Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Միակ պարտությունը Հրայր Սիմոնյանին զրկեց գլխավոր մրցանակից

Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանն Իրանում անցկացված շախմատի Ֆիրդուսիի գավաթի 7-րդ խաղարկությունում բավական հաջող ելույթներ ունեցավ՝ ընդամենը կես միավորով հետ մնալով մրցաշարի հաղթող, իրանցի Պույա Իդանիից: Հրայրը 11 հնարավորից վաստակած 8,5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը:

Հայ շախմատիստը շատ հաջող սկսեց մրցաշարը: Առաջին 5 տուրերից հետո նա 4,5 միավորով առաջատարների խմբում էր: 6-րդ տուրում Սիմոնյանը պարտվեց վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն: Այդ պարտությունը Հրայրի համար միակն էր մրցաշարում, որն ինչպես պարզվեց հետագայում, ճակատագրական եղավ՝ զրկելով նրան գլխավոր մրցանակը նվաճելու հնարավորությունից: Վերջին 5 տուրերում Սիմոնյանը կրկին հաջող խաղաց՝ վաստակելով 4 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ երկրի այս տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը 7,5 միավորով գրավեց 21-րդ տեղը: Գաբուզյանը գերազանց էր մեկնարկել՝ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ, սակայն հետագայում նա երկու պարտություն կրեց ու զիջեց առաջատարի իր դիրքերը: