելի է տարին մեկ անգամ պայքարել սեփական պատվի համար ու առիթից օգտվելով բոլորին իրենց տեղը դնել: Մեր հավաքականը շատ հաճախ է նման ապտակներ հասցրել մրցակիցներին, ու միշտ` այն ժամանակ, երբ երկրպագուները սկսել են կասկածի տակ դնել ֆուտբոլիստների ինքնասիրությունը: Բայց սա սերիալ չէ, այլ սպորտ, իսկ սպորտում հաջողությունը ստեղծվում է հաղթանակի, այլ ոչ թե փրկության ձգտումով:

Երեկվա խաղը միայն հերթական ապացույցն էր այն բանի, որ ֆուտբոլիստներն ու մարզիչը անմիջական մեղավորները չեն այն վիճակի, որ առկա է հայկական ֆուտբոլում: Օղակը սեղմվեց, մեղավորների շրջանակը կրկին ֆիքսվեց մի տեղում: Նոյեմբերին դեռ մեկ խաղ կա, ու դրանում պարտությունն արդեն գրեթե կնշանակի ԱԱ-2018-ի եզրափակիչ դուրս գալու նույնիսկ մաթեմատիկական հնարավորության կորուստ: Գուցե այդ ժամանակ, վերջապես, հայկական ֆուտբոլում սկսվեն լուրջ փոփոխություններ:

Կարեն Ռաֆայելյան


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»