Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոբերտ Արզումանյանի 5 խաղերը ՀՀ ազգային հավաքականում

Ինչպես հայտնի է, մարտի սկզբին Ռոբերտ Արզումանյանը հաշվի առնելով իր և խաղընկերների հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում և Ֆրանսիայի արտագնա խաղից իբր թե հրաժարվելը, հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու որոշման մասին:

ՀՀ հավաքականի կենտրոնական պաշտպանը բավական երիտասարդ տարիքում՝ 20 տարեկանում է նշել նորամուտը մեր ընտրանիում՝  մասնակցելով 2005թ. մարտի 18-ին Քուվեյթի հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպմանը: 8 օր անց Ռոբերտ Արզումանյանը հավաքականում իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց՝  մասնակցելով Անդորրայի ընտրանու հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին:

11 մրցաշրջան Ռոբերտ Արզումանյանը հավատարմորեն ծառայել է Հայաստանի ազգային հավաքականին՝  խաղային ունակությունները դրսևորելով մրցակիցների հետ պայքարում: Այդ ընթացքում նրան բախտ է վիճակվել 74 անգամ կրելու ազգային հավաքականի մարզաշապիկը: Ինչ խոսք, այդ թիվն ավելի պատկառելի կլիներ, եթե վնասվածքների պատճառով Արզումանյանը ստիպված չլիներ բաց թողնելու հավաքականի մի շարք հանդիպումներ:

Բացի իր հիմնական պարտականությունների կատարումից, Արզումանյանը բավական արդյունավետ է գործել հավաքականի գրոհներին միանալիս՝  5 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Այդ ցուցանիշով նա հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում է:

Հավաքականում Արզումանյանն ունեցել է ինչպես հաջողված, այնպես էլ անհաջող ելույթներ, սակայն իր ուժերի հնարավորությունների սահմանում մշտապես գործել է անմնացորդ նվիրումով՝  հանդիսանալով մեր ընտրանու առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Ուստի կրկնակի ցավալի է, որ Ռոբերտ Արզումանյանը դեռ իր վերջնական խոսքը չասած, ստեղծված իրավիճակում հարկադրված է դադարեցնել ելույթներն ազգային հավաքականում:

«Վիվառո Նյուզն» առանձնացրել է հավաքականում Ռոբերտ Արզումանյանի անցկացրած հանդիպումներից 5-ը:

Հաղթանակ, որ շրջադարձային եղավ

02.06.2007   Ղազախստան-Հայաստան՝  1:2 (0:2)
Ալմա Աթի, Կենտրոնական մարզադաշտ, 17100 հանդիսական:
Ռուսլան Բալթիև (88` 11մ) – Ռոբերտ Արզումանյան (31), Սարգիս Հովսեփյան (39` 11մ):

Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը շրջադարձային եղավ Հայաստանի հավաքականի համար Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում: Հայաստանի հավաքականը շոտլանդացի նորանշանակ գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ շատ անհաջող էր սկսել ընտրական մրցաշարը: Մեր ֆուտբոլիստները մեկնարկային խաղում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել էին բելգիացիներին, այնուհետև Երևանում գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել ֆինների հետ: Արտագնա հաջորդ երկու հանդիպումներում մեր ընտրանին միևնույն 0:1 հաշվով զիջել էր ֆիններին և լեհերին: 4 խաղից հետո ՀՀ հավաքականը վաստակած մեկ միավորով եզրափակում էր ընտրական A խմբի մրցաշարային աղյուսակը՝ չկարողանալով գրավել մրցակիցների դարպասները:

Բնական է, որ ղազախների հետ խաղում մեր ֆուտբոլիստները ձգտելու էին ամեն գնով հաջողության հասնել՝  հաղթանակով նշելու հավաքականի հոբելյանական՝  100-րդ հանդիպումը: Եվ դա նրանց հաջողվեց:

Հաղթանակում մեծ ներդրում ունեցավ նաև Ռոբերտ Արզումանյանը, ով բացի պաշտպանությունում հուսալի գործելուց, դարձավ Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում մեր հավաքականի խփած անդրանիկ գոլի հեղինակը՝  անկյունայինի խաղարկումից հետո բացելով հաշիվը: Մինչև ընդմիջման գնալը Սարգիս Հովսեփյանը կրկնապատկեց հաշիվը՝ անվրեպ իրացնելով Սամվել Մելքոնյանին վայր գցելու համար նշանակված 11 մ հարվածը:

Հարկ է նշել, որ Ղազախստանի հավաքականի խաղը բնավ էլ տպավորություն չթողեց: Դաշտի տերերի գրոհները միօրինակ էին և լուրջ վտանգ չէին ներկայացնում: Նրանք հիմնականում գնդակը բարձրից ուղարկում էին տուգանային հրապարակ, որտեղ հստակ էին գործում մեր պաշտպաններն ու դարպասապահը: Միայն խաղավերջում ղազախներին հաջողվեց հաշիվը կրճատել 11 մ հարվածի շնորհիվ, որն իրացրեց Բալթիևը:

Այս հաղթանակի շնորհիվ ՀՀ հավաքականը մրցաշարային աղյուսակում վերջապես հեռացավ վերջին հորիզոնականից ու շրջանցեց ադրբեջանցիներին:

1 2 3 4 5

«Ամկարը» խզել է պայմանագիրը Ռոբերտ Արզումանյանի հետ

Որտե՞ղ է Ռոբերտ Արզումանյանը

Ռոբերտ Արզումանյանը կմեկնի Թուրքիա, որտեղ կմիանա Տուլայի «Արսենալին»

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Ռոբերտ Արզումանյան vs Հարություն Վարդանյան

Արթուր Պետրոսյան. «Մովսիսյանի հարցով վերջնական որոշում ենք կայացրել ՀՖՖ նախագահի հետ»

Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանն անգամ չի ուզում լսել հավաքականի անունը»

Ռուբեն Հայրապետյան. «Ես թույլ չեմ տա հավաքական հրավիրել Մովսիսյանին և Արզումանյանին, որքան էլ մարզիչը ցանկանա»

Մերոնք դրսում. Ինչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին

Հայ ֆուտբոլիստները շնորհավորել են Արթուր Ալեքսանյանին

«Շախտյոր» 0-2 «Իրտիշ». Ռոբերտ Արզումանյանը չի փրկել թիմին պարտությունից

Արթուր Սարկիսով. «Բերեզովսկին նախ հիանալի մարդ է, հետո՝ բարձրակարգ ֆուտբոլիստ»

Մերոնք դրսում. Ի՞նչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին այսօր

«Աստանա»-«Շախտյոր». Արզումանյանը նշեց նորամուտը