Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարեն Դոխոյան. «Մեծ հարգանքով եմ վերաբերվում ղազախներին, բայց Հայաստանի հավաքականը կհաղթի 1-0 հաշվով»

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը ղազախական Sport.kz կայքին տված հարցազրույցում խոսել է «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի՝ Հայաստան – Ղազախստան առաջիկա հանդիպումից իր սպասելիքների մասին:

-Շատ դժվարին հանդիպում է սպասվում, քանի որ երկու թիմերն էլ խաղալու են հաղթանակի համար: Այս պահին ֆավորիտը Հայաստանի հավաքականն է, քանի որ խաղալու է տանը և վերջին հաղթանակից հետո հոգեբանական առավելություն ունի:

Ձեր կարծիքով՝ սա սկզբունքայի՞ն դիմակայություն է:

-Այո, իհարկե: Հաղթանակի դեպքում երկու կողմերն էլ հնարավորություն կունենան պայքարելու աշխարհի առաջնության ուղեգրի համար:

Դուք Հայաստանի հավաքականում հանդես գալու ահռելի փորձ ունեք: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի հավաքականում այս պահին ընդգրկվա՞ծ են հայ ուժեղագույն ֆուտբոլիստները:

-Կարծում եմ՝ գլխավոր մարզիչը ճիշտ ընտրություն է կատարել և հրավիրել բոլոր ուժեղագույններին:

Դուք մասնակցել եք 2007 թվականին կայացած «Եվրո-2008»-ի ընտրական փուլի խաղին, երբ Ղազախստանի հավաքականը Երևանում հաղթանակ տոնեց 1-0 հաշվով: Ի՞նչն էր պարտության պատճառը: 

-Լավ եմ հիշում այդ հանդիպումը: Մենք լավ էինք հանդես գալիս, ունեինք խաղային առավելություն, բազմաթիվ գոլային պահեր, բայց չօգտագործեցինք դրանք, և ֆուտբոլային Աստվածը պատժեց մեզ. չես խփում դու, խփում են քեզ… գոլ ընդունեցինք խաղավերջում:

Ղազախստանի հավաքականն ունա՞կ է այժմ էլ հաղթանակ տոնելու Հայաստանում: 

-Մեծ հարգանքով եմ վերաբերվում Ղազախստանի հավաքականին, բայց կարծում եմ, որ հաղթելու է Հայաստանի ընտրանին: Սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:

Դուք հիանալի եք ճանաչում ղազախների գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկին Սամարայի «Կռիլյա Սովետում» աշխատելու տարիներից: Ի՞նչ կարծիքի եք նրա մասին որպես մարզչի և անձնավորության: 

-Նախևառաջ, կցանկանայի շնորհավորել նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այո, Բորոդյուկի հետ միասին մենք խաղացել ենք «Կռիլյա Սովետովում»: Իմ բախտը բերել է, որ նրա կողքին եմ խաղացել, քանի որ դա մեծ փորձ էր՝ և՛ մարզական, և՛ մարդկային տեսանկյունից: Ես չեմ առնչվել նրա հետ որպես մարզչի, բայց կարող եմ ասել, որ նա լավ գիտի ֆուտբոլիստների հոգեբանությունը, գիտե, ինչ են ցանկանում խաղացողները, և կարող է հավաքականը համախմբել մեկ նպատակի շուրջ:

Բորոդյուկի համար Հայաստանի հավաքականի հետ խաղը դեբյուտային է լինելու նոր պաշտոնում: Դա առավելությո՞ւն, թե՞ թերություն է Ղազախստանի հավաքականի համար: 

-Կարծում եմ՝ դա առավելություն է: Նա հավաքականների հետ աշխատելու փորձ ունի, և, ամենակարևորը, դրանք նոր էմոցիաներ են: Այդ դրական էմոցիաները նա կարող է փոխանցել ֆուտբոլիստներին:

Կարիերան ավարտելուց հետո աշխատել եք ՀՖՖ-ում: Այժմ ինչո՞վ եք զբաղված: 

-Այս պահին աշխատում եմ ֆուտբոլային գործակալությունում՝ որպես մարզական տնօրեն:

Աշխատանքի բերումով առնչվո՞ւմ եք ղազախական ֆուտբոլի հետ:

-Այո, իհարկե: Ձմռանը նույնիսկ պահ կար, երբ մեր հաճախորդներից մեկը մոտ էր ղազախական ակումբներից մեկի հետ պայմանագիր կնքելուն:

Ձեր կանխատեսումը Հայաստան – Ղազախստան մրցավեճի վերաբերյալ: 

-1-0 հաշվով կհաղթի Հայաստանի հավաքականը: