Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիների հաղթական օրը

kursova - Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիների հաղթական օրը

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնության 5-րդ տուրը բավական հաջող էր Հայաստանի պատվիրակների համար, որոնցից 5-ը հաղթանակներ տարան:

Հաջող ելույթները շարունակեց Էլինա Դանիելյանը, ով մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով Դեյմանտե Կորնետին: Էլինան վաստակած 4 միավորով ընթանում է 9-րդ տեղում:

Նա ընդամենը կես միավորով է հետ մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող Վալենտինա Գունինայից և Աննա Ուշենինայից:

Վերջինս պարտության մատնեց մրցաշարի միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեին: Տուրը հաղթական էր նաև Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Կուրսովայի համար, ով պարտության մատնեց ադրբեջանցի Գուլնար Մամադովային:

Կուրսովան ունի 3 միավոր: Նման բարձրակարգ մրցաշարերի համար հազվադեպ դեպք տեղի ունեցավ Մարիա Գևորգյանի և Անիկա Ֆրոյվիսի պարտիայում: 67-րդ քայլին հայ շախմատիստուհին մատ հայտարարեց մրցակցի արքային:

Հաղթանակներ տոնեցին նաև Աննա Սարգսյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Դայվա Բատիտի և Աննա Կուբիկայի նկատմամբ: Լիլիթի համար դա մրցաշարում անդրանիկ հաղթանակն էր:

Մեր շախմատիստուհիներից միայն Սիրանուշ Ղուկասյանն անհաջողության մատնվեց՝ պարտվելով Յուլիա Օսմակին: Ղուկասյանը, Գևորգյանը, Սարգսյանն ու Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր: