Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է՝ հայ մարմնամարզիկներից ովքեր կմեկնեն «Աշխարհի գավաթին»

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Vivaronews-ի թղթակցի հետ զրույցում պատմեց՝ մեր ընտրանին նախապատրաստվում է Հայաստանի առաջնությանը, որը կկայանա մարտի 1-4 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում:

«Իսկ Հայաստանի առաջնությունից հետո մեր մարմնամարզիկները մտադիր են մասնակցել «Աշխարհի գավաթին», որը տեղի կունենա մարտի 20-24: «Աշխարհի գավաթին» կմեկնեն Դավթյան Վահագը, Դավթյան Արթուրը, Թովմասյան Արթուրը և Մերդինյան Հարությունը»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի հայ մարմնամարզիկներից առաջիկա ստուգատեսի ընթացքում, Հ. Սերոբյանը պատասխանեց.

«Ամեն 4 տարին մեկ՝ Օլիմիպիական ցիկլից հետո, փոփոխություններ են տեղի ունենում էլեմենտների և վարժությունների մեջ: Երբ մեկնենք «Աշխարհի գավաթին», կտեսնենք, թե ինչպես են ելույթ ունենում ու կատարում նոր վարժությունները, ավելի հստակ կդառնա վարժությունների որակը, բայց, բնականաբար, պայքարելու ենք մրցանակային տեղերի համար»,-հավելեց մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը:

Տեղեկացանք նաև, որ Հայաստանի առաջնության ընթացքում գրանցված արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը, որը կմասնակցնի Ռումինիայում ապրիլի 19-24 կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Լիանա Մկրտչյան