Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սերգեյ Մովսիսյանը մոտեցավ առաջատարների խմբին

Մոսկվայում ընթացող շախմատի «Աէրոֆլոտի» մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Սերգեյ Մովսիսյանը, ով նախորդ տուրում մրցաշարում առաջին պարտությունն էր կրել, հաղթեց սերբ Ալեքսանդր Ինջիչին և վաստակած 3 միավորով մոտեցավ առաջատարների խմբին:

Իսկ ահա նախորդ տուրում անդրանիկ հաղթանակը տոնած Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ զարգացնել հաջողությունը՝  պարտվելով իսրայելցի գրոսմայստեր Ալեքսանդր Հուզմանին: Դա պատանի շախմատիստի 3–րդ պարտությունն էր: Հայկը վաստակել է 1,5 միավոր:

Մանուել Պետրոսյանը հաշտություն կնքեց ուզբեկ ՖԻԴԵ-ի վարպետ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ ու վաստակեց 2 միավոր: Տիգրան Հարությունյանը ևս ոչ-ոքի խաղաց  չինացի Քսյու Յիի հետ: Տիգրանն ունի մեկ միավոր:

4,5 միավորով աղյուսակը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Եվգենի Նայերը: Նրանից կեսական միավորով հետ են մնում ռուսաստանցիներ Վլադիմիր Ֆեդոսեևն ու Էռնեստո Ինարկիևը: