Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

Դեյան Ստանկովիչ. «Հայաստանն ամեն ինչ ունի՝ լավ արդյունքների հասնելու համար»

Այս օրերին Երևանում ընթանում է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: ՈՒԵՖԱ-ից ժամանած դիտորդների թվում է նաև 90-ականների և 2000-ականների համաշխարհային ֆուտբոլի աստղ Դեյան Ստանկովիչը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ բացառիկ հարցազրույցում Ստանկովիչը խոսել է Զարգացման մրցաշարի, Հայաստանի ենթակառուցվածքների, հայկական ֆուտբոլի և իր կարիերայի մասին:

 

– Դեյան, Ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում ՈՒԵՖԱ-ում:

-Այս տարվա մարտի 1-ից ես հանդիսանում եմ ֆուտբոլիստների զարգացման գծով խորհրդատու ՈՒԵՖԱ-ում: Իմ պարտականությունը հիմնականում մինչև 14, 15, 16 տարեկանների մրցաշարերի և ակադեմիաների ծրագրերի մոնիթորինգն է:

-Որքանո՞վ էր դժվար անցնել աշխատանքի ՈՒԵՖԱ-ում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

Շատ դժվար էր: Մենք այս խաղն անվանում ենք ֆուտբոլ, բայց ֆուտբոլիստ լինելը մեկ այլ բան է, իսկ ֆուտբոլում աշխատելը միանգամայն այլ: Ես շատ երիտասարդ եմ և ես ուզում եմ սովորել: Ինձ համար ՈՒԵՖԱ-ում աշխատելը հիանալի հնարավորություն է և մեծ հաճույք: Սերբիայում ինձ առաջարկել էին դառնալ Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, «Ցրվենա Զվեզդայի» նախագահ, նույնիսկ` Սերբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ, բայց ես մերժել եմ, քանի որ, իմ կարծիքով, շատ երիտասարդ եմ այս պաշտոններն զբաղեցնելու համար: Ես ուզում եմ փորձ հավաքել ՈՒԵՖԱ-ում, որը լավագույն տեղն է նախկին ֆուտբոլիստի համար, ով ուզում է սովորել: Ես ուզում եմ առաջ գնալ քայլ առ քայլ:

-Մարզիչ դառնալու ցանկություն չկա՞ր:

Ես փորձեցի ինձ մարզչական ասպարեզում, երբ օգնում էի Անդրեա Ստրամաչիոնիին «Ուդինեզեում», բայց ես հասկացա, որ մարզչական գործն ինձ համար չէ: Հավանաբար ես բնավարությամբ համապատասխան չեմ մարզիչ լինելուն: Մարզչական գործը շատ լարված է և իրենից ենթադրում է 24 ժամվա աշխատանք: Առայժմ ես պատրաստ չեմ դրան:

-Ո՞րն է Հայաստան այցելության նպատակը:

– Մենք եկել ենք այստեղ՝ դիտելու ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: ՈՒԵՖԱ-ն շատ կարևոր գործ է անում երեխաների համար՝ Հայաստանի, Վրաստանի, ՆՀՀ Մակեդոնիայի նման փոքր երկրներում այսպիսի մրցաշարեր անցկացնելով: Այս մրցաշարերը շատ կարևոր են ֆուտբոլիստների ընտրության, մարզիչների մակարդակի բարելավման և տաղանդների բացահայտման տեսանկյունից: Մենք փորձում ենք օգնել բոլոր փոքր ասոցիացիաներին:

Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին:

Ինձ շատ դուր եկավ ձեր մարզումային կենտրոնը (ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիան-խմբ.), որն ունի բնական և արհեստական խոտածածկով հիանալի խաղադաշտեր: Դուք ամեն ինչ ունեք՝ լավ արդյունքների հասնելու համար: Ձեզ մնում է միայն տքնաջան աշխատել:

Ժամանակին դուք խաղացել եք Հայաստանի ազգային հավաքականի դեմ Երևանում: Ի՞նչն է ամենից շատ տպավորվել:

Ես այնքան էլ լավ հիշողություններ չունեմ, քանի որ այդ խաղում մենք կորցրեցինք Եվրո-2008 դուրս գալու մեր վերջին հնարավորությունները (Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով): Բայց ամենաշատը տպավորվել է չափազանց վատ որակի խաղադաշտը: Ի պատիվ ձեզ, հիմա՝ 10 տարի անց, այդ առումով ես տեսնում եմ հսկայական առաջընթաց:

– Հնարավորություն ունեցե՞լ եք դիտելու Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները:

– Այո, դիտել եմ մի քանի հանդիպում, երբ Հայաստանը նույն խմբում էր Սերբիայի հավաքականի հետ: Վերջերս դիտել եմ նաև Չեռնոգորիայի հետ հանդիպումը, և պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ երկրորդ խաղակեսում ձեր թիմի ցուցադրած խաղից: Դա անհավանական էր, շատ տպավորիչ խաղ: Դուք պետք է միշտ խաղաք այդպես:

– Ի՞նչ է պետք Հայաստանի նման փոքր երկրներին մեծ մրցաշարերի ուղեգիր ձեռք բերելու համար:

– Կկրկնեմ ևս մեկ անգամ՝ աշխատել, աշխատել և նորից աշխատել: Ես չգիտեմ, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բայց դուք պետք է համակարգված աշխատեք: Այսինքն, պետք է ներդնել որևէ քաղաքականություն մանկապատանեկան ֆուտբոլում և հավատարիմ մնալ դրան նաև մեծահասակների մակարդակում:

-Մի փոքր էլ խոսենք Ձեր կարիերայի և նախասիրությունների մասին: Ո՞վ է հարավսլավական ֆուտբոլի վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստը:

-Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև մենք այնքան լավ խաղացողներ ենք ունեցել: Ես կարող եմ թվարկել շատերին, բայց, հավանաբար, լավագույնը Դրագան Ստոյկովիչն է: Նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, բայց նա ուղղակի զարմանալի կարողությունների տեր ֆուտբոլիստ էր: Ինձ համար Նեմանյա Վիդիչը վերջին 20 տարիների լավագույն կենտրոնական պաշտպաններից է: Եթե պետք է նշել ինչ-որ մեկին Չեռնոգորիայից, բնականաբար դա կլինի Դեյան Սավիչևիչը. Խորվաթիայից՝ Լուկա Մոդրիչը, Սլովենիայից՝ Միլենկո Աչիմովիչը և Զլատկո Զահովիչը: Վերջապես Բոսնիա և Հերցեգովինայից կառանձնացնեմ Միրալեմ Պյանիչին, որը, իմ կարծիքով, այդ երկրի վերջին 20 տարիների լավագույն ֆուտբոլիստն է: Նա պրոֆեսոր է:

-Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել եք:

-Նորից շատ դժվար հարց է: Լավագույններից մեկը Խուան Սեբաստիան Վերոնն էր: Բնականաբար, Ալեսանդրոն Նեստան: Հետագայում՝ «Ինտերի կազմում»՝ Զլատան Իբրահիմովիչը: Բրազիլացի Ադրիանոն ընդամենը մեկ տարի խաղաց շատ բարձր մակարդակի վրա, բայց այդ ընթացքում նա ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր: Ափսոս, որ նրա այդպիսի վառ խաղը շատ կարճ տևեց: Իմ սերունդը շատ ուժեղ էր, մենք շատ տիտղոսներ ենք նվաճել: Ես երջանիկ եմ, որովհետև խաղացել եմ այնպիսի ուժեղ ֆուտբոլիստների կողքին, ինչպիսիք էին Մայկոնը, Դիեգո Միլիտոն, Տիագո Մոտտան, Ուեսլի Սնեյդերը: Շարքը կարելի է հավերժ շարունակել:

Ո՞վ է ամենաուժեղ պաշտպանը, ում դեմ խաղացել եք:

Անկասկած, Պաոլո Մալդինին:

– Իսկ ամենաուժեղ դարպասապահը:

–  Ջիանլուիջի Բուֆոնը (երկար մտածելուց հետո):

-Ո՞րն է Ձեր կարիերայի ընթացքում խփած ամենագեղեցիկ գոլը:

– Բազմաթիվ գեղեցիկ գոլեր եմ խփել, բայց երևի կառանձնացնեմ «Ինտերի» կազմում Մանուել Նոյերին խփած գնդակս, երբ վերջինս դեռ խաղում էր «Շալկե-04»-ում: Շատ գեղեցիկ էր նաև «Ջենոայի» դարպասը խփած գնդակս: Երբ հետո դիտում էի այդ գոլը հեռուստացույցով, դժվարությամբ էի հավատում, որ այդ գոլը ես եմ խփել:

-Իսկ ո՞րն է ամենակարևոր գոլը:

– Հավանաբար, 2011 թ. Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռոմայի» դարպասը խփած գնդակը: Բայց ոչ, ամենակարևորը, երևի, իմ 2 գոլերն էին «Ցրվենա Զվեզդայի» կազմում, երբ ես գրավեցի «Կայզերսլաուտերնի» դարպասը: Գերմանական թիմն այն ժամանակ նվաճել էր երկրի գավաթը և չեմպիոնի կոչումը: Նրանց հետ խաղում ես դարձա 2 գոլի հեղինակ: Դա իմ առաջին ամենամեծ քայլն էր, իմ առաջին պոռթկումը:

– Դուք մասնակցել եք եվրոպական 3 «դերբիների»: Ինչպե՞ս կնկարագրեք այդ խաղերը:

– «Ինտերի» և «Միլանի» միջև «դերբիները» վաղուց արդեն նախկին լարվածությունը չունեն: Մենք բոլորս ընկերներ էինք խաղադաշտից դուրս և երբեմն նույնիսկ միասին էինք անցկացնում հանգստյան օրերը: «Ռոմայի» և «Լացիոյի» միջև դերբիները շատ ավելի լարված էին, մեծ էր ճնշումը և ատելությունը: Այդուհանդերձ, անձամբ ինձ համար ամենակատաղի և ամենակարևոր դերբին «Ցրվենա Զվեզդայի» և «Պարտիզանի» միջև հանդիպումն է: Ես սա ասում եմ՝ ոչ միայն հաշվի առնելով երկրպագուների ատելությունը միմյանց հանդեպ, այլ հաշվի առնելով հենց իմ գործոնը: Երբ ես երեխա էի, ես երկրպագում էի «Ցրվենա Զվեզդային», և երբ հետագայում հանդես եկա նրանց կազմում «Պարտիզանի» դեմ, ունեցա զգացողություններ, որոնք հնարավոր չէ նկարագրել:

Ո՞րն է Ձեր ամենակարևոր ֆուտբոլային հիշողությունը:

Իհարկե,հաղթանակը Չեմպիոնների Լիգայի մրցաշարում: Ցանկացած ֆուտբոլիստի համար դա նվեր է կարիերայի ընթացքում իր կատարած աշխատանքի համար: Դու զգում ես, որ դու օրհնված ես, երբ դու հաղթում ես այդ մրցաշարում: Դա ուղղակի աննկարագրելի է:

Աղբյուրը ՝ ՀՖՖ պաշտոնական կայքը


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»

Արաս Օզբիլիս. «Խաղում ենք երկրպագուների համար և սիրում ենք նրանց» (տեսանյութ)