Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արմեն Գասպարյանը Կաննում

Արմեն Գասպարյան՝ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, գրող և պրոդյուսեր: Ավարտել է Գյումրու կինոռեժիսուրայի, ապա՝ Մոսկվայի Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) սցենարական դասընթացները։ Մի քանի փաստագրական, հեռուստատեսային ֆիլմերի հեղինակ է, մի շարք մրցանակների դափնեկիր: Vivaro News-ը զրուցել է Արմեն Գասպարյանի հետ՝ Կանն մեկնելուց օրեր առաջ:

Կաննի փառատոնի հրավերն ինչպե՞ս ստացաք:

  • Հրավիրող կողմը Ֆրանսիան է: Ինձ այնտեղ մի շարք կինոընկերություններում գիտեն, քանի որ համագործակցում ենք, այդպես էլ ստացա հրավերը: Արդեն մոտ 3 տարի է` աշխատում եմ ֆրանսիական մի քանի ընկերությունների հետ, և համատեղ ստեղծում ենք «Բանալիները» գեղարվեստական ֆիլմը: «La marshel du film» ընկերությունը հավանեց իմ ներկայացրած սցենարը և առաջարկեց ֆիլմ նկարել:

Ի՞նչ նախագծերով եք մեկնում Կաննի կինոփառատոն:

  • Կաննին կներկայանանք «Բանալիները» ֆիլմով:  Ֆիլմի ժամանակագրությունը ընդգրկում է  1915թվականից մինչև մեր օրերը: Նկարահանումները պետք է ընթանան Մուշում (Արևմտյան Հայաստան) և Ֆրանսիայում: Այն իրական պատմություն է մի թուրք ընտանիքի մասին, որի անդամները գտել են հայ աղջկա տան կորցրած բանալին և 4 սերունդ պահել են այն՝ հուսալով, որ մի օր կհանձնեն իրական տիրոջը: Դերասանական կազմի մեջ հայեր չկան, իսկ գլխավոր հերոսը ֆրանսիացի է:

Հայ կինոն այսօր կամ մոտ ապագայում կարո՞ղ է միջազգային շուկա դուրս գալ:

  • Համաշխարհային կինոշուկան ունի իր օրենքները: Այդ օրենքներն արագ փոփոխության են ենթարկվում՝ տեխնիկայի զարգացման հետ զուգընթաց: Հայաստանի կողմից մոտեցումը շատ հնացած է: Սովետական Միությունից հետո ոչինչ չի փոխվել: Համաշխարհային ոչ մի մեծ կինոփառատոններից Հայաստանը մրցանակներ չի ունեցել: Նկարում ենք ֆիլմեր, որ մեր կինոթատրոնների էկրաններից այն կողմ չի անցնում: Իսկ հարևան Վրաստանն արդեն զգալի հաջողություններ ունի: Նկատելի տեղաշարժ չկա մեզ մոտ, որովհետև դրսից ֆինանս ենք գտնում, բայց ուզում ենք մեր ձևով նկարել՝ հաշվի չառնելով, որ աշխարհն այլ բան է ուզում տեսնել:

Ո՞ր թեմաներով կարող ենք հետաքրքիր լինել աշխարհին:

  • Ռեժիսորը պետք է նկարի Հայաստանի մասին ֆիլմն այնպես, որ դրսում հասկանալի լինի: Կինեմատոգրաֆիայի հիմքը հենց էթնոգրաֆիան է՝ ներկայացված ընտանեկան դրամայով, կենցաղով, մարդկային փոխհարաբերություններով: Չգիտես ինչու, մեզ մոտ ամենն ասոցացվում է Եղեռնի և պատերազմի հետ: Մարդիկ աշխարհում ունեն նույն զգացմունքները, ինչո՞ւ համամարդկայինն ազգայինով չներկայացնել: Կարելի է ներկայացնել մարդկային պատմությունները, որոնք հիմնված են էթնոգրաֆիայի վրա:

 Մեր օրերում կա՞ն մարդիկ, որոնք կարող են Ձեր հերոսները դառնալ:

  • Այժմ աշխատում եմ «Իմ Աստղիկի հուղարկավորությունը» ֆիլմի սցենարի վրա: Հերոսն իմ տատիկն է՝ շարքային քաղաքացի: Կնոջ պատմությունով գրեթե ամբողջ հայի պատմությունն է ներկայացվում: Կարելի է մեր կողքին ապրող ցանկացած մարդու ֆիլմի հերոս դարձնել:

Հայաստանում կա՞ն պրոդյուսերական ընկերություններ, որոնք օգնում են  ֆիլմեր նկարել:

  • Կան, բայց իմ փորձը ցույց է տվել, որ գաղափարն էկրանին հասցնելու համար ավելի լավ է սեփական թիմն ունենալ: Հիմնել եմ Armen Film ընկերությունը: Կաննին մասնակցում ենք հենց Armen Film-ի անունից:

Ձեր դիտած վերջին ֆիլմը, որ խորհուրդ կտայիք դիտել բոլորին:

  • Նախապատվությունը տալիս եմ իտալականին՝ Սորենտինոյի «Փառահեղ գեղեցկություն» (La grande bellezza) և Ջուզեպե Տորնատորեի «Բաարիա» (Baarìa) ֆիլմերին:

Շնորհակալ ենք, Ձեզ մաղթում ենք հաջողություն և նորանոր համագործակցություններ ու ֆիլմեր: