Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոսկվայի «Արարատի» առաջին հաղթանակը և Դավիթ Մանոյանի վերադարձը խաղադաշտ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 12-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում կայացալ է երկրորդ զույգի առաջին հանդիպումը: «Գանձասար-Կապանը» «Հանրապետական» մարզադաշտում մրցել է «Շիրակի» հետ: 44-րդ րոպեին գյումրեցիներին հաղթանակ է պարգևել «Արարատի» նախկին կիսապաշտպան Ումարու Կաինան:

  • Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Հայաստանում է եղել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Նա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ուղևորվել է Վաղարշապատ, որտեղ իրականացրել են Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը: Նրանք նաև շրջայց են կատարել Երևանի ֆուտբոլի ակադեմիայում:
  • Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պատվիրակության կազմում մեկնել է Բելգիա, որտեղ Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Ժոզե Մոուրինյոյի թիմն ապրիլի 13-ին հյուրընկալվելու է «Անդերլեխտին»:
  • Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի մրցաշարի 1-ին տուրում «Արարատը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Զելենոգրադին»: Միակ գնդակը հեղինակել է Աբդուլին Սուլեյմանը:
  • Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրում «Կարմիոտիսան» հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտություն է կրել «Արիսից»: Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ խաղին և ստացել դեղին քարտ, իսկ Դավիթ Մանոյանը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ՝ փոխարինման մտնելով 72-րդ րոպեին:
  • Էդգար Մանուչարյան. «Գիտեի, որ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը վստահում է ինձ: Մինչ վերջին խաղը չէի հրավիրվում, որովհետև խաղային պրակտիկա չունեի: Դուրս գալ «Մունդիալի» եզրափակիչ փո՞ւլ. ամեն բան մեզնից է կախված: Մենք սեփական հարկի տակ կարող ենք հաղթել բոլորին»:
  • Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի 31-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել «Բալթիկայի» հետ հանդիպումը: Ռուսլան Կորյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին՝ ստանալով դեղին քարտ: «ԲՄԱ-Խաբարովսկը» եզրափակում է լավագույն եռյակը:
  • Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» ավտոբուսի շրջակայքում տեղի ունեցած պայթյունի մասին. «Ցնցված եմ տեղի ունեցած միջադեպից: Աջակցում եմ նախկին ակումբիս, երկրպագուներին, իսկ Մարկ Բարտրային մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
  • Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի 31-րդ տուրում «Ենիսեյը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության է մատնել «Սիբիրին»: Արթուր Մալոյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Արթուր Սարկիսովը խաղ է բաց թողել մրսածության պատճառով: «Ենիսեյը» 6-րդ տեղում է:
  • Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի 31-րդ տուրում «Ֆակելը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտություն է կրել «Սոկոլից»: Արթուր Առուստամյանը խաղադաշտ է մտել 69-րդ րոպեին: «Ֆակելը» եզրափակում է լավագույն հնգյակը: