Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը՝ 1992թ. հոկտեմբերի 14-ին նորանկախ Հայաստանի ազգային հավաքականն իր անդրանիկ միջազգային հանդիպումն անցկացրեց՝ «Հրազդան» մարզադաշտում` մրցելով Մոլդովայի հավաքականի հետ: Այդ օրը մի նոր էջ գրվեց հայկական ֆուտբոլի պատմագրքում՝ փաստորեն դառնալով Հայաստանի ազգային հավաքականի ծննդյան օրը:

Անցած 23 տարիների ընթացքում ՀՀ հավաքականը վայրիվերումներով լի երկար ու դժվարին ճանապարհ է անցել՝ մասնակցելով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերին, ուժերը փորձարկելով ընկերական մրցախաղերում: 

Այսօրվա հրապարակումը վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի կազմավորման առաջին քայլերին, Մոլդովայի հավաքականի հետ անցկացրած առաջին հանդիպմանը:

Հավաքականի կազմավորման առաջին քայլերը

ԽՍՀՄ փլուզումից հետո 1992թ. ազգային առաջնության անցկացումով հիմք դրվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլային նոր պատմությանը: Արդեն հունվարի 18-ին հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի առաջին նախագահ ընտրվեց «Արարատի» նախկին հարձակվող Նիկոլայ Ղազարյանը: Նրա ընտրությունը պատահական չէր, քանի որ վերջին տարիներին Ղազարյանը զբաղեցնում էր Հայաստանի սպորտվարչության ֆուտբոլի բաժնի պետի պաշտոնը և ֆուտբոլային տնտեսությունը ղեկավարելու բավական փորձ ուներ:

Շուտով ՀՖՖ-ն անդամագրվեց ՈՒԵՖԱ-ին, իսկ հուլիսի 3-ին` նաև ՖԻՖԱ-ին: Իսկ դա նշանակում էր, որ այսուհետ հայկական ակումբներն ու տարբեր տարիքային հավաքականներն իրավունք էին ստանում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվելիք պաշտոնական բոլոր մրցումներին: Այնպես որ ՀՖՖ-ն շուտով ձեռնամուխ եղավ ազգային հավաքականի կազմավորման գործին:

Էդուարդ Մարգարովն առաջինն էր, ում վստահվեց հավաքականի ղեկը

Margarov
Էդուարդ Մարգարովը

Հայաստանի ազգային հավաքականի ձևավորման և գործունեության առաջին քայլերի մասին լուրջ խոսակցություն գնաց ֆեդերացիայի գործկոմի նիստում, որտեղ Հայաստանի ընտրանին առաջինը գլխավորելու պատվին արժանացավ հանրապետության վաստակավոր մարզիչ, Երևանի «Արարատի» նախկին հանրահայտ հարձակվող Էդուարդ Մարգարովը: Այդ ընտրությունը պայմանավորված էր նաև նրանով, որ որոշման համաձայն հավաքականի գլխավոր մարզիչը պետք է ազատ լիներ և առաջնության մասնակից որևէ թիմում մարզչական գործունեությամբ չզբաղվեր: Մարգարովի օգնականներ նշանակվեցին նրա նախկին խաղընկերներ Սամվել Պետրոսյանն ու Նորայր Մեսրոպյանը, իսկ հավաքականի պետի պաշտոնը ստանձնեց հայկական ֆուտբոլի անվանի պաշտպաններից մեկը՝ Ալեքսանդր Կովալենկոն:

Հետաքրքիր է, որ գործկոմի նիստում հաստատվեց նաև հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների ցանկը: Մասնավորապես որոշվեց, որ հավաքականի պարապմունքին կամ խաղին անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում ֆուտբոլիստը կորակազրկվի 5 խաղով, իսկ նրա ակումբը կտուգանվի 50 հազար ռուբլով: Իհարկե, նման պատժամիջոցներ կիրառելու հարկ չեղավ, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ մեծ պատիվ էր նորաստեղծ ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը:

Երկօրյա հավաք առկա հիմնախնդիրների պայմաններում

ՀՖՖ-ի ղեկավարության ջանքերով հաջողվեց ընկերական հանդիպում կազմակերպել Մոլդովայի հավաքականի հետ: Հոկտեմբերի 14-ին կայանալիք այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովն ուսումնամարզական երկօրյա հավաքի էր հրավիրել ազգային առաջնության մասնակից 24 թիմերից 9–ի ներկայացուցիչներին:

Բոլորից շատ՝ 5 ֆուտբոլիստ էր հրավիրվել «Արարատից», որի կազմում հանդես էին գալիս ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած մի խումբ ֆուտբոլիստներ: «Շիրակը» հավաքական էր գործուղել 4 ֆուտբոլիստի, «Բանանցը», ՀՄԸՄ-ն ու «Կոտայքը»՝ 2-ական, ՀՄՄ-ՖԻՄԱ-ից, «Նաիրիից», «Կանազից» և «Քասախից» հանդիպմանը նախապատրաստվում էին մեկական ֆուտբոլիստներ:

Մոլդովացիների հետ հանդիպումից մեկ շաբաթ առաջ ՀՖՖ-ի պաշտոնաթերթ «Ֆուտբոլ» շաբաթաթերթին տված հարցազրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովը խոսելով իր զգացումների և առկա հիմնախնդիրների մասին, հետևյալն էր նշել. «Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելը շատ պատվաբեր, միաժամանակ նաև շատ պատասխանատու գործ է: Հավաքականը շարքային ակումբ չէ, այն երկրի դրոշակակիր թիմն է, որը կոչված է ազգի դեմքը ցույց տալու ֆուտբոլային խոշոր հայելում: Եվ հասկանալի է, որ կարիք ունի առանձին հոգատար, համակողմանի ուշադրության:

Կարելի է ասել, որ զրոյից էլ ցածր կետից ենք սկսում: Զրոն էլ ինչ-որ տեղ հրման կետ է: Իսկ մենք առայժմ լրիվ ամայի տեղում ենք և անհրաժեշտ շատ բաների կարիք ունենք՝ դրամ, մարզումային հանգրվան, գույք ու հանդերձանք, սնունդ, ավտոբուս … Այդ ամենը մասնավորապես մեզ անհրաժեշտ է առաջին հանդիպմանը նախորդող երկօրյա ուսումնամարզական հավաքի համար: Կցանկանայի անպատճառ նշել «Արարատ-73» միության (նախագահ՝ Կառլեն Թորոսյան) հովանավորչական շնորհակալ գործունեությունը: Չենք ուրանում նաև ՀՖՖ-ի օգնությունը»:

Ծնունդդ շնորհավոր, Հայաստանի հավաքական

Եվ այսպես, 1992թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը «Հրազդան» մարզադաշտում իր առաջին հանդիպումն անցկացրեց՝ նշելով իր ծնունդը: «Հրազդան» մարզադաշտի մամուլի ծառայությունը, որը ղեկավարում էր տողերիս հեղինակը, Հայաստան-Մոլդովա խաղին նվիրված ծրագիր էր տպագրել:

2 երկրների պետական դրոշներով զարդարված մարզադաշտի տրիբունաներում 5 հազար հանդիսական էր հավաքվել, որն այն դժվարին տարիների համար լավ ցուցանիշ էր: Մինչ մրցավար Պողոս Բալիյանը կազդարարեր իրոք պատմական հանդիպման սկիզբը, ողջույնի խոսքեր ասացին ՀՀ սպորտվարչության պետ Ռաֆայել Թորոյանն ու ՀՖՖ նախագահ Նիկոլայ Ղազարյանը, այնուհետև հնչեցին 2 երկրների օրհներգերը, որից հետո հավաքականների ավագներ Վարդան Խաչատրյանն ու Ալեքսանդր Սպիրիդոնը հուշադրոշներ փոխանակեցին:

trener-sbornaya-arm01

Ինչ խոսք, առաջին խաղի անչափ մեծ պատասխանատվությունը և ֆուտբոլիստների հուզմունքը որոշ չափով խանգարեցին նորամուտը հաղթանակով նշելու: Հանդիպումն այնքան էլ դիտարժան չստացվեց, գոլային պահերով էլ հարուստ չէր: Չնայած այդ ամենին, մեր ֆուտբոլիստներից Սամվել Կոստանդյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը պարտավոր էին գրավել մրցակցի դարպասը: Գոլային 2 իրական պահ էլ ունեցան հյուրերը, սակայն նրանք էլ չկարողացան հաջողության հասնել:

Եվ այսպես, հաշիվը չբացվեց: Սակայն բացվեց մի նոր էջ հայկական ֆուտբոլի տարեգրությունում, որ արդեն 23 տարի կերտում է Հայաստանի ազգային հավաքականը:

Հետաքրքիր է ծանոթանալ նաև խաղի վերաբերյալ մարզիչների արտահայտած կարծիքներին:

Էդուարդ Մարգարով-Հասկանալի է, թե ինչպիսի դժվարություններ էին ծառացել մեր առջև: Տղաներից ոչ բոլորը հավասար մակարդակի խաղ ցուցադրեցին, ոչ բոլորը դրսևորեցին իրենց ունակությունները: Առաջին խաղն էր, դժվարին հանդիպում էր և նկատելի էր մեր ֆուտբոլիստների անվստահությունը: Սակայն պայքարելու տենչի, մարտունակության առումով ֆուտբոլիստներից դժգոհելու առիթ չունեմ:

Իոն Կարաս-Հասկանում եմ հայ ֆուտբոլիստների մեկնարկային հուզմունքը: Այդպիսի հուզմունք մենք էլ ենք ապրել, երբ միջազգային առաջին ընկերական հանդիպումն էինք անցկացնում Լիտվայի հավաքականի հետ: Հայկական ֆուտբոլը շատ լավ ավանդույթներ ունի և ինչպես ցույց տվեց խաղը, նոր սերունդն ի վիճակի է զարգացնելու դրանք:

Հանդիպման արձանագրությունը

Հայաստան-Մոլդովա՝ 0:0
14 հոկտեմբերի, Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 5000 հանդիսական:
Մրցավար՝ Պողոս Բալիյան:

Հայաստան-Հարություն Աբրահամյան («Արարատ»), Արմեն Շահգելդյան («Արարատ»), Վարդան Խաչատրյան («Արարատ», ավագ), Երվանդ Կրբաշյան («Արարատ»), Սարգիս Կարապետյան («Շիրակ»), Սարգիս Հովսեփյան  (ՀՄԸՄ), Արտաշես Ադամյան («Կոտայք», Արա Նիգոյան, 62, «Բանանց»), Արամայիս Տոնոյան («Արարատ», Արթուր Պետրոսյան, 67, «Շիրակ»), Արսեն Ավետիսյան (ՀՄԸՄ, Արթուր Աբազյան, 69, «Նաիրի»), Սամվել Կոստանդյան («Բանանց», Հովհաննես Թահմազյան, 81, «Շիրակ»), Մկրտիչ Հովհաննիսյան («Կանազ»):

Մոլդովա – Վասիլի Կոշելև, Ռուսլան Ռոիկ, Ալեքսանդր Գուզուն, Ալեքսեյ Սկալա (Ռուսլան Ռեբեժա, 67), Էմիլ Կարաս, Սերգեյ Ստրոենկո, Իգոր Օպրյա (Իգոր Կուչուկ, 60), Յուրի Սկալա (Իգոր Օվչարենկո, 90), Վլադիմիր Կոսե (Յուրի Միտերև, 86), Ալեքսանդր Սպիրիդոն (Սերգեյ Սեկու, 89), Վալերի Կեպեցինե (Սերգեյ Կլեշչենկո, 69):

Աշոտ Հայրապետյան


ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»

Արաս Օզբիլիս. «Խաղում ենք երկրպագուների համար և սիրում ենք նրանց» (տեսանյութ)