Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Խաղաքարտերով տնակը 5»-ը բացում է խաղաքարտերը

Իսկ դուք սպասո՞ւմ եք «Խաղաքարտերով տնակը» (House of Cards) սերիալի նոր՝ 5-րդ եթերաշրջանին: Մենք էլ: Սպասելուն մնաց ընդամենը 2 շաբաթ. պրեմիերան մայիսի 30-ին է:

Netflix մուլտիմեդիան այս սերիալի 1-ին եթերաշրջանը թողարկեց 2013 թ.: Այն միանգամից գրավեց բոլոր կինոսերների սրտերը ողջ աշխարհում: Ակտուալ քաղաքական թեմաներ, մարդկային բազմաշերտ հարաբերություններ, բարձր ճաշակ, դերասանական գեղեցկագույն խաղ, չձանձրացնող, արագ զարգացող սյուժետային գծեր… Հենց այդ հատկանիշները սերիալին ապահովեցին բարձր ռեյտինգներ ու 33 տարբեր մրցանակներ (այդ թվում՝ Ոսկե Գլոբուս, Էմի):

Քաղաքական թեմայով սերիալի նման հայտնիությունը ամենևին պատահական չէ: Ֆիլմում սյուժետային գծերը զարգանում և փոփոխվում են ԱՄՆ քաղաքական իրական կյանքի նմանությամբ: Հարցազրույցներից մեկում Ռոբին Ռայթը պատմում է. «Ես մի քաղաքական գործչի հարցրեցի. «Մեր պատմությունը մո՞տ է իրականությանը»: Նա պատասխանեց. «Շա՜տ, 99%-ով իրական է»»:

Ի դեպ, ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարակ Օբաման չի թաքցրել, որ շատ է սիրում այս սերիալը: Netflix մուլտիմեդիայի ղեկավար Ռիդ Հասթինգսը մեկ անգամ նույնիսկ առաջարկել է նախագահին թեկուզ էպիզոդիկ, բայց դեր ստանձնել սերիալում: Օբաման ծիծաղելով հրաժարվել է:

Եվ ահա երկար սպասված 5-րդ եթերաշրջանը. «Խաղաքարտերով տնակը» շուտով կբացի իր նոր խաղաքարտերը:

Սերիալի նախորդ 4 եթերաշրջանների ռեժիսոր Բո Ուիլլիմոնն 5-րդում այլևս չի մասնակցում, բայց մեր սիրելի Քեյվին Սփեյսին և Ռոբին Ռայթն այստեղ էլ նորանոր դավեր են նյութելու ու մեզ գամված պահելու էկրաններին: Ի դեպ, Ռոբին Ռայթը այս եթերաշրջանի 3 ռեժիսորներից մեկն է, նա նախկինում ռեժիսորական փորձ ունեցել է այս սերիալում:

Սպասում ենք, սպասում ենք: