Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչու՞ 48 թիմանոց Աշխարհի առաջնությունից կշահեն բոլորը

South African soccer fans cheer prior to the World Cup group A soccer match between South Africa and Mexico at Soccer City in Johannesburg, South Africa, Friday, June 11, 2010. (AP Photo/ Ivan Sekretarev)

Երեկ իմ գործընկեր Կարեն Ռաֆայելյանը իր հեղինակային հոդվածում անդրադարձավ ՖԻՖԱ-ի կողմից Աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը մեծացնելու ու մրցաշարն ընդլայնելու որոշմանը՝ մտահոգություն հայտնելով, որ մրցաշարի նոր ֆորմատը միայն բացասաբար կազդի դրա գեղեցկության ու դիտարժանության վրա:

Այդ հոդվածում գլխավորապես շեշտադրում էր կատարվում մի քանի փատարկների վրա, մասնավորապես՝ խմբային փուլի դիտարժանության կորուստ, փլեյ-օֆֆ փուլում հնարավոր սխալի արժեքի մեծացում և Եվրոպային հատկացվող տեղերի փոքր թիվը, ի տարբերություն Աֆրիկայի, Ասիայի ու Օվկիանիայի:

Ինքս Աշխարհի առաջնությանը հետևել եմ դեռ մանուկ հասակից, միշտ անհամբերությամբ եմ սպասել այդ մրցաշարին: Մի փոքր մշուշոտ է երևում այն, թե ինչ կտա մրցաշարի թիմերի ընդլայնումը, բայց, դրական տեղաշարժերն ակնհայտ են:

Ինչու՞ 48 թիմանոց Մունդիալից կշահեն բոլորը

Ֆուտբոլը միշտ համարվել է միլիոնների մարզաձև, աշխարհի համար մեկ մարզաձև, բայց, արի ու տես, դրա լավագույն պտուղներից միշտ օգտվել են միայն մի խումբ ընտրյալներ: Ֆուտբոլի մասսայականացումը այս մարզաձևով զբաղվողների ու մտահոգվողների գլխավոր խնդիրն է: Եվ հավելյալ 16 երկրների ներկայությունը Մունդիալում թույլ կտա 16 երկրի երկրպագուների ևս վայելել այս մրցաշարին մասնակցելու բերկրանքը:

Չնայած նրան, որ խմբային փուլում թիմերն անցկացնելու են ընդամենը երկու խաղ, ինչը մեկով պակաս է ներկայիս քանակից, դա բացասականորեն չի ազդի մրցաշարի վրա: Վերջին մի քանի մունդիալներում արդեն հասցրել ենք համոզվել, որ խմբային փուլի երրորդ տուրը դարձել է ձևականություն, քանի որ թիմերի մեծ մասը բոլոր հարցերը լուծում են առաջին երկու տուրում, իսկ վերջին տուրում ուղղակի գնդակ են գլորում: Ավելին, շատ դեպքերում երկու թիմեր նախապես պլանավորված ձևով են ավարտում իրենց խաղը որևէ մեկի կամ երկուսի շահերից ելնելով:

Հետևանք 1. Այլևս չենք տեսնի ալարկոտ կերպով գնդակ գլորող թիմերի ու որոշակի պայմանավորվածություններ՝ ի շահ որոշ թիմերի:

Միգուցե թվա, թե սխալվելու ու մեկ անհաջող խաղ անցկացնելու գինը մեծ է, բայց հաջորդ խաղում վստահ հաղթանակը կլուծի բոլոր հարցերը: Ամեն դեպքում, երեք հոգանոց խմբից երկու թիմ դուրս է գալու հաջորդ փուլ, ու ակնհայտ թույլերը այսպես թե այնպես չեն դիմանա մրցակցությանը:

Ավելին, պոտենցիալ չեմպիոնի անցկացրած խաղերի քանակը չի փոփոխվի ու կմնա նույն 7 խաղը, ինչ հիմա է, չի փոխվի նաև մրցաշարի ընդհանուր տևողությունը՝ 32 օր, և այն ընդունող մարզադաշտերի քանակը՝ 12, ինչը նշանակում է, որ թիմերի ավելացումը չի կարող որևէ հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծել թիմերի ու ֆուտբոլիստների համար:

Հետևանք 2. Թիմերի ու ֆուտբոլիստների համար հավելյալ ծանրաբեռնվածություն չի ստեղծվի:

Խմբային փուլը կշարունակի հանդիսանալ գլխավոր փորձը գալա համերգից առաջ, որտեղ թիմերը կստուգեն իրենց զենքերի մարտունակությունն ու կպատրաստվեն գլխավոր մենամարտերին՝ ավելի ուժեղ մրցակիցների դեմ:

Ավելին, աշխարհի առաջնության նոր ֆորմատը նոր շանս է նաև փոքր երկրների համար՝ մասնակցելու ֆուտբոլային գլխավոր ստուգատեսին: Բոլոր աշխարհամասերը ստանալու են հավելյալ տեղեր, ներկայացվածությունը կմեծանա, ինչն էլ իր հերթին թույլ կտա զարգացնել ֆուտբոլը ոչ միայն Եվրոպա կոչվող տարածքում, որտեղ ապրողների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Հին աշխարհամասից այն կողմ ֆուտբոլ չեն խաղում: Բավական է փաստել, որ դեռևս 1978 թվականին, երբ մրցաշարին մասնակցում էին 16 թիմեր, Աֆրիկայից ու Ասիային մասնակցում էր միայն մեկական ներկայացուցիչ: Այժմ Աֆրիկան ունի 5 տեղ, իսկ Ասիան՝ 4,5, ինչը ցույց է տալիս, թե ինչքան է ընդլայնվել մրցաշարի աշխարհագրությունը:

Առայժմ հստակ հայտնի չէ, թե որ կոնֆեդերացիան ինչքան հավելյալ տեղեր կստանա նոր ֆորմատում, քանի որ ՖԻՖԱ-ն հետաձգել է այդ հարցի քննարկումը, ինչի մասին հայտնել են ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները: Պարզ է մեկ բան, Մունդիալի ընթացքում ֆուտբոլով կապրեն միլիոնավոր նոր երկրպագուներ: Նույն Աֆրիկայում կան այնպիսի հավաքականներ, որոնք արժանիորեն պայքարում են անգամ Եվրոպայի լավագույն թիմերի դեմ: Բավական է հիշել Ալժիրի ընտրանուն, որին Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան հաղթեց մեծ ջանքերի ու Նոյերի հանճարեղ խաղի գնով: Նիգերիայի հավաքականն, իր հերթին, արժանի դիմակայություն ցույց տվեց Լեո Մեսիի Արգենտինայի հավաքականին, որը ևս խաղաց եզրափակչում:

Այո, անհերքելի է, որ երբեմն մրցաշարում խաղում են ակնհայտ թույլ թիմեր, բայց այդպիսիք շատ քիչ են, իսկ մրցաշարին մասնակցում են այն պատճառով, որ հիանալի են անցկացրել որակավորման փուլը ու պայքարից դուրս թողել ավելի զորեղ թիմերի:

Ինչու՞ է մրցաշարի նոր ֆորմատը դրական նորություն Հայաստանի հավաքականի համար

Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներս երազում ենք տեսնել մեր ընտրանուն Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Դա կարծես անհաս գագաթ համարվի մեր համար, քանի որ մրցակցությունը շատ թեժ է, իսկ տեղերը՝ սահմանափակ: Մինչդեռ Եվրոպայի վերջին առաջնությունը ցույց տվեց, որ փոքր երկրները նույնպես կարող են մեծ հույսեր ունենալ: Եվրոպային տրվող հավելյալ տեղերը հավելյալ հնարավորություն են մեր թիմի համար պայքարել ուղեգրի համար, մեծանում են մրցաշարին մասնակցելու շանսերը:

Եվ վերջապես, պետք չէ մոռանալ, որ ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ից մեծ օժանդակություն է ստանում տարատեսակ ֆուտբոլային ենթակառուցվածքներ կառուցելու հարցում, և այդ օժանդակությունը գլխավորապես ֆինանսական է: Իսկ ՖԻՖԱ-ն հայտնել է, որ մունդիալի ֆորմատն ընդլայնելու արդյունքում հնարավոր կլինի 1 միլիարդ դոլարով մեծացնել եկամուտները: Սա նշանակում է, որ Հայաստանի պես փոքր երկրները, որտեղ ֆուտբոլի զարգացման համար ՖԻՖԱ-ն մեծ ներդրումներ է կատարում, կստանա ֆինանսական նոր միջոցներ, ինչն էլ թույլ կտա ավելի զարգացնել մեր սիրելի սպորտը մեր հարազատ երկրում: ՖԻՖԱ-ն 250000 դոլար է հատկացրել Հայաստանին՝ ֆուտբոլի զարգացման համար, որից 70,000-ը տրվել է կանանց ֆուտբոլին: Ավելին, 2015-ին ՖԻՖԱ-ն հատկացրել է 1 միլիոն 50 հազար դոլար: Այս թիվն անկասկած կմեծանա այն բանից հետո, երբ ֆուտբոլային գերատեսչությունը մեծացնի եկամուտները: ՖԻՖԱ-ից Հայաստան եկող գումարների ամբողջական պատկերը՝ ԱՅՍՏԵՂ:

Ընդհանրացնելով այս ամենը, կարելի է փաստել. չնայած պոտենցիալ վտանգներին ու վնասներին, Աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակի ընդլայնումը ավելի շատ օգուտ կտա մարզաձևին ու այն ամբողջ աշխարհում զարգացնելու գործին, քան թե վնասներ:

Եվ վերջում չմոռանանք, որ ֆուտբոլ խաղում են անկախ սեռից, տարիքից ու ռասայական պատկանելությունից:

Սիրեք ֆուտբոլը, ապրեք ֆուտբոլով…

Gevorg Loretsyan