Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Դեգերողները». Ովքե՞ր են Բարձրագույն խմբում ամենից հաճախ թիմեր փոխած ֆուտբոլիստները

VivaroNews.am-ը պարբերաբար ներկայացրել է ՀՀ առաջնություններում միևնույն թիմի կազմում երկար տարիներ հանդես եկած ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավատարմորեն պաշտպանել են իրենց համար հարազատ դարձած ակումբի պատիվը: Նրանցից ոմանք ֆուտբոլային ողջ կարիերան անցկացրել են բարձրագույն խմբի առաջնության մասնակից միայն մեկ թիմում:

Իսկ ովքե՞ր են ՀՀ առաջնությունների 25-ամյա պատմության ընթացքում առավել հաճախակի թիմից թիմ տեղափոխվել: Նրանց թիվն անհամեմատ ավելի մեծ է: Հարկ է նշել, որ տեղափոխությունների մի մասը տեղի է ունեցել անկախ ֆուտբոլիստների ցանկությունից, քանի որ այս 25 տարիների ընթացքում բարձրագույն խմբում հանդես եկած 43  ակումբներից 37-ը ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվել են:

Տեղափոխությունների թվով յուրօրինակ ռեկորդակիրը Հայկ Նարիմանյանն է: 1995-2006թթ. ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում 192 խաղ անցկացրած Նարիմանյանը հասցրել է կրել 13 թիմերի մարզաշապիկները:

 Բարձրագույն խմբում նա իր կարիերան սկսել է 17 տարեկանում՝ «Կոտայք-2-ի» կազմում մասնակցելով 1995թ. գարնանային-անցումային մրցաշարին: Մրցաշրջանի ավարտից հետո այդ թիմի բազայի վրա հիմնվեց «Երևան» ակումբը, որում ընդգրկվեց նաև Նարիմանյանը: Հաջորդ մրցաշրջանում նա արդեն «Կոտայքի» կազմում էր, իսկ 1997թ. առաջնությունն անցկացրեց «Էրեբունի-ՀՄՄ-ում», որում խաղաց նաև հաջորդ տարի:

1999թ. առաջնությունը Նարիմանյանը դիմավորեց «Ղարաբաղում»: Վերջինս 15-րդ տուրից հետո հրաժարվեց առաջնության հետագա մասնակցությունից, ուստի Նարիմանյանը ստիպված էր առաջնության մնացած հատվածն անցկացնել այլ թիմում՝ տեղափոխվելով բարձրագույն խմբում նորամուտը նշող Երևանի «Զվարթնոց»: Հենց այս թիմի կազմում էլ առավել երկար՝ 1999-2000թթ. հանդես եկավ ֆուտբոլիստը՝ մասնակցելով 40 խաղի:

Հետագա տարիներին Նարիմանյանը մեկական մրցաշրջան հանդես եկավ «Սպարտակում», «Բանանցում», «Արաքսում» ու «Միկայում» (2003թ.), «Արարատում», Երևանի «Լեռնագործում» և «Ուլիսում»:

2-րդ ցուցանիշն ունի Անդրանիկ Զանազանյանը, ով 11 մրցաշրջանների ընթացքում նույնքան թիմերի պատիվն է պաշտպանել: Տիգրան Լ. Հովհաննիսյանն ու Արթուր Ս. Մինասյանը հանդես են եկել 10 թիմերի կազմում: Ընդ որում Տիգրան Լ. Հովհաննիսյանը բոլորից երկար՝ 8 տարի (1993-2000թթ.) հանդես է եկել միևնույն թիմում՝ Արարատի «Ցեմենտում», որի կազմում մասնակցել է 154 խաղի, 2 անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները, մեկական անգամ դարձել է սուպերգավաթակիր և արծաթե մրցանակակիր: Եվ միայն «Ցեմենտի» լուծարումից հետո են սկսվել ֆուտբոլիստի դեգերումները թիմից թիմ:

 8 թիմերում հանդես եկած Սևադա Արզումանյանը 1996/97թթ. առաջնությունում հասցրել է կրել 3 ակումբների մարզաշապիկները: Առաջնությունը նա սկսել էր «Կոտայքում», այնուհետև 3-րդ տուրից հետո տեղափոխվել էր ԲԿՄԱ: Սակայն վերջինս առաջին շրջանի ավարտից հետո լուծարվել էր և Արզումանյանը ելույթները շարունակել էր «Վանում»:

2012/13թթ. առաջնությունում 3 թիմում է հանդես եկել նաև Հովհաննես Գրիգորյանը: Նա առաջնության մեկնարկում հանդես եկավ «Շիրակում», որի հետ պայմանագիրը խզելուց հետո տեղափոխվեց «Ուլիս», իսկ մրցաշարի գարնանային հատվածն անցկացրեց «Արարատում»: Հովհաննես Գրիգորյանը 8  անգամ փոխել է ակումբային գրանցումը:

Տեղափոխությունների առումով հետաքրքիր է նաև Արթուր և Արա Ոսկանյան եղբայրների վիճակագրությունը: Թեև Արան ավագ եղբորից ուղիղ 2 անգամ քիչ հանդիպում է (127) անցկացրել, սակայն նա էլ Արթուրի պես հանդես է եկել 8 թիմերի կազմում:

 Բարձրագույն խմբում նրանք ֆուտբոլային կարիերան սկսել են միևնույն թիմում՝ Էջմիածնի «Զվարթնոցում». Արթուրը՝ 1993թ., Արան՝ հաջորդ մրցաշրջանում: Այնուհետև եղբայրները տեղափոխվել են «Վան»: 1997թ. նրանք կարճ ժամանակով բաժանվեցին. Արթուրը մեկնեց «Ղարաբաղ»: Հաջորդ մրցաշրջանում եղբայրները կրկին միասին էին, այս անգամ՝ արդեն «Ցեմենտում»:

Հետագայում Ոսկանյանները միասին հանդես եկան «Սպարտակում» ու «Բանանցում», ապա կարճ ժամանակով կրկին բաժանվեցին և հանդիպեցին նախ «Փյունիկում», ապա «Արարատում»:

Ընթացիկ առաջնության մասնակիցներից տեղափոխությունների քանակով յուրօրինակ ռեկորդակիրը 36-ամյա Գևորգ Կասպարովն է: Նա հանդես է եկել ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունների  մասնակից 7 ակումբներում՝  Արտաշատի «Դվինում», «Ղարաբաղում», Երևանի «Զվարթնոցում», «Միկայում», «Փյունիկում», «Ուլիսում» և «Ալաշկերտում»:

VivaroNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ֆուտբոլային կարիերայում հանդես են եկել բարձրագույն խմբի 8 և ավելի թիմերում՝ նշելով, թե ակումբներից որում է ֆուտբոլիստն ավելի երկար խաղացել, որ թվականներին և քանի խաղ է անցկացրել այդ թիմում:

Ֆուտբոլիստներ Թիմ Խաղ Ակումբ Թվական
1.Հայկ Նարիմանյան 13 192 «Զվարթնոց»՝ 40 1999-2000
2.Անդրանիկ Զանազանյան 11 180 «Կոտայք»՝ 48 1993-1994, 1997
3.Տիգրան Լ. Հովհաննիսյան 10 305 «Ցեմենտ»՝ 154 1993-2000
4.Արթուր Ս. Մինասյան 10 177 «Երևան»՝ 39 1995/96-1996/97, 1998
5.Արթուր Քոչարյան 9 357 «Գանձասար»՝ 94 2006-2007, 2010-2011
6.Կարեն Նավոյան 9 264 «Արարատ»՝ 92 2004, 2008-2009, 2012/13
7.Էդիկ Երիցյան 9 248 «Կոտայք»՝ 86 1993-1997, 2003
8.Աշոտ Գրիգորյան 9 237 «Բանանց»՝ 82 2003-2007
9.Գրիգոր Գրիգորյան 9 221 «Կիլիկիա»՝ 48 2008-2010
10.Արսեն Դալլաքյան 9 184 «Միկա»՝ 52 2000-2002
11.Գոռ Աթաբեկյան 9 162 «Ուլիս»՝ 68 2006-2008
12.Արկադի Չիլինգարյան 9 141 «Միկա»՝ 36 2007-2008
13.Սարգիս Նազարյան 8 299 «Զվարթնոց»՝ 86 1999-2002
14.Կարեն Գրիգորյան 8 256 «Երևան»՝ 74 1995/96-1998
15.Արթուր Ոսկանյան 8 254 «Բանանց»՝ 55 2002, 2009-2011
16.Սևադա Արզումանյան 8 229 «Արարատ»՝ 86 1992-1995/96
17.Նվեր Խաչատրյան 8 220 «Զվարթնոց»՝ 89 1999-2002
18.Արշակ Ամիրյան 8 208 «Արարատ»՝ 95 1996/97-2001
19.Արսեն Այվազյան 8 205 «Արարատ»՝ 96 1994-1997, 2000-2001
20.Հովհաննես Գրիգորյան 8 205 «Բանանց»՝ 81 2005-2009
21.Արա Մարկոսյան 8 202 «Վան»՝ 65 1994-1996/97
22.Գևորգ Միրիջանյան 8 179 «Զվարթնոց»՝ 77 1999-2002
23.Մարատ Մկրտչյան 8 179 «Միկա»՝ 77 2003-2007
24.Ալբերտ Աճեմյան 8 156 «Երևան»՝ 78 1995/96-1999
25.Միխեիլ Սիմոնյան 8 147 «Ուլիս»՝ 47 2006, 2011-2012/13
26.Հայկ Հակոբյան 8 128 «Դվին»՝ 40 1997-1999
27.Արա Ոսկանյան 8 127 «Բանանց»՝ 37 2001-2003

Աշոտ Հայրապետյան


Արթուր Ոսկանյան. «Եթե մեկ մետրից չենք կարողանում գոլ խփել, ապա հաղթանակի մասին խոսելն անիմաստ է»

Արթուր Ոսկանյան. «Կրկին զգացնել է տալիս փորձի պակասը»

Արթուր Ոսկանյան. «Պարտության մեղքը վերցնում եմ ինձ վրա»

Արթուր Ոսկանյան. «Թիմն Անթալիայում կլինի իր լավագույն մարզավիճակում»

Արթուր Ոսկանյան. «Ֆուտբոլիստները հասկացել են, թե ինչպես պետք է հարձակվեն և պաշտպանվեն»

Արթուր Ոսկանյան. ««Բանանցն» արդեն իսկական թիմի տպավորություն է թողնում»

Արթուր Ոսկանյան. «Լաերսիոն ու Տորեխոնն ընտանեկան խնդիրների պատճառով են հեռանում «Բանանցից»

Մ-17. Հայաստանի ընտրանին հաղթեց իսլանդացիներին՝ նվաճելով էլիտ ռաունդի ուղեգիր

Հայտնի է Արթուր Պետրոսյանի մարզչական կազմը և երիտասարդական հավաքականի մարզիչը

Տիտո Ռամալյոն լքում է «Բանանցը»

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն հարձակվողները