Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարկոս Պիզելի. «Մխիթարյանը «Փյունիկում» շատ չէր առանձնանում մյուսների կողքին, բայց այնուհետև հասավ մեծ առաջընթացի»

Մարկոս Պիզելի - Լեհաստան 2-1 Հայաստան

Հունական «Քսանտիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Матч ТВ»-ին, որից որոշ հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

21 տարեկանում «Սան-Կառլուշից» «Արարատ» տեղափոխվելու մասին

«Դա հնարավոր դարձավ Արկադի Անդրեասյանի շնորհիվ, ով եկել էր Բրազիլիա: Նա այնտեղ փնտրում էր տաղանդավոր ֆուտբոլիստների, իսկ իմ թիմը չեմպիոն էր դարձել, ուստի Անդրեասյանը լսել էր մեր մասին և եկել դիտելու ընկերական հանդիպում: Այդ ժամանակ նրան դուր եկավ իմ խաղաոճը:

Գործակալս ինձ DVD սկավառակներ տրամադրեց, որտեղ Հայաստանի նախորդ առաջնության երեք հանդիպումների տեսագրություն կար: Անդրեասյանը խնդրեց ինձ անձամբ գնահատել Հայաստանի առաջնության մակարդակը: Այդուհանդերձ, որոշում կայացնելու համար մոտ մեկ ամիս պահանջվեց. քննարկեցի ընտանիքիս, ակումբի հետ, հաշվի առա բոլոր գործոնները»:

Երեք գործոններ, որոնց հարմարվելն ամենադժվարն էր Հայաստանում

«Եղանակը: Ռուսաստանում ես իմացա, թե որն է իսկական ցուրտը, սակայն Սան-Կառլուշի ֆոնին Երևանը նույնպես տարբերվում էր: Հիշում եմ՝ երբ առաջին անգամ եկա Հայաստան՝ ձմեռ, ցուրտ…

Երկրորդը շփումն էր. «Արարատում» շատ քչերն էին անգլերենին տիրապետում, իսկ ես այն ժամանակ խոսում էի միայն պորտուգալերեն: Գնում էի սուպերմարկետ և չէի կարողանում բացատրել, թե ինչ եմ ցանկանում գնել:

Եվ երրորդ գործոնը սնունդն էր: Հայրենիքում ես համտեսում էի միայն մայրիկիս պատրաստած սնունդը: Սև լոբի պատրաստում են նաև Բրազիլիայից դուրս, բայց ոչ այնպես համեղ, ինչպես իմ հայրենիքում: Իսկ Հայաստանում ես սկզբնական շրջանում ոչ մի տեղ չէի կարողանում գնալ ճաշելու: Ֆուտբոլիստների համար դա առանձնահատուկ դժվար է: Ես քրտնաջան մարզվում էի և պետք է հետևեի սննդակարգիս»:

Հայկական անձնագիր ստանալու մասին

«2,5 տարի հետո հայկական անձնագիր ստացա: Միայն դրանից հետո ՖԻՖԱ-ն օրենք սահմանեց, որ ֆուտբոլիստն այլ երկրի քաղաքացիություն կարող է ստանալ այդտեղ առնվազն 5 տարի հանդես գալուց հետո: Ուստի, իմ բախտը բերեց: Հայաստանում առաջին մրցաշրջանս անհաջող ստացվեց, իսկ երկրորդում դարձա առաջնության լավագույն ռմբարկուն, և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ինձ առաջարկեց ստանալ ՀՀ քաղաքացիություն: Ես միանգամից «այո» պատասխանեցի: Հայաստանի հավաքականն այն ժամանակ խնդիրներ ուներ, բայց մրցում էր եվրոպական ուժեղագույն ընտրանիների դեմ:

Բոլորը երջանիկ էին իմ որոշման կապակցությամբ, հատկապես՝ ընտանիքս: Երբ հեռանում ես Բրազիլիայից և հաջողության հասնում, ապա քեզնով հպարտանում են: Եվ երբ քեզ հնարավորություն է ընձեռնվում խաղալու այլ երկրի դրոշի ներքո՝ նույնպես: Հայերի արձագանքը նույնպես ինձ դուր եկավ»:

Հայերեն լեզուն սովորելու մասին

«Երբ նոր լեզու ես սովորում, փորձում ես շատ խոսել, առանց հասկանալու՝ ինչի մասին: Խաղընկերներս կատակում էին ինձ հետ. «Մարկո՛ս, սա տո՛ւր մարզչին»: Ես փոխանցում էի, իսկ նրանք բոլորը ծիծաղում էին, և ես՝ նրանց հետ միասին: Վերջիվերջո, ես սովորեցի բոլոր բառերը:

Արաս Օզբիլիսի խոսքերը հայերեն թարգմանում եմ Հայաստանի հավաքականո՞ւմ. այդ թվում՝ նաև ես: Մենք մոտ ընկերներ ենք: Արասի հետ միասին խաղացել ենք «Կուբանում», հավաքականի հավաքներին բնակվում ենք մեկ սենյակում, հաճախ եմ հյուրընկալվում նրա ընտանիքին: Երբ Օզբիլիսը դեռ նոր էր տեղափոխվել «Կուբան», նա դեռ ընկերուհի չուներ և նրա համար բավական դժվար էր մենակությունը: Ուստի ես ամեն օր զանգահարում էի Արասին, հրավիրում իմ տուն, իսկ կինս մեզ համար սեղան էր պատրաստում»:

Հենրիխ Մխիթարյանի մասին

«Դեռ «Փյունիկում» հանդես գալու ժամանակ էի հասկացել՝ որքան տաղանդավոր են նա և Գևորգ Ղազարյանը: Հենրիխը լավ ֆուտբոլիստ էր, բայց ես նրան չէի տեսնում «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա շատ չէր առանձնանում մյուս ֆուտբոլիստների կողքին: Այդուհանդերձ, երբ տեղափոխվեց «Մետալուրգ», հասավ մեծ առաջընթացի: Նա շատ աշխատեց ինքնակատարելագործման վրա և բոլորին ապացուցեց, որ արժանի է խաղալու «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հենրիխն ապրում է միայն ֆուտբոլով, ամեն օր քրտնաջան աշխատում է, լրջորեն է մոտենում իր աշխատանքին: Նա միշտ առողջ սնունդ է ընդունում, քնում վաղ, ալկոհոլ չի օգտագործում, չի անում ինչ-որ բան, որ կարող է խաթարել օրգանիզմի բնականոն աշխատանքը: Ոչ բոլորն ունեն այնպիսի պրոֆեսիոնալիզմ, ինչպիսին Մխիթարյանը: Նա ուժեղ բնավորություն ունի: Երբ խաղում էի «Կուբանում», «Անժին» ֆինանսական չափազանց լուրջ առաջարկ էր արել Մխիթարյանին, բայց նա ինձ գրեց. «Ո՛չ, Մարկո՛ս: Բանը միայն գումարի մեջ չէ: Ես ունեմ երազանք՝ խաղալ թոփ-ակումբում, Եվրոպայում»: Այս մրցաշրջանի սկզբում, երբ Մոուրինյոն նրան չէր վստահում, նա ինձ գրեց. «Այստեղ չեմ եկել նրա համար, որպեսզի խոսեմ. լա՛վ, կնստեմ պահեստայինների նստարանին: Ո՛չ, ես պետք է ներդնեմ ամբողջ ուժերս և պատմություն կերտեմ: Ես պետք է խաղամ»:

Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում տուգանայինից խփած գոլի մասին

«Ինձ միշտ ասում են. «Քո գոլն արթնացրեց Ռոնալդուին»: Այո, նա այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Մենք այդ օրը խաղում էինք նոր գլխավոր մարզչի՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Հենց նա էլ ինձ թույլ տվեց հեռու տարածությունից հարվածել: Մենք իրար լավ ենք ճանաչում. միասին խաղացել ենք «Փյունիկում»: Նա ինձ ասում էր. «Դու բավականաչափ զորեղ ես, որպեսզի այդտեղից հարվածես»: Երբեք չէի փորձել տուգանայինից հարվածել նման հեռու տարածությունից, բայց Հովսեփյանն ասաց. «Փորձի՛ր»:

Մենք բացեցինք հաշիվը, բայց վերջնական արդյունքում պարտվեցինք: Իսկ Ռոնալդուն… Նա նախ խփում է հեռու տարածությունից, ապա՝ արագության հաշվին, իսկ հետո՝ 11-մետրանոցից… Այդ ժամանակ հասկանում ես՝ նա արժանի է համարվելու լավագույնն աշխարհում»:

Նոր ակումբի՝ «Քսանտիի» մասին

«Ամեն ինչից գոհ եմ այստեղ: Այստեղ է խաղում Ջորջե Լազիչը, ում հետ միասին հանդես ենք եկել Դոնեցկի «Մետալուրգում», ուստի կա մեկը, ում հետ կարող եմ օգտագործել ռուսերենը:

Հունաստանում վաղուց էին հետաքրքրված իմ ծառայություններով, բայց երկիրը ճգնաժամի մեջ էր, իսկ արաբական երկրներում այդ խնդիրը չկար: Բայց այժմ ամեն ինչ լավ է, և «Քսանտին» պայքարում է Եվրոպայի լիգայում հայտնվելու համար: Ինձ համար սա մարտահրավեր է. ցանկանում եմ ապացուցել բոլորին, որ դեռ կարող եմ խաղալ ամենաբարձր մակարդակում և օգնել թիմիս գրանցելու պատմական մուտք դեպի եվրոգավաթների խաղարկություն»:

 

 


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը