Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չեմպիոնի «արգելակումն» ու կապանցիների գերիշխանությունն «Արարատի» նկատմամբ. 10 փաստ՝ 27-րդ տուրի հանդիպումներից

Ավարտվեց առաջնության 27-րդ տուրը, որը կրկին սրեց պայքարը չեմպիոնական մրցավազքում: Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստերի տեսքով:

1. Տուրում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, մեկ խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի, որն ընթացիկ առաջնությունում ամենագոլառատն էր: Առաջնության 81 հանդիպումներում դաշտի տերերը հաջողության են հասել 32 խաղում, հյուրերը տոնել են 33 հաղթանակ, 16 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կրկնվեց ընթացիկ առաջնության 9-րդ տուրի արդյունավետության ռեկորդը. 3 խաղում խփվեց 10 գոլ: Առաջնության մեկնարկից խփվել է 171 գոլ: Միջին արդյունավետությունը կազմում է 2,11 գոլ մեկ խաղում:

2. «Ալաշկերտի» 5 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Ընթացիկ առաջնությունում ալաշկերտցիներին այդպես էլ չհաջողվեց սեփական հարկի տակ պարտության մատնել «Փյունիկին»՝ բոլոր 3 հանդիպումներն էլ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում նախորդ երկու խաղերում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

«Ալաշկերտը»  բարձրագույն խմբում երկրորդ անգամ խաղն ավարտեց գերարդյունավետ ոչ-ոքի՝  3:3: Հետաքրքիր է, որ նման առաջին արդյունքը ևս գրանցվել էր «Փյունիկի»  հետ մրցախաղում 2014/15թթ. առաջնությունում: Այդ խաղում «Ալաշկերտն»  առջևում էր 3:0 հաշվով, սակայն փյունիկցիներին հաջողվեց վերջին 17 րոպեներին վերականգնել հավասարակշռությունը:

«Ալաշկերտի»  ներկայիս արդյունքը (27 խաղում՝ 55 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ: Նախորդ մրցաշրջանում ալաշկերտցիները 27 հանդիպումներում իրենց օգտին 52 միավոր էին գրանցել: Չեմպիոնը բարելավեց նաև արդյունավետության իր ցուցանիշը: Եթե նախորդ առաջնության 27-րդ տուրից հետո «Ալաշկերտը»  48 գոլ էր խփել (որից երեքը թիմի հաշվին գրանցվել էր «Ուլիսի»  հետ չկայացած խաղում), ապա ներկայումս ալաշկերտցիները դարձել են 49 գոլի հեղինակ:

sdsds

3. Արթուր Քարտաշյանի խփած գոլի շնորհիվ «Փյունիկին» վերջապես հաջողվեց ընդհատել 306 րոպե տևած գոլային երաշտը: Հետաքրքիր է, որ մինչ այդ փյունիկցիները վերջին գոլը խփել էին 23-րդ տուրում «Գանձասար Կապանի» դարպասը և կրկին աչքի էր ընկել Արթուր Քարտաշյանը, որի հաշվին արդեն 4 գոլ է գրանցված:

Իսկ ահա առանց հաղթանակների խաղերի շարքը շարունակվեց՝ հասնելով 6-ի: Այդ հանդիպումներում «Փյունիկն»  ընդամենը 2 միավոր է վաստակել:

4. «Գանձասար Կապանն» ընթացիկ առաջնությունում բացարձակ առավելության հասավ «Արարատի» նկատմամբ՝  հաղթելով բոլոր 6 հանդիպումներում էլ: Արարատցիների հետ կայացած առաջնության վերջին 10 հանդիպումներից 8-ում հաղթել են գանձասարցիները, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գանձասարցիների նկատմամբ արարատցիները տոնել են 2015թ. մայիսի 30-ին Կապանում՝ 3:0:

Առաջնության գարնանային հատվածի 10 հանդիպումներում գանձասարցիները 25 միավոր են վաստակել, որն «Ալաշկերտի»  հետ լավագույն արդյունքն է:

5. Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Բանանցի» նկատմամբ, որը 20-րդն էր ՀՀ առաջնություններում մրցակցի հետ անցկացրած 68 հանդիպումներում: Առաջնության գարնանային հատվածում շիրակցիները Գյումրիում անցկացրած 6 հանդիպումներում 3-րդ հաղթանակը տոնեցին: Դրանցից երկուսը գրանցվել է «Բանանցի»  նկատմամբ, մեկը՝ «Արարատի»  հետ մրցավեճում:

6. «Բանանցը» բարձրագույն խմբում 600-րդ գոլը բաց թողեց: «Շիրակի» հետ հանդիպումը «Բանանցի»  համար 532-րդն էր: ՀՀ առաջնություններում «Բանանցից»  ավելի շատ գոլեր են բաց թողել միայն «Շիրակը»՝ 785 (675 խաղում) և «Արարատը»՝ 735 (607 խաղում):

Արդեն 6-րդ անընդմեջ խաղում «Բանանցի»  ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը: Թիմի գոլային երաշտը հասավ 563 րոպեի: Ընթացիկ առաջնությունում սա վատագույն ցուցանիշն է:

7. Արտակ Դաշյանն «Ալաշկերտի» կազմում առաջին անգամ դուբլի հեղինակ դարձավ՝ ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցնելով 5-ի և ընդգրկվելով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում: Նա նաև ալաշկերտցիների կազմում առաջին 11մ հարվածն իրացրեց: Առաջնության գարնանային հատվածում 28-ամյա Դաշյանի  հաշվին 3 գոլ է գրանցված: Այդ ցուցանիշով նա գերազանցեց թիմի նախկին հարձակվող Արսեն Բալաբեկյանի արդյունավետության տարիքային ռեկորդը, ով 28 տարեկանում 2 գոլի հեղինակ էր դարձել:

8. Շիրակցի Սոլոմոն Իմե Ուդոն բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Դրա համար նրանից 47 խաղ պահանջվեց: Ուդոն ընդգրկվեց «Շիրակում» գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում՝ տեղ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականում: Նա «Բանանցի» դարպասը գրավեց 21 տարեկան 303 օրականում: Ցուցակը գլխավորում է «Շիրակի»  նախկին լեգեոնական Էմանուել Գյամֆին՝ գյումրեցիների կազմում գոլերի հաշիվը բացելով 19 տարեկան 269 օրականում:

9. Լուբամբո Մուսոնդայի խփած գնդակը դարձավ ՀՀ առաջնություններում «Գանձասար Կապանի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված ընդհանուր 750 –րդ գոլը: Մուսոնդան ընթացիկ մրցաշրջանում 5-րդ գոլը խփեց, որը 7-րդն էր գանձասարցիների կազմում: Այդ ցուցանիշով նա թիմի ամենաարդյունավետ լեգեոնականների հնգյակում է:

10. Շիրակցի Անատոլի Այվազովն ընթացիկ առաջնությունում դարպասը 14-րդ անգամ անառիկ պահեց և այդ ցուցանիշով հավասարվեց լավագույն արդյունքն ունեցող գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանին: 21-ամյա Այվազովն առաջնության գարնանային հատվածում անցկացրած 10 հանդիպումներից 5-ում գոլ բաց չի թողել: Նա կրկնեց թիմի նախկին դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանի տարիքային ռեկորդը, ով 21 տարեկանում 1992թ. առաջնության 8 խաղերից 5-ում դարպասն անառիկ էր պահել:

 Աշոտ Հայրապետյան


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»