Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ամենահանճարն ու արցունքոտ մուսան. Պիկասո-Դոռա Մաար

Պաբլո Պիկասո, աշխարհի ամենահայտնի նկարիչներից մեկը, ում նկարները բացում են մի ուրիշ տիեզերք, ում նկարները երևակայելու թևեր են տալիս, մտածելու խորքեր, թռչելու բարձունքներ: Իսպանացի նկարիչ, ով կյանքի մեծ մասն ապրեց Ֆրանսիայում, ով կուբիստական շարժման ակունքներում էր, ով անսահման սիրվեց գեղեցիկն ու տաղանդը գնահատողների կողմից, ով ոգեշնչեց բազում նկարիչների և մնաց անգերազանցելի: Պաբլո Պիկասո՝ ոգեշնչող հանճար:

Պաբլո Պիկասոյի նկարները տարբեր տարիների վաճառվել են ռեկորդային բարձր գներով: Նրա՝ 1941 թ. արված «Դոռա Մաարի դիմանկարը» աշխարհի բոլոր ժամանակների ամենաթանկ նկարների տասնյակում է. 2006 թվականին այն վաճառվել է 95 200 000 դոլլարով:

1621

Դոռա Մաարը ֆրանսիացի նկարչուհի, լուսանկարչուհի և բանաստեղծուհի էր: Պիկասոն նրա հետ ծանոթացել է 1936 թվականին այն սրճարանում, որտեղ ամեն երեկո լինում էր իր ընկեր Պոլ Էլյուարի հետ: Նկարիչը միանգամից նկատում է գեղեցկուհի Դոռային, քթի տակ իսպաներեն հաճոյախոսություններ անում: Դոռան, որ իսպաներեն լավ գիտեր՝ ապրել էր Արգենտինայում, ի պատասխան ժպտում է: Այսպես էլ սկսվում է նրանց սիրավեպը:

0_bb56e_c37bf31c_XXXL
Դոռա Մաար

Տարիներ անց, Պիկասոն պատմել է, որ այդ երեկո Դոռան սև ձեռնոցներով է եղել և զվարճացել է՝ դաշույնի ծայրով մատների արանքներին հարվածելով: Սակայն խաղով տարված՝ Դոռան անզգուշորեն վիրավորել է ձեռքը: Պիկասոն նրանից խնդրել է արունոտված ձեռնոցը, որը ողջ կյանքում պահել է իր մոտ:

Դոռան շատ արագ սիրահարվում է Պիկասո-նկարչին ու Պիկասո-տղամարդուն, նրան դարձնում իր կյանքի իմաստն ու նպատակը: Սակայն Պիկասոյի պես հանճարները երբեք մեկին պատկանել չեն կարող, նրանց անդադար նոր զգացողություններ, նոր մուսաներ, նոր ներշնչանքներ են պետք: Կայունությունը թուլացնում է այդպիսիների հոգին, նրանց դարձնում հողեղեն, սովորական: Իսկ Պիկասոն հողեղեն դառնալ չէր կարող, նա այլաշխարհային էր, տիեզերական, ըստ այդմ էլ՝ մի փոքր դիվային ու դաժան…

Իսկ Դոռան չափազանց նյարդային էր ու անհավասարակշիռ: Անդադար նյարդային նոպաները, վեճերը, խանդի տեսարանները ձանձրացնում էին Պիկասոյին: Չնայած դրան, նրանք առանց միմյանց չէին կարողանում: Մոտ 10 տարի Դոռան Պիկասոյի մուսան էր, սիրելին, ոգեշնչողը, առաջին գնահատողն ու քննադատը: Այդ 10 տարիների ընթացքում իսպանացի նկարիչն իր սիրելի ֆրանսուհի մուսային պատկերող բազմաթիվ դիմանկարներ է արել:

Պիկասոյի ստեղծագործության մեջ Դոռան նշանավորվել է որպես «արցունքներով կին»: Պիկասոն ինքն էլ խոստովանել է, որ Դոռային ժպտալիս երբեք չի պատկերացրել և չի էլ փորձել նկարել: Պիկասոյի արած բոլոր կտավներում Դոռան շատ մեծ աչքերով է՝ տխուր, մտահոգ, արցունքոտ, դառնությամբ լի: Նկարիչն այն կարծիքին էր, որ արցունքները Դոռային գեղեցկացնում են: Պիկասոն նաև հատուկ ուշադրություն է դարձրել նրա մատներին. նուրբ, կարմիր ներկված եղունգներով, որ արյուն են հիշեցնում:

Նյարդային, տաղանդավոր և սիրահարված ֆրանսուհին մեծ հետք է թողել Պիկասոյի ստեղծագործության վրա առհասարակ: Խոսքը միայն նրան պատկերող բազմաթիվ դիմանկարների մասին չէ, այլ բոլոր այն նկարների, որ Պիկասոն ստեղծել է նրա հետ կապի ընթացքում: Դոռան չափազանց լավ ճաշակ ուներ և կարողանում էր արվեստը գնահատել, ինչը շատ կարևոր էր Պիկասոյի համար, դա նրան ուժ ու ներշնչանք էր տալիս:

Սակայն Դոռայի հիստերիայի նոպաները գնալով ավելի անտանելի էին դառնում, Պիկասոն այլևս չէր դիմանում դրանց, իսկ Դոռան ավելի էր նյարդային դառնում Պիկասոյի անտարբերությունից: 1945 թ. Մաարի հոգեկան վիճակն այնքան է վատանում, որ Պիկասոն նրան հոգեբուժարան է տեղափոխում: Երկար ժամանակ բուժվելուց հետո, Դոռան դուրս է գալիս հիվանդանոցից, բայց Պիկասոյի կյանք այլևս երբեք չի վերադառնում…

Պիկասո-Մաար սիրավեպը հետաքրքրել է շատերին. նրանց սիրո մասին երկու գիրք է գրվել, նկարահանվել է ֆիլմ: Նրանց սիրավեպի ընթացքում (1936-1945 թթ.) Պիկասոն տասնյակից ավել դիմանկարներ է արել՝ իրեն հատուկ ոճով Դոռային պատկերելով տխուր, թախծոտ, նյարդային բայց չքնաղ մուսա:

 

  • 27