Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ բասկետբոլիստները ԵՏՄ երկրներում չեն համարվի լեգիոներ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) այսօրվա նիստում որոշում է ընդունվել, որի համաձայն ընկերակցության անդամ երկրների մարզիկները չեն կարող համարվել լեգիոներներ: Հիշեցնենք, որ ԵվրԱզԷՍ-ի անդամներ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:

ԵվրԱզԷՍ-ի այսօրվա նիստում որոշում է կայացվել, որ ընկերակցության անդամ երկրներում մարզիկների նկատմամբ գործող սահմանափակումները պետք է վերացվեն:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դեռեւս 2016 թվականի հունիսին դիմել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն` նշելով, որ հայ բասկետբոլիստները լուրջ խոչընդոտների են հանդիպում Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ գործում է լեգիոներների սահմանափակումներ: Նախարարությունը ֆեդերացիայի դիմումի հիման վրա դիմել էր ԵվրԱզԷՍ-ին:

ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանն այս կապակցությամբ ֆեդերացիայի մամուլի քարտուղարությանն ասաց հետևյալը.

«Մենք հետևողական կերպով աշխատել ենք այս ուղղությամբ, քանի որ ՀՀ քաղաքացիները չպետք է լեգիոներ համարվեն Ռուսաստանում, քանի որ ԵվրԱզԷՍ-ի օրենքներն ասում են, որ անդամ երկրների քաղաքացիներն ունեն աշխատանքային հավասար իրավունքներ: Չնայած դրան, մեր հավաքականի մի շարք խաղացողներ Ռուսաստանում շարունակում էին համարվել լեգիոներ եւ չէին կարողանում ակումբներ գտնել: Ի պատիվ ԵվրԱզԷՍ-ի, այց հարցը վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվեց, եղան մի շարք հանդիպումներ եւ հարցն այսօր ունեցել է դրական լուծում: Պետք է նշեմ, որ քննարկումներին ակտիվորեն մասնակցել է նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, քանի որ մենք առաջինն էինք, որ Հայաստանից բարձրացրել էինք այս խնդիրը եւ ջանք չէինք խնայել, որ այն դրական լուծում ստանա: Արգելքների վերացումից կշահեն ոչ միայն բասկետբոլիստները, այլ նաեւ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները, քանի որ սահմանափակումներ կային ոչ միայն բասկետբոլում»: