Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանց-2»-ի վաղաժամ չեմպիոնությունը և Դիեգո Ռոսի Մարաշլյանի դուբլն Ուրուգվայում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 15-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • SkySports-ը քվեարկություն է սկսել՝ պարզելու Պրեմիեր լիգայի 2016/17թթ. առաջնության լավագույն գոլը: Հավակնորդների թվում է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասը «կարիճ» հարվածով ուղարկած գնդակը:
  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրում «Բանանց-2»-ը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Էրեբունիին»՝ շնորհիվ Օրբելի Համբարձումյանի միակ գոլի: «Բանանց-2»-ն առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովել է Առաջին խմբի առաջնության չեմպիոնի կոչումը: Տուրի մյուս մրցավեճում «Արարատ-2»-ը 2-1 հաշվով պարտության է մատնել «Գանձասար-Կապան-2»-ին: Գարեգին Կիրակոսյանի դուբլին հյուրերից պատասխանել է Էրիկ Աթայանը:
  • Ուրուգվայի Ապերտուրայի (Բարձրագույն խումբ) 15-րդ տուրում «Պենյարոլը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթանակ է տոնել «Ռասինգի» նկատմամբ: Իր թիմի 2-րդ և 3-րդ գոլերն է հեղինակել Դիեգո Ռոսի Մարաշլյանը՝ փոխարինման մտնելով 51-րդ րոպեին: «Պենյարոլն» ընթանում է 3-րդ հորիզոնականում:

  • Goal.com. «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը, ով ձմռանից սկսած վարձավճարով հանդես է գալիս հունական «Վերիյա» ակումբում, ամռանը լրիվ տրանսֆերով կհեռանա ֆրանսիական ակումբից:
  • Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել «Էշտորիլի» հետ հանդիպումը: Թիմն այժմ վաստակած 49 միավորով 6-րդ տեղում է և եզրափակիչ տուրից առաջ հետապնդող «Ռիու Ավեին» գերազանցում է 3 միավորով: Գևորգ Ղազարյանի թիմը վերջին տուրում առնվազն ոչ-ոքի խաղալու դեպքում ձեռք կբերի Եվրոպայի լիգայի ուղեգիր:
  • Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Ուֆայի» հետ հանդիպումից (1-2) երկու ժամ առաջ մահացել է «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի մայրը: Նա մրցավեճից հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին, քանի որ անմիջապես մեկնել է օդանավակայան՝ ներկա գտնվելու ընտանիքի կողքին:

Ալեքսանդր Գրիգորյաննն

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալել է «Ռուբինին» և հաղթանակ տոնել 4-2 հաշվով: Խորեն Բայրամյանը խաղը բաց է թողել որակազրկման պատճառով: Իվան Դանիելյանցի գլխավորած թիմը կիսում է 5-6-րդ հորիզոնականները:
  • Ուկրաինական «Զարյան» «Ալեքսանդրիայի» նկատմամբ հաղթանակից հետո պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը Եվրոպայի լիգայի գավաթի 2017/18թթ. խաղարկությանը: «Զարյան» առաջնության 29-րդ տուրից հետո 3-րդ հորիզոնականում է՝ վաստակած 45 միավորով: Թիմը, որտեղ հանդես է գալիս Գեղամ Կադիմյանը, Ուկրաինան ԵԼ-ի մրցաշարում կներկայացնի 4-րդ տարին անընդմեջ:
  • Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնի «Ռեյմսի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը բանակցություններ է վարել «Մոնպելյեյի» հետ, և սպասվում է, որ նա արդեն այս շաբաթվա ընթացքում կգլխավորի թիմը: Վերջինս Ֆրանսիայի ուժեղագույն դիվիզիոնում այս պահին 15-րդ տեղում է: «Մոնպելյեն» ֆրանսահայ 54-ամյա մասնագետին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
  • Չեխիայի Երիտասարդական լիգայի 26-րդ տուրում «Տեպլիցեն» հյուրընկալվելիս 1-5 հաշվով պարտություն է կրել «Բոհեմիանս 1905»-ից: Դավիթ Մարտիրոսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 80-րդ րոպեին: «Տեպլիցե Մ-21»-ը 12-րդ տեղում է: