Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ Գործադիր Կոմիտեի արտահերթ նիստը: ՀՖՖ Գործկոմի նիստի ընթացքում ՀՖՖ Գործկոմի անդամների քննությանը ներկայացվել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների առկա վիճակին, շահագործման նորմերին, տարվող խնամքի պատշաճությանը ծանոթանալու նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հանձնաժողովի՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա կատարած ստուգայցի ընթացքում պարզվել էր, որ ակադեմիայի ինչպես բնական, այնպես էլ արհեստական խոտածածկով խաղադաշտերը ծայրահեղ անմխիթար վիճակում են: ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացվել է նաև «Շիրակ» ՖԱ պատասխան գրությունը, որում նշված է, որ ակումբը Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը և պիտանելիությունը գնահատում է «բավարար»:

Քննարկելով վերոնշյալ գրությունները՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է.

1. Անհամաձայնութուն հայտնել «Շիրակ» ՖԱ կողմից Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակի և պիտանելիության «բավարար» գնահատականի հետ, քանի որ փաստացի ապացույցները վկայում են հակառակի մասին:

2. «Շիրակ» ՖԱ-ին տալ ժամանակ մինչև 2017 թ. հունիսի 20-ը՝ հանձնաժողովի կողմից մատնանշված թերությունները վերացնելու, բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը և պիտանելիությունը բարելավելու համար: