Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Միջազգային վարպետները գերազանցեցին գրոսմայստերներին

Հայաստանի շախմատի ակադեմիայում վերջնագիծը հատեց «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2017» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլը:

Մրցաշարի 100 մասնակիցների թվում էին նաև երկու հայ շախմատիստներ Վրաստանից և մեկը՝ Բելառուսից:

Մասնակիցների թվում էին 5 գրոսմայստերներ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Վահե Բաղդասարյանը, Արթուր Չիբուխչյանն  ու Լևոն Բաբուջյանը: Սակայն նրանցից և ոչ մեկին չհաջողվեց դառնալ մրցաշարի հաղթող:

Առավել հաջող հանդես եկան միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը, ինչպես նաև Արտավազդ Հայրապետյանը, որոնք 7 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր: Գրոսմայստերներից Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և Վահե Բաղդասարյանն առաջատարներից հետ մնացին կեսական միավորով:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2017» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլի հաղթող դարձավ Տիգրան Հարությունյանը, ով արժանացավ 40 հազար դրամ պարգևի: 2-րդ տեղը զբաղեցրած Մանուել Պետրոսյանին հանձնվեց 25 հազար դրամ, իսկ լավագույն եռյակը եզրափակած Դավիթ Շահինյանը պարգևատրվեց 20 հազար դրամով:

Մրցաշարում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ, որոնց արժանացան Սիրանուշ Ղուկասյանը (լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի),

Վաչե Եգանյանը (լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից) և Ռոբերտ Փիլիպոսյանը (լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից):