Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարեն Բարսեղյան. «Սկզբում շատ վատ գործեցինք, ինչի համար էլ պատժվեցինք»

Karen Barseghyan, Armenian U21 team

Հայաստանի երիտասարդական հավաքականը 1-3 հաշվով պարտություն կրեց Դանիայի հասակակիցներից։ Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

— Ինչպե՞ս կգնահատեք թիմի խաղն ընդհանուր առմամբ, ինչպես նաև 10 բալանոց համակարգով խնդրում ենք գնահատել Դավիթ Արշակյանի գործողությունները։
— Թիմի խաղի մասին կասեմ այն, որ առաջին խաղակեսի առաջին հատվածը շատ վատ անցկացրինք ու չէինք կարողանում վերահսկել գնդակը։ Դրանից հետո փոքր ինչ հավասարեցրինք խաղը, կարողացանք գոլ խփել։ Ինչ վեբարեում է Դավիթ Արշակյանին, ապա բալային համակարգով չեմ կարող գնահատական տալ, բայց կասեմ, որ նա վատ չխաղաց, սակայն վստահ եմ, որ ապագայում ավելի լավ կդրսևորի իրեն։

— Թիմի պաշտպանական գործողությունների մասին ի՞նչ կասեք։ Թիմը խաղում էր երկրորդ համարով։ Արդյո՞ք կարողացաք չեզոքացնել մրցակցին։
— Եթե կարողանայինք չեզոքացնել, ապա երեք գոլ բաց չէինք թողնի։  Խաղավերջում ինձ համար լրիվ անհասկանալի գոլ բաց թողեցինք։ Գիտեի, որ խաղային պրակտիկայի պակասի պատճառով որոշ ֆուտբոլիստների մոտ խնդիրներ կարող են առաջանալ, ինչն էլ, ցավոք, եղավ։ Տղաների նվիրումից գոհ եմ, բայց փաստն այն է, որ պարտվեցինք շատ հզոր հավաքականի, որը մինչև այսօր գոլ անգամ բաց չէր թողել։

— Արդեն գործի մեջ տեսաք ֆուտբոլիստներին, պատկերացում կազմեցիք նրանց մասին։ Որո՞նք են լինելու Ձեր հետագա անելիքները։
— Պետք է աշխատենք պատանի ֆուտբոլիստներին թիմ ներգրավելու ուղղությամբ, որն էլ թույլ կտա նախապատրաստվել հաջորդ ընտրական փուլերին։

— Գոռ Աղբալյանն ու Հայկ Գալստյանը խաղաժամանակ չստացան։ Ի՞նչն էր պատճառը։
— Նրանք դեռ շատ երիտասարդ են, ու մեծ ռիսկի հետ էր կապված այսօր նրանց խաղադաշտ դուրս բերելը, քանի որ մրցակիցը շատ հզոր էր։ Նրանք դեռ իրենց հնարավորությունը կստանան։

— Աղվան Պապիկյանը հրավիրվել էր հավաքական, բայց չէր եկել վնասվածքի պատճառով, մինչդեռ երեկ նա իր թիմում խաղի է մասնակցել։
— Աղվանի հետ շատ եմ զրուցել, իսկ նրան հրավիրելուց հետո նա ինձ զանգեց ու ասաց, որ վնասվածք ունի ու չի կարող գալ։ Սակայն երեկ իմացա, որ 80 րոպե խաղացել է իր թիմում։ Հետևությունները թողնում եմ Ձեզ։

— Զգացվում էր, որ Գոռ Մալաքյանը խաղամակարդակով անհամեմատ գերազանցում էր թիմակիցներին, իսկ վերջիններս չէին հասցնում նրան օգնել խաղի կազմակերպման գործում։ Արդյո՞ք թիմակիցների խաղային պրակտիկայի պակասն էր խնդիրը, թե՞ խաղակցվածության խնդիր էր։
— Իհարկե, Գոռը գերազանցում է մյուսներին այսօրվա հավաքականում։ Միայն այն, թե ինչպիսի ծավալի աշխատանք կատարեց նա Բելառուսի հետ խաղում, ապացուցում է դա։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա չեմ կարծում, որ մարզավիճակի խնդիր կար։ Օրինակ Հակոբ Հակոբյանի խաղից դժգոհ չեմ, վատ խաղ չանցկացրեց, չնայած շատ երիտասարդ տարիքին։

— Նախորդ խաղում Արտյոմ Սիմոնյան էր թիմի ավագը, իսկ այսօր՝ Արամ Շախնազարյանը։ Ձե՞ր որոշումն էր։
— Այո, դա իմ որոշումն էր։

— Ո՞ր ֆուտբոլիստների խաղը չգոհացրեց։
— Ես երբեք կոնկրետ անուններ չեմ տալիս ու չեմ քննադատում իմ ֆուտբոլիստներին։ Իհարկե, ոմանց խաղից դժգոհ եմ, բայց դա մեր ներքին խոհանոցն է, որը չեմ պատրաստվում հրապարակայնացնել։