Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. Հայացք 21-րդ տուրի հանդիպումներին

«Վիվառո Նյուզն» ամփոփել է Բարձագույն խմբի 21-րդ տուրը, որում գոլեր գրանցվեցին միայն մեկ խաղում:

«Շիրակը» վերջապես վերագտել է իր խաղը

Ինչպես երևում է, 17-օրյա խաղային դադարը և դրան հաջորդած 5 օրում «Միկայի» և «Արարատի» հետ անցկացրած ծանր մրցախաղերը բացասաբար են անդրադարձել «Ալաշկերտի» ֆուտբոլիստների վրա: Նրանք կարծես ընկել են խաղային ռիթմից: Դա զգացվեց «Շիրակի» հետ մրցավեճում, որում «Ալաշկերտը» չկարողացավ իրեն դրսևորել ինչպես հարկն է ու առաջնության գարնանային հատվածում 2-րդ պարտությունը կրեց:

Իսկ ահա «Շիրակի» ֆուտբոլիստները խաղից խաղ իրենց ավելի լավ են դրսևորում՝ աչքի ընկնելով հարձակողական ակտիվ գործողություններով ու արդյունավետությամբ: «Շիրակը» վերջապես վերագտել է իր խաղը, զգալի առաջընթաց է ապրել և հաջող ելույթները շարունակելու դեպքում կարող է ներգրավվել չեմպիոնի կոչման համար մղվող պայքարում:

Աբրահամ Խաշմանյանն այս անգամ նախընտրել էր խաղադաշտ դուրս բերել մեկ հարձակվողի՝ պահեստայինների նստարանին թողնելով Հեբեր Արաուխոյին: Ճիշտ է, վերջինս ընդմիջումից անմիջապես հետո միացավ թիմակիցներին, սակայն դա էլ չօգնեց հյուրերին քիչ թե շատ վտանգավոր պահեր ստեղծելու շիրակցիների դարպասին:

Իսկ ահա գյումրեցիները հատկապես 2-րդ խաղակեսում ակտիվ խաղի շնորհիվ կարողացան իրացնել մրցակցի նկատմամբ ունեցած առավելությունն ու արժանի հաղթանակ տոնեցին: Հանդիպման հերոսը դարձած Դրիսա Դիարասուբան առջևի գծում լավ համագործակցելով Կուակուի և շատ շուտ կոլեկտիվին մերված ու ագրեսիվ խաղով աչքի ընկնող Նեմանյա Ստոշկովիչի հետ, դարձավ դուբլի հեղինակ՝  հաղթանակ պարգևելով իր թիմին: Եվ միայն ավելացված ժամանակում հյուրերին հաջողվեց Միհրան Մանասյանի գլխի հարվածի շնորհիվ կրճատել հաշիվը:

Ոչ-ոքիների համաճարակ «Արարատում»

Կապանում նախորդ 2 հանդիպումները վերելքով անցկացրած և հաղթանակներ տոնած գանձասարցիները խաղադաշտ էին դուրս եկել հաջողությունը զարգացնելու վճռականությամբ: Առաջնության գարնանային հատվածում առայժմ հաղթանակի բերկրանքը չվայելած և վերջին 3 խաղերը ոչ-ոքի ավարտած արարատցիներն էլ վերջապես հաջողության հասնելու տրամադրվածությամբ էին ժամանել Կապան:

Խաղադաշտում թեժ մրցակցություն ծավալվեց: Երկու թիմերն էլ պրեսինգի էին դիմել՝ պայքարելով խաղադաշտի յուրաքանչյուր հատվածի համար, զրկելով մրցակցին ազատ գործելու հնարավորությունից:

Արարատցիները հավատարիմ իրենց խաղաոճին, հիմնականում ապավինել էին երկար փոխանցումներով գործողություններին: Նրանց գրոհները միօրինակ էին և հիմնականում ավարտվում էին բարձրից տուգանային հրապարակ կատարվող փոխանցումներով, որոնք առանձնակի վտանգ չէին պարունակում դաշտի տերերի համար: Նույնը կարելի է ասել նաև ստանդարտ իրադրությունների իրացման մասին: Պատահական չէ, որ այդպես էլ արարատցիները ողջ հանդիպման ընթացքում չկարողացան գոլային լուրջ պահեր ստեղծել մրցակցի դարպասին:

Իսկ ահա գանձասարցիները գործելով ավելի բազմազան ու կոմբինացիոն ոճով, մի քանի անգամ կարող էին գրավել «Արարատի» դարպասը: Սակայն այս անգամ մարզական բախտը կարծես երես էր թեքել նրանցից: Նպաստավոր դիրքերից վրիպեցին Գոգիտա Գոգատիշվիլին, Տիգրան Բարսեղյանը և Նարեկ Բեգլարյանը:

«Արարատում» ոչ-ոքիների համաճարակ է սկսվել: Արդեն 4-րդ անընդմեջ խաղում արարատցիները դաշտից հեռանում են մեկ միավոր վաստակած, ընդ որում վերջին 2 հանդիպումներն ավարտում են գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում «Արարատն» իր օգտին արդեն 9 ոչ-ոքի է գրանցել՝ հավասարվելով այդ ցուցանիշով ռեկորդակիր «Բանանցին»:

Խաղային անկում «Փյունիկում»

«Փյունիկը» լավ հնարավորություն էր ստացել կրճատելու միավորների տարբերությունը նախորդ օրը Գյումրիում պարտված «Ալաշկերտից»: Սակայն դա այնքան էլ դյուրին խնդիր չէր՝ հաշվի առնելով առաջնության գարնանային հատվածում «Միկայի» հաջող խաղն ու հյուրընկալվելիս մրցակցի հետ վերջին 9 հանդիպումների տխուր վիճակագրությունը:

Հանդիպումն աչքի չընկավ դիտարժան պայքարով, գոլային պահերն էլ սակավաթիվ էին: Փոխարենը հաճախակի էին խաղի կանոնների խախտումները, որոնց հետևանքով վնասվածքների պատճառով խաղադաշտը թողեցին փյունիկցիներ Արթուր Քարտաշյանն ու Լևոն Հայրապետյանը և «Միկայի» խաղացող Բրունո Կոնեն: Քարտաշյանին նույնիսկ հիվանդանոց տեղափոխեցին:

Խաղասկզբում «Փյունիկից» կարող էր աչքի ընկնել Վարդգես Սաթումյանը, սակայն դրությունը փրկեց մրցակցի պաշտպան Աշոտ Կարապետյանը: Վերջինս էլ առաջին խաղակեսի ավարտին կարող էր բացել հաշիվը, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց: Ճիշտ է, «Միկան» 77-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը գտավ, որ մինչ այդ Վարդան Մովսիսյանը խախտել է կանոնները: Այնպես որ այս խաղում էլ գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց:

Վերջին շրջանում չեմպիոնի խաղը խամրել է ու տպավորություն չի թողնում, որի արդյունքում «Փյունիկը» 3-րդ շրջանում ընդամենը 9 միավոր վաստակեց: Իսկ ահա կազմը զգալիորեն փոփոխած «Միկան» հաջող ելույթներ ունեցավ՝ իր օգտին գրանցելով 12 միավոր, ինչը երկրորդ արդյունքն է առաջնության մասնակիցների մեջ «Շիրակից» հետո:

Մրցաշարային աղյուսակ

2016-04-11 11_34_04-2015-2016

8 փաստ 21-րդ տուրի մասին

Արդեն 4-րդ անընդմեջ տուրում դաշտի տերերն անհյուրընկալ գտնվեցին՝ կրկին թույլ չտալով հյուրերին գոնե մեկ հաղթանակ տոնել: Առաջնությունում կայացած 78 հանդիպումներում դաշտի տերերը 32 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 22 անգամ, 24 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի:

Առաջնության 3-րդ շրջանի ավարտական տուրում գրանցվեց ամենացածր արդյունավետությունը` ընդամենը 3 գոլ: Առաջնության մեկնարկից անցկացված 78 խաղում 186 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,38 գոլ մեկ խաղում:

«Շիրակին» վերջապես հաջողվեց ընդհատել «Ալաշկերտի» հետ առաջնության հանդիպումներում երկամյա անհաջողությունների շարքը: Նախորդ 6 հանդիպումներից 4-ում հաղթել էին ալաշկերտցիները, 2-ում գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 3 խաղերն էլ ավարտվել էին «Ալաշկերտի» հաղթանակով:

«Փյունիկը» բարձրագույն խմբում 100-րդ անգամ խաղն ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ փյունիկցիները 2-րդ անընդմեջ խաղում դաշտից հեռացան առանց գոլ խփելու: Չեմպիոնը 3-րդ շրջանում իր օգտին ընդամենը 9 միավոր գրանցեց:

«Միկան» սեփական հարկի տակ «Փյունիկի» հետ անցկացրած առաջնության վերջին 10 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 7 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Միկան» սեփական դաշտում փյունիկցիներին պարտվել է 2011թ. հունիսի 26-ին՝ 0:1:

«Արարատի» ավագ Նորայր Գրիգորյանը բարձրագույն խմբում 306-րդ հանդիպումն անցկացրեց և ընդգրկվեց ՀՀ առաջնություններում ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների տասնյակում: Այն գլխավորում է նախկին շիրակցի Հովհաննես Թահմազյանը՝ 461 խաղ: Գործող ֆուտբոլիստներից Գրիգորյանը զիջում է միայն գյումրեցի Կարեն Ալեքսանյանին, ով բարձրագույն խմբում մասնակցել է 317 խաղի:

ՀՀ առաջնություններում Միհրան Մանասյանը 45-րդ գոլը խփեց: Այդ գոլերից 40-ը նա իր օգտին է գրանցել «Ալաշկերտում»՝ հանդիսանալով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն: Ընթացիկ առաջնությունում Մանասյանին առաջին անգամ հաջողվեց գրավել «Շիրակի» դարպասը, որի շնորհիվ 14 գնդակով կրկին միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը:

Տուրն աչքի ընկավ մարզիչների հեռացմամբ: Տեխնիկական գոտուց հեռացվեցին «Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանն ու «Արարատի» մարզիչ Ստեփան Բաղդասարյանը:

  • 8

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»