Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ալեքսանյան.«Այս անգամ ավելի պատրաստված կմոտենամ Օլիմպիական խաղերին»

Artur Aleksanyan won Silver of European Wresting Championship

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը երեկ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Արթուրի հետ VMag ամսագիրը զրուցել էր դեռ 2015թ. հոկտեմբերին` Աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո:

– Արթուր, շնորհավորում ենք երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Ինչքա՞ն դժվար տրվեց երկրորդ տիտղոսը:

– Շնորհակալություն: Միշտ էլ ասել եմ՝ չեմպիոն դառնալը դժվար է, բայց տիտղոսը պահելն ավելի դժվար, որովհետև այս մեկ տարվա ընթացքում բոլոր մրցակիցները պատրաստվում են հենց քո դեմ գոտեմարտին: Ճիշտ է, այս տարի էլ հաղթանակը դժվար տրվեց, բայց այս անգամ վստահությունն ավելի մեծ էր, ինչը երևի փորձի արդյունք է:

– Արդյո՞ք այս առաջնությանը մասնակցում էին բոլոր հիմնական հավակնորդները, որոնց հետ ծավալվելու է պայքարը նաև հաջորդ տարվա օլիմպիական խաղերի ժամանակ:

– Ինձ համար բոլոր մրցակիցներն էլ հիմնական են: Ճիշտ է հերթական անգամ տիտղոսի համար պայքարը ծավալվեց իրանցի Ղասեմ Ռեզայիի հետ, ով գործող օլիմպիական չեմպիոնն է, սակայն շատ կան ուժեղ ըմբիշներ, որոնք անպայման հավակնելու են օլիմպիական ոսկու: Քանի որ այս մրցաշարը վարկանիշային էր, բոլորն էլ մասնակցում էին:

– Ի՞նչ մտքեր ու զգացողություններ եք ունենում գոտեմարտի ժամանակ:

– Բնականաբար, բոլոր մտքերս կենտրոնացած են գոտեմարտի շուրջ, որպեսզի սխալ թույլ չտամ ու խելացի գործեմ: Շատ կարևոր է մարզիչներին լսելը, որը իրականում շատ բարդ է ու ամեն ըմբիշի մոտ չի ստացվում, մի փոքր լարվածությունը կարող է խանգարել դրան: Ես լսում եմ մարզիչներին ու փորձում ոչ մի վայրկյան չթուլացնել, անցկացնել գոտեմարտը ըստ պլանավորած մարտավարության:

– Արդյո՞ք լսում եք երկրպագուներին, ու ի՞նչ ազդեցություն է դա ունենում:

– Երկրպագուները ձայները երբեմն լսում եմ, երբեմն ոչ, կախված է նրանց քանակից և դահլիճից: Օրինակ, վերջին աշխարհի առաջնության ժամանակ, որն ընթանում էր Լաս Վեգասում, հայ երկրպագուները շատ էին ու շատ օգնեցին: Դա իրոք ազդում է, ոգևորում ու միշտ հաճելի է մարզադահլիճում երկրպագուների մեծ բանակ ունենալը:

Armenia's Artur Aleksanyan celebrates after winning a gold medal during his Greco-Roman Wrestling 96kg gold medal match against Bulgaria's Vladislav Metodiev at the Senior Wrestling European Championship in Tbilisi, March 23, 2013. AFP PHOTO/VANO SHLAMOV

– Պատկերացրե՞լ եք, ինչպիսի՞ն կարող է լինել նման մեծ մրցաշարը, եթե այն անցնի Հայաստանում:

– Շատ եմ ուզում, որ որևէ մեծ մրցաշար, Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություն անցկացվի Հայաստանում, մասնակցեմ ու լավ ելույթ ունենամ: Միշտ երազել եմ Հայաստանի մեջ հաղթել: Հույս ունեմ մինչև կարիերայիս ավարտը այդ հնարավորությունը կունենամ:

– Ինչպե՞ս եք պատրաստվում մրցաշարերին:

– Մեծ մրցաշարերից առաջ միշտ հավաքներ ենք անցկացնում: Մարզիչները մշակում են մարզման ծրագիրը, որի համաձայն էլ շարժվում ենք, ավելի շատ շեշտը դնելով գորգային մարզումների վրա: Աստիճանաբար մարզումները նվազեցնում ենք, ռեժիմը խստացնում: Ամեն ինչ հաշվարկված է, քնելը, վեր կենալը, սնվելը: Նաև հոգեբանորեն ենք պատրաստվում, մտքերը կենտրոնացնում մրցումների վրա և փորձում զերծ մնալ ավելորդ նյարդայնանալուց:

– Իսկ ինչպիսի՞ն է աշխարհի չեմպիոնի առօրյան:

– Ամեն օր երկու մարզում եմ անցկացնում, առավոտյան և ցերեկը: Կեսօրին հանգստանում եմ, իսկ երեկոները սովորաբար անցկացնում եմ ընկերներիս հետ: Որևէ կոնկրետ նախասիրություն չեմ առանձնացնի, կարևորը՝ ժամանակս անցկացնեմ ընկերներիս հետ:

– Ոչ մարզական ի՞նչ նպատակներ ունի Արթուր Ալեքսանյանը:

– Ես սկսել եմ մարզվել 6 տարեկանից, և իմ ամբողջ կյանքը ապրել ու պատկերացրել եմ միայն սպորտի մեջ: Ուստի, միշտ կենտրոնացել եմ սպորտային նպատակների վրա ու աշխատել միայն այդ ուղղությամբ: Սպորտից հետո, իհարկե, կունենամ նաև այլ նպատակներ, սակայն այդ ուղղությամբ առայժմ չեմ մտածում:

– Ձեր 24 ամյակը բոլորովին վերջերս լրացավ, բայց արդեն Ձեր նախանշած մարզական նպատակներից շատին հասել եք: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կյանքն այն բանից հետո, երբ հասնեք նաև երրորդ նպատակին՝ դառնաք օլիմպիական չեմպիոն:

– Այո, երկու նպատակները, Եվրոպայի և Աշխարհի ոսկե մեդալներն արդեն նվաճել եմ, ու հույս ունեմ երրորդն էլ կստացվի: Չեմ ուզում առաջ ընկնել, այդ մասին չեմ էլ մտածում, բայց եթե հաջողվի հասնել, նույն տրամադրվածությամբ շարունակելու եմ մարզվել, որպեսզի հաջողությունները շարունակական լինեն:

– Ինչո՞վ է տարբերվում օլիմպիական գորգը:

– Օլիմպիական խաղերի ժամանակ ավելի մեծ շոու է, լսարանը մեծ է, քանի որ 4 տարին մեկ անգամ է անցկացվում: Նախորդ օլիմպիական խաղերի ժամանակ ես ընդամենը 20 տարեկան էի, փորձս ավելի քիչ էր, բացի այդ նոր էի մտել մեծահասակների պայքար: Կարծում եմ, այս անգամ ավելի պատրաստված կմոտենամ խաղերին, քանի որ կուտակած փորձ ունեմ:

– Ինչպե՞ս եք հանգստանում:

– Հանգստանալու համար սովորաբար մեկնում եմ արտերկիր, անցկացնում 1-2 շաբաթ: Նախընտրում եմ ծովափնյա հանգստավայրեր, քանզի ծովը օգնում է վերականգնվել:

– Ո՞րն է եղել ամենացավալի պարտությունը:

– Հիմնական պարտությունս եղել է 2013թ. Աշխարհի առաջնության ժամանակ, երկու չեմպիոնական մրցաշարերից առաջ: Եզրափակչում մրցում էի ռուս Նիկիտա Մելնիկովի հետ, ու երբ ընդամենը 40 վայրկյան էր մնացել գոտեմարտի ավարտին, ինձ թվում էր, որ վերջին միավորը ես եմ տարել ու հաղթում եմ: Դահլիճը լիքն էր, և աղմուկը խանգարում էր լսել մարզիչներիս, ու ես չէի հաշվարկել, որ նկատողությունների պատճառով ես պարտվողի դերում կհայտնվեմ: Ամենաշատն ափսոսում են հենց այդ գոտեմարտի համար, որովհետև եթե լսեի մարզիչներիս ու ավելի ճիշտ կողմնորոշվեի, հիմա աշխարհի եռակի չեմպիոն կլինեի:

– Ինչպե՞ս են ազդում Ձեզ վրա մրցավարական սխալները:

– Մրցավարական սխալները միշտ եղել են, ուստի պետք չէ դրանց շատ լուրջ վերաբերվել: Փոխարենը կարելի է գոտեմարտել այնպես, որ մրցավարներին թույլ չտաս սխալվել, այսինքն՝ անցկացնես այնպիսի վառ գոտեմարտ, ստեղծես միավորների այնպիսի տարբերություն, որ մրցավարներին ոչ մի հնարավորություն չթողնես միջամտելու:

Artur Aleksanyan

– Հանդես էիք գալիս գերմանական Բունդեսլիգայում: Ի՞նչ տվեց դա Ձեզ:

– Բունդեսլիգայում ամեն շաբաթ գոտեմարտում ես, ինչը թույլ է տալիս միշտ մարզավիճակում լինել: Հատկապես Աշխարհի առաջնությունից հետո, երբ մրցաշարեր գրեթե չկան, դա շատ մեծ օգուտ է տալիս: Այնտեղ հանդիպում են թե թույլ, թե ուժեղ մրցակիցներ: Մարզվելու համար համապատասխան պայմաններ կային, բացի այդ երկրպագուները ևս ակտիվ էին և ամեն կերպ աջակցում էին:

– Արդյո՞ք տարբերություն կա մարզիչների ու նախապատրաստության մոտեցումների տարբերություններ Հայաստանի և արտերկրի մեջ:

– Տարբերությունն այն է, որ մենք այդ առումով ավելի ուժեղ ենք: Մեր մարզիչները համաշխարհային մակարդակի մարզիչներ են և աշխարհում մեծ հարգանք են վայելում:

– Պատկերացնո՞ւմ եք Ձեզ որպես մարզիչ:

– Չեմ պատկերացրել ինձ որպես մարզիչ և առայժմ նման ցանկություն էլ չունեմ:

– Բացի մարզումներից, ի՞նչն եք կարևորում Ձեր կարիերայում հաջողության հասնելու գործում: Ձեզ հաճախ ենք տեսնում նաև եկեղեցում:

– Այո, երբ Գյումրիում եմ, միշտ հաճախում եմ եկեղեցի, դա ինձ ուժ և հանգստություն է տալիս, ինչպես, երևի, բոլորին: Իսկ ընդհանրապես, հաջողության համար շատ աշխատանք է պետք ու ձգտում, ուրիշ ոչինչ:

– «Սպիտակ Արջ» մականունն ինչպե՞ս է առաջացել:

– Առաջին անգամ օգտագործել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Շատ նորմալ եմ վերաբերվում, որևէ վատ բան չեմ տեսնում դրա մեջ:

– Որտե՞ղ եք տեսնում Ձեզ կարիերայից հետո:

– Ես շատ եմ կապված Գյումրու հետ, չնայած տեսել եմ այն միայն երկրաշարժից հետո, բայց մեծացել եմ այստեղ ու ինձ այլ տեղ չեմ պատկերացնում: Երազում եմ, որպեսզի այն դառնա այն առաջվա գեղեցիկ քաղաքը, որի մասին այդքան պատմում են:

Զրուցեց՝ Կարեն Ռաֆայելյանը
VMag ամսագիրը անվճար կարող եք ձեռք բերել Վիվառոյի բոլոր բեթշոփերում և Երևանի մի շարք սրճարաններում:


Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում

Արթուր Ալեքսանյանը պարտվում է քառորդ եզրափակչում

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանն ու Արթուր Շահինյանը եզրափակչում են

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» մրցանակի

Կիևի մրցաշարին Հայաստանը կներկայանա 10 ըմբիշով

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն այս տարի նոր շենք կունենա

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)