Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» մրցանակի

Փետրվարի 24-ին կայացել է ամենամյա «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որը այս տարի նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-ամյակին:

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի: 28-ամյա ֆուտբոլիստին շնորհվել է այդ մրցանակը հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և հայկական սպորտը հանրահռչակելու համար:

«Արմենպրեսի» հաղորդմամբ, Մխիթարյանը հասկանալի պատճառներով չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը և տեսաուղերձով դիմել է ներկաներին: Հայ ֆուտբոլիստը Հայաստանի նոր սերնդին մաղթել է նպատակների իրականացում, ինչը հնարավոր է տքնաջան աշխատանքի և տաղանդի շնորհիվ:

«Հայկյան» մրցանակ է շնորհվել նաև Օլիմիպիական խաղերի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ու նվիրումի համար: Ալեքսանյանը շնորհակալություն հայտնելով՝ նշել է, որ միշտ պատրաստ է բարձր պահել Հայաստանի անունը միջազգային ասպարեզում: