Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բադմինթոնի ԵԱ. Լիլիթ Պողոսյանը պարտվում է առաջին խաղում

Դանիայի Կոլդինգ քաղաքում մեկնարկել է բադմինթոնի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի բազմակի չեմպիոն Լիլիթը Պողոսյանը պայքարը սկսեց 1/64 եզրափակչից: Հայ մարզուհու մրցակիցը Ֆինլանդիան ներկայացնող Նանա Վաինիոյինն էր: Համառ պայքարում Պողոսյանը զիջեց Օլիմիպիական խաղերի մասնակցին և դուրս մնաց հետագա պայքարից:

Բադմինթոնի թիվ մեկ ռակետը մտադիր է ևս մի քանի օր մնալ և մարզումներ անցկացնել Կոլդինգում, այնուհետև մայիսի 1-ին մեկնել Դանիայի մեկ այլ քաղաք՝ Հոլբեկ, որտեղ բադմինթոնի Եվրոպայի կոնֆեդերացիայի հրավերով կմասնակցի  Centre of Excellence-ի մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքին՝ ծանոթանալով է գլխավոր մարզչի հետ, ինչպես նաև այնտեղի պայմաններին, որպեսզի սեպտեմբերից տեղափոխվի Դանիա։

«Շնորհակալ եմ բոլորին ինձ ոգևորելու համար։ Կներեք, որ չեմ կարողանում արդարացնել ձեր սպասելիքները։ Կյանքն ինձ համար էսպիսի լավ ու վատ օրեր է պատրաստում։ Վերջին երկու շաբաթը Հայաստանում իսկապես հրաշալի էր մարզումների առումով։ Իսկ ես կատարյալ չեմ, այս անհաջողությունն ինձ պահում է հավասարակշռության մեջ։ Ձեզ հետ իմ ճանապարհը կիսելով՝ ուզում եմ իմանաք, որ ոչ ոք կատարյալ չէ, ոչ ոք անհաջողություններից փախչել չի կարող, իսկ հայ մարզիկները բացառություն չեն։ Նույնիսկ եթե ամեն ինչ տալիս ես, թվում է՝ մարզումների ընթացքում հոգնածությունից ու ծանրաբեռնվածությունից ուշաթափվելու ես, կան բաներ, որ ուղղակի պիտի կատարվեն»,-գրել է Լիլիթը իր ֆեյսբուքյան էջում: