Լրացուցիչ

Ընտրել լեզուն

#Save_PSG. Ինչո՞ւ է «Բավարիայից» կրած պարտությունը ՊՍԺ-ի նոր աղետի սկիզբը

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի նախորդ տարվա խաղարկությունում երկրպագուներին նվիրեց մի անգամից 2 ֆանտաստիկ հանդիպում: Նախ սեփական հարկի տակ թիմը ոչնչացրեց «Բարսելոնային», ինչպես ոչ ոք երբևէ, սակայն մի շաբաթ անց կործանվեց Տիտանիկի պես: Ավելի քան կես տարի անց, պատմությունը գրեթե կրկնվեց: «Բավարիային» առաջին խաղում հողին հավասարեցնելով, Ունայ Էմերիի թիմը պատասխան խաղում դաշտ էր դուրս եկել մի տեսակ ծանր կիսավարտիքներով: Լավատեսների կարծիքով դրանց մեջ քարեր էին, վատատեսներն էլ… լրիվ այլ բան են մտածում: Բայց մի բան է պարզ՝ նման հոգեբանությամբ ու նման ֆուտբոլով ՊՍԺ-ն անելիք չունի Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

1. Քանի դեռ թիմի մարզիչը Ունայ Էմերին է, ՊՍԺ-ն ոչնչի չի հասնի

Այն, ինչ տեղի ունեցավ մրցաշրջանի սկզբում, երբ կոնֆլիկտի մեջ մտան Կավանին ու Նեյմարը, մեղավորը միայն ու միայն գլխավոր մարզիչն է: Թիմի ներսում ամեն ինչ պիտի կարգավորեր ավագը, սակայն բրազիլացի Տիագու Սիլվան հասկանալի պատճառով անցել էլ Նեյմարի ճամբար: Նման պայմաններում թիմին բալանսի բերելու համար իրավիճակը պիտի շտկեր Էմերին: Սակայն հայրենիքում տաքարյուն իսպանացին նման էր մեծահասակների վեճի ժամանակ ոտքի տակ ընկնող մանկան, ում ոչ ոք «շան տեղ չէր դնում»:

Կոնֆլիկտի փուչիկ 222 մլն եվրո արժեքով. Ո՞վ է մեղավոր Նեյմարի ու Կավանիի վեճի համար

Ամեն ինչ իհարկե, հանդարտվեց, Նեյմարն ու Կավանին կարողացան կիսել չկիսվող գնդակն ու սկսեցին խաղալ հանուն միևնույն թիմի: Իսկ գլխավոր տուժածը մնաց Էմերին, ով ընկալվեց արդեն որպես ֆուտբոլիստներից ավելի ցածր մարզիչ: Այո, թիմը մրցաշրջանի սկզբում ավլում-թափում էր բոլորին փոշու պես, այդ թվում «Բավարիային», սակայն դա բացառապես ֆուտբոլիստների շնորհքն ու տաղանդն էր: Էմերին դրանում բացարձակ դերակատարություն չունի: Իսկ Չեմպիոնների լիգա հաղթելու ամբիցիաներ ունեցող թիմի մարզիչը չպիտի լինի նման կարգի թույլ:

2. Հաշվի վրա խաղալն ամեն թիմի խելքի բանը չի

Առաջին խաղից հետո ունենալ 4 գնդակի առավելություն ու խաղալ հաշվի վրա, համաձայնեք՝ արդեն երկյուղածության գագաթնակետն է: Անկախ նրանից, թե մրցակիցդ «Բարսելոնան» է, թե «Տրուան»: «Բավարիայի» հետ խաղի մեկնարկից առաջ ամեն ինչ պարզ էր. ՊՍԺ-ն պիտի գոնե չպարտվեր 4 ավելի գնդակի տարբերությամբ: Բացի դրանից, նախ պետք է հաշվի վրա խաղալ իմանալ: Փարիզյան գրանդը դա անել բացարձակ չգիտի: Խմբային փուլում նման խաղ ցուցադրելն ուղղակի ամոթ է: Կազմը նույնն է, մրցակիցը ևս (թեպետ մարզիչը փոխվել է): Մնում էր խաղալ միայն սեփական հաճույքի ու երկրպագուների համար, իսկ ՊՍԺ-ն խաղաց հաշվի համար: Անկասկած, եթե խաղն ընթանար ազատ պայքարում, որ ֆուտբոլիստների վրա չլիներ մարզչական ճնշում, գուցե և «Բավարիան» չհաղթեր: Բայց նման խաղաոճը գալիս է մարզչից: Վատագույն դեպքում նախորդ, անհաջող փորձի վախից:

3. Պետք են նոր փորձարկումներ կազմի հետ

Ունայ Էմերին գրեթե միշտ չի փոխում իր հարձակվողական եռյակը: Սակայն վերջին շրջանում այն աշխատում է խափանումներով: Անգամ ամենագոլահար Էդինսոն Կավանիի նշանն է կորել: Նեյմարը դեռևս չի կողմնորոշվել՝ իրեն դուր է գալիս Փարիզը, թե ոչ, իսկ Մբապեն, չնայած նախանձելի տաղանդին, առայժմ իր հնարավորությունների կեսն էլ չի ցուցադրում խաղադաշտում: Իհարկե, եթե Նեյմարն ու Մբապեն վերջապես ցուցադրեն իրենց խաղը, ՊՍԺ-ին արդեն հիմա կարելի է շնորհավորել թրեբլի կապակցությամբ: Բայց մինչև այդ հարկավոր է գործում փորձել մյուսներին:

Յուլիան Դրաքսլերին Էմերին համառորեն օգտագործում է միջին գծում, թեպետ գերմանացի տաղանդը փայլուն է գործում հարձակվողների կողքին: Գերադասել 222 միլիոն եվրոյանոց «սիմուլյատորին» անխոս տաղանդավոր Անխել Դի Մարիայից ևս Էմերիի գլխավոր սխալներից է: Շատ դեպքերում արգենտինացին թիմին ավելի մեծ օգուտ է բերում, քան Նեյմարը: Կարծես թիմն արդեն հույս չի կապում անչափ տաղանդավոր, բայց ալարկոտ ու արդեն ժանգոտելուն մոտ գտնվող Հատեմ Բեն Արֆայի ու Լուկաս Մոուրայի հետ: Այդ դեպքում առջևի գծում աղետալի վիճակ է: Բացի դրանից, իսպանացի մասնագետը համառորեն օգտագործում է Դանի Ալվեսին՝ պահեստայինների նստարանին թողնելով ավելի թարմ և ուժեղ Թոմա Մենյեին: Սա ևս խոսում է մարզչի թուլության ու կամազրկության մասին, որ նա չի կարողանում սուպերսթարին նստեցնել պահեստայինների նստարանին ու վստահել ավելի լավ մարզավիճակում գտնվողին:

Նման իրավիճակում հարկավոր է կայացնել մեկ հստակ ու միանգամայն արդարացված որոշում՝ ազատել Էմերիին փարիզյան գերությունից և ՊՍԺ-ի պես ամբիցիոզ թիմի ղեկին նշանակել իսկապես մեկին, ով չի վախենա Նեյմարին կամ Կավանիին ուղարկել 2-րդ թիմ երիտասարդների հետ մարզվելու, ով անկախ հաշվից, իր թիմին կհորդորի գրոհել: Նույն «Բավարիան» համարձակվեց հեռացնել լճացման փուլում գտնվող Անչելոտիին, որից բոլորը բողոքում էին: Թիմ հրավիրվեց Յուպ Հայնկեսը: Գերմանացի ծերուկի օորոք «Բավարիան» նորից վերածվեց գրանդի, որից բոլորը վախենում են:

ՊՍԺ-ն, ունենալով 8 անգամ ավելի ուժեղ կազմ, ընկալվում է որպես թիմ, որին կարելի է հաղթել անգամ 0-4 հաշվով պարտվելուց հետո: Էմերին դեռ «Բարսելոնայի» հետ խաղից հետո պետք է ճամպրուկները հավաքեր, հենց Կամպ Նոու ստադիոնից հրաժարական տար ու նստեր առաջին իսկ ինքնաթիռը, որը կտաներ հարազատ Սևիլյա: Նրան վստահեցին, չգիտես ինչու: Պատմությունը կրկնվեց երեկ: Վստահ եմ, որ հնարավորության դեպքում այն էլի կկրկնվի:

Ռոբերտ Գասպարյան


Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Չեմպիոնները. 9 ակումբներ, որոնք արդեն լավագույնն են ճանաչվել իրենց երկրներում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ի՞նչ պետք է անի ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոնությունը պահպանելու համար

Դուգլաս Կոստան հեռանում է Մյունխենի «Բավարիայից»

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

«Ռեալն» արդյունավետության պատմական ռեկորդ է գրանցել՝ շրջանցելով «Բավարիայի» ցուցանիշը

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

Լորան Բլանը մերժել է իսպանական 3 ակումբի առաջարկ և սպասում է «Բարսելոնային»

12 ակումբներ արդեն ապահովել են տեղը Չեմպիոնների լիգա-2017/18-ի խմբային փուլում

9 գոլ, կամային հաղթանակ ավելացված ժամանակում և Լևանդովսկու նոր ռեկորդը (տեսանյութ)