Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Grand Chess Tour-ի կազմակերպիչները հրապարակել են այն շախմատիստների ցանկը, որոնք կմասնակցեն հունիսին Փարիզում և բելգիական Լյովեն քաղաքում կայանալիք արագ և կայծակնային շախմատի մրցաշարերին: Grand Chess Tour-ի հիմնական մասնակից Լևոն Արոնյանը հանդես կգա Լյովենում, որտեղ արագ և կայծակնային շախմատի մրցաշարերը կանցկացվեն հունիսի 28-ից հուլիսի 2-ը:

Լյովենում Արոնյանը կմրցի աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենի, Ուեսլի Սոյի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի, Յան Նեպոմնյաշչու, Վլադիմիր Կրամնիկի, Անիշ Գիրիի, Վասիլի Իվանչուկի և Բայադուր Ջոբավայի հետ: Մրցակիցներից առաջին 5 շախմատիստները Grand Chess Tour-ի հիմնական մասնակիցներն են, իսկ մնացած 4-ը՝ հրավիրվել են կազմակերպիչների կողմից:

Հիշեցնենք, որ Grand Chess Tour-ն իր մեջ ներառում է 5 մրցաշար (2-ը՝ դասական, 3-ը՝ արագ և կայծակնային շախմատի): Grand Chess Tour-ի հիմնական 9 շախմատիստներից յուրաքանչյուրը պարտավոր է մասնակցելու 5 մրցաշարերից 4-ին, որոնց ընդհանուր արդյունքներով էլ կորոշվի հաղթողը: Հիշեցնենք, որ անցյալ տարի լավագույնն Ուեսլի Սոն էր: