Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աշոտ Բարսեղյան. «Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ բնավորություն ունի, որը պետք է լավ իմանանք»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Առաջին հերթին, բոլորին շնորհավորում եմ տոնական օրվա առթիվ: Ինչ վերաբերում է խաղին, ապա բոլորդ էլ տեսաք, որ լավ հանդիպում էր: Բոլորս գիտեինք, որ «Փյունիկն» ուժեղ կոլեկտիվ է: Սա մեր առանքային խաղերից մեկն էր: Շնորհակալ եմ բոլոր տղաներին առաջադրանքը կատարելու համար: Մի քիչ նյարդային հանդիպում էր, տղաները մի պահ կորցրին կենտրոնացումը: Ցավում եմ, որ ավելորդ խոսելու համար ստացած դեղին քարտերի պատճառով կորուստներ ունեցանք հաջորդ մրցավեճից առաջ: Եթե զգուշացումները ստանային խաղային իրավիճակներից, ինչ-որ տեղ կընդունեինք:

Սարգիս Շահինյանի փոխարինումը նրանով էր պայմանավորված, որ նա չարաշահում էր անհատական խա՞ղը:

-Ոչ: Սարգիսը շատ որակյալ, կրեատիվ երիտասարդ է: Նրա հետ անհատական աշխատանք ենք կատարում: Նա դեռ պետք է ավելացնի ֆիզիկական տեսանկյունից: Երբ մի փոքր հոգնում է, ազդում է ելույթի վրա: Ես նրա մեջ հեռանկարային ֆուտբոլիստ եմ տեսնում: Ասում են՝ սովորականից ծանր է, բայց պետք է հաշվի առնել նրա գենետիկան: Այս տղան 6 կգ է ծնվել: Այո, հավատացե՛ք, դա այդպես է: Նրան փոխարինեցինք տակտիկական նկատառումներով: Վալմերսոնին տարանք եզր, նաև Ռաֆայել Ղազարյանին, ում աշխատանքից շոտ գոհ եմ:

Դուք նշեցիք էմոցիոնալ խաղի գործոնը, բայց, դրա հետ մեկտեղ, թիմը բավականին հստակ էր գործում…

-Տղաները պետք է 90 րոպե կարգապահ գործեն: Կարգապահությունը հաղթանակի գրավականն է: Շատ ժամանակ խաղի ընթացքում որոշ արտահայտություններ ենք անում, հետո հասկանում, որ չպետք է ասեինք:

Կուզենայի խորին շնորհակալություն հայտնել մեր ակումբի նախագահին, ով այսօր այստեղ էր, ինչպես նաև մնացած անձնակազմին, որոնց աջակցությունը միշտ զգում եմ:

Դարպասապահ Ֆիլիպ Իլիկը խաղաժամանակ չի ստանում: Նրան հրավիրելու նպատակը Մելիքսեթյանի հետ մրցակցություն ապահովե՞լն էր, թե՞ նա չի խաղում, քանի որ պարտվել է այդ մրցակցությունում:

-Սկսել եք շատ հասկանալ ֆուտբոլից, ինչն ինձ վախեցնում է (ծիծաղում է): Նա լավ դարպասապահ է: Պարզապես Մելիքսեթյանն Իլիկի գալից հետո շատ ավելի լավ է խաղում: Մրցակցությունը շատ կարևոր գործոն է: Սկսած մարզումներից, խաղերից՝ դա զգացվում է: Ֆուտբոլում ով պատրաստ է, նա էլ խաղում է: Իլիկը խաղում է Առաջին խմբի առաջնությունում, իսկ գլխավոր թիմում դեռ հնարավորություն կստանա:

Բավական էմոցիոնալ եք արձագանքում հատկապես Վալմերսոնի և Մուսոնդայի գործողություններին: Հետաքրքիր է, որ նրանք այդ բուռն քննադատությունից հետո գրեթե միշտ բարելավում են իրենց խաղն ու աչքի ընկնում արդյունավետությամբ…

-Ես շատ լավ գիտեմ նրանց բնավորությունը: Նրանք որակյալ ֆուտբոլիստներ են: Մեր փիլիսոփայությունը եզրային արագ անցումներն են, և այդ տղաներից շատ բան է կախված: «Շիրակի» հետ նախորդ խաղում Մուսոնդային մրցակիցը լավ էր փակել, և մեր խաղը չէր ստացվում: Լավ է, Մուսոնդան անգլերեն գիտի, իսկ Վալմերսոնը նույնիսկ իր մայրենի լեզուն՝ պորտուգալերենը չգիտի (ծիծաղում է): Շատ դժվար է նրանց հետ հաղորդակցվելը: Ուրախալի է, որ գոնե Կլաուդիր Մարինին եկավ, այստեղ լեզու սովորեց: Սա բարդ խնդիր է: Ես էլ լեզու «կիսատ-պռատ», նրանք էլ «կիսատ-պռատ» և իրար չենք հասկանում (ծիծաղում է):

Խաղերից հետո, երբ նրանց բացատրում ենք, ամեն ինչ կարգին է լինում, բայց մրցավեճի ընթացքում այդ մեկ ակնթարթն էլ կարևոր է: Դրա պատճառով էլ հաճախ էմոցիաները տեղի են տալիս: Մենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի յուրովի ենք մոտենում: Մուսոնդան կարծես երեխայի բնավորություն ունենա, պետք է հետը զգույշ խոսես: Ֆուտբոլիստներ կան՝ «չոբանի» բնավորություն ունեն, ինչ էլ ասես կլինի (ծիծաղում է): Բոլորն էլ յուրահատուկ բնավորություն ունեն, որը պետք է լավ իմանանք: Բոլորին էլ շատ եմ սիրում:


Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Աշոտ Բարսեղյան. «Այս ոչ-ոքիից ավելի շատ կորցրինք մենք, քան շահեց «Բանանցը»

Աշոտ Բարսեղյան. «Շիրակը» մեզ թույլ չտվեց շատ պահեր ստեղծել իր դարպասի մոտ»

Աշոտ Բարսեղյան. «Արարատի» գոլից հետո տղաները կաշկանդված էին գործում»

Աշոտ Բարսեղյան. «Ինձ շատ ուրախացրեց, որ տղաները կամային որակներ դրսևորեցին»

Աշոտ Բարսեղյան. «Ձմռանը նախընտրեցինք չհրավիրել միջակ լեգեոներների, այլ աշխատել տեղացի ֆուտբոլիստների վրա»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք»

Աշոտ Բարսեղյան. «Հարկադրաբար ենք հույս դնում լեգեոներների վրա. եթե նրանց չբերենք, ապա ո՞վ պետք է խաղա»

Արկադի Անդրեասյանի և Աշոտ Բարսեղյանի հետխաղյա ասուլիսը