Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայկական շախմատի վետերանները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Շախմատի Հայաստանի վետերանների հավաքականը կմասնակցի ապրիլի 24-ից մայիսի 2-ը Հունաստանի Կրիտ կղզում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի տարիքային երկու խմբով (50-ից բարձր և 65-ից բարձր): Տարիքային յուրաքանչյուր խմբում հանդես կգան 22-ական թիմեր:

Հայաստանի հավաքականը վետերանների աշխարհի առաջնությունում հանդես կգա 50-ից բարձր տարիք ունեցող շախմատիստների մրցաշարում: Մեր հավաքականը կգլխավորի հայկական շախմատի անվանի վետերան, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Նրա թիմակիցները կլինեն շախմատային օլիմպիադաների կրկնակի հաղթող, Հայաստանի վեցակի չեմպիոն Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, Նորայր Քալանթարյանը և Սերգեյ Գալդունցը: Այս հնգյակից մշտապես մրցաշարերի է մասնակցում միայն Կարեն Մովսիսյանը:

Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցների թվում կլինեն Անգլիայի տղամարդկանց 4 թիմերը, Ռուսաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները, Գերմանիայի տղամարդկանց երկու հավաքականներն ու կանանց ընտրանին, Շվեդիայի և Իսրայելի տղամարդկանց երկուական թիմերը, Լատվիայի կանանց հավաքականը, ինչպես նաև Ավստրիայի, Ֆինլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Նորվեգիայի, Հունաստանի և Բերմուդյան կղզիների տղամարդկանց հավաքականները:

Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր: Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը կպարգևատրվեն գավաթներով ու մեդալներով, ինչպես նաև դրամական մրցանակներով: Չեմպիոնը կպարգևատրվի 1300 եվրոյով, 2-րդ մրցանակակիրը՝ 900, 3-րդը՝ 600: 4-5-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները կստանան համապատասխանաբար 500 և 400 եվրո:

 Կպարգևատրվեն նաև կանանց հավաքականների մեջ լավագույն արդյունքի հասած երեք հավաքականները (համապատասխանաբար՝ 600, 400 և 300 եվրո): Մեդալներով կպարգևատրվեն նաև անհատական հաշվարկով յուրաքանչյուր խաղատախտակի վրա լավագույն արդյունքի հասած շախմատիստները: