Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ շախմատիստուհիներից հաղթական էր միայն Լիլիթ Գալոյանի մեկնարկը

Այսօր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարի մասնակից 144 շախմատիստուհիները ոչ միայն կվիճարկեն Եվրոպայի առաջնության մեդալները, այլև աշխարհի առաջնության 14 ուղեգրերը: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր: Մրցաշարի գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստուհիներից միայն Լիլիթ Գալոյանին հաջողվեց հաղթանակով մեկնարկել: Լիլիթը սևերով մրցում էր լատվիացի Ռամոնա Գոլստայի հետ:

Հաջողությանը մոտ էր նաև Էլինա Դանիելյանը, ով բելառուս Լանիտա Ստեցկոյի հետ մրցախաղում 2 զինվորի առավելություն ուներ: Սակայն շուտով Էլինան կորցրեց այդ առավելությունը և ստիպված էր հաշտություն կնքել:

Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև իտալուհի Դանիելա Մովիլեանուի և Լիլիթ Մկրտչյանի մրցավեճում: Իսկ ահա Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը պարտությամբ մեկնարկեց՝ զիջելով ուկրաինուհի Նատալյա Ժուկովային: