Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Պետրոսյան. «Մխիթարյանը չի կարող խաղալ միայն դարպասապահի դիրքում, քանի որ այդքան էլ բարձրահասակ չէ»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ղազախստանի ընտրանու հետ վաղը կայանալիք ընտրական հանդիպմանը հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին.

-Խաղալու են հավասար թիմեր, նշանակություն չունի, որ հետնապահներ են ենթախմբում: Շատ լարված խաղ է ընթանալու: Դիտել եմ Կիպրոսի հավաքականի հետ ընկերական խաղը և արել եզրակացություններ: Ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար: Երկրպագուներին հորդորում եմ աջակցել մեր թիմին:

Պաշտպանության աջ թևում կա մեծ մրցակցություն՝ Կամո Հովհաննիսյանի և Հովհաննես Համբարձումյանի միջև: Որոշե՞լ եք, թե ով է խաղալու վաղը:

-Կամոն իր ակումբում խաղում է կիսապաշտպանի դիրքում, ուստի եթե որոշում կայացնենք նրա օգտին, ապա նա կխաղա որպես կիսապաշտպան: Հովհաննեսը փոքր վնասվածք է ստացել, վերջնական որոշում կկայացնենք վաղն առավոտյան:

Դավիթ Մանոյանը բացակայելու է: Դա ինչպե՞ս կազդի թիմի ելույթի վրա:

-Դա մեծ հարված էր մեզ համար: Բայց մենք կփորձենք ելք գտնել: Հուսով եմ՝ կկարողանանք ճիշտ որոշում կայացնել:

Ուսումնասիրե՞լ եք մրցակցի խաղը, ի՞նչ մարզավիճակում է մրցակիցն ըստ Ձեզ:

-Գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Ֆիզիկապես շատ ուժեղ են, ամբողջ խաղի ընթացքում փորձում են պրեսինգի դիմել: Իսկ թույլ կողմերի մասին չեմ ցանկանում խոսել:

Ֆունկցիոնալ ի՞նչ վիճակում է Հենրիխ Մխիթարյանը:

-Նա պատրաստ է: Ոչ մի բացասական բան չեմ կարող ասել այդ կապակցությամբ:

Նախորդ խաղից առաջ ասել էիք, որ ոչ-ոքին դրական արդյունք կլինի: Իսկ ա՞յս խաղում ինչ կասեք:

-Նաև ասել էի, որ փորձելու ենք հաղթել: Այդ կարծիքին եմ նաև այժմ:

Մեր հավաքականի ամենաթույլ կողմը երևի հարձակման գիծն է: Ի՞նչ եք կարծում այդ կապակցությամբ:

-Վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Արել ենք տակտիկական փոփոխություններ, որպեսզի ավելի լավ հանդես եկանք:

Ի՞նչ մարզավիճակում է Արաս Օզբիլիսը:

-Արասն իր թիմում հիմնական կազմում չի խաղում: Նա մասնակցել է միայն երկրորդ թիմի խաղերին: Բայց նա մարզումից մարզում ավելի լավ մարզավիճակ է ձեռք բերում:

Հայաստանի առաջնությունից ընդամենը 6 ֆուտբոլիստ է հրավիրվել հավաքական…

-Ընդամենը երեք տուր է անցել առաջնությունից, և տեղի ֆուտբոլիստները չեն հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել, իսկ լեգեոներները հասցրել են լավ մարզավիճակ հավաքել:

Հրայր Մկոյանն այս տարի խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով: Նա ինչպիսի՞ մարզավիճակում է:

-Վերջին երկու ամսում նա չի խաղացել: Երկրորդ շաբաթն է, որ սկսել է մարզվել, դեռ չի հավաքել լավագույն մարզավիճակ:

Հետևո՞ւմ եք «Ռոստովում» հանդես եկող Խորեն Բայրամյանի ելույթներին:

-Մենք Մոնտենեգրոյի հետ խաղից հետո կապվել ենք նրա հետ, երկու անգամ հեռախոսազրույց ունեցել, նույնիսկ պայմանավորվածություն կար, որ անձամբ պետք է մեկնեի Ռոստով և հանդիպեի, բայց ոչ մեր մեղքով դա չեղավ: Նա մեզ ասել էր, որ մեծ ուրախությամբ կմիանա Հայաստանի հավաքականին, բայց մեր հանդիպումը չկայացավ: Հուսով եմ՝ այս խաղից հետո նորից կկարողանանք պայմանավորվել ու հանդիպել նրա հետ:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» մի քանի խաղերում հանդես եկավ հարձակման գծում: Ո՞րն է նրա օպտիմալ դիրքը:

-Նա կարող է խաղալ բոլոր դիրքերում, բացի դարպասապահից, քանի որ այդքան էլ բարձրահասակ չէ (ծիծաղում է): Տեսել եմ նրա խաղը հարձակման գծում, կարծում եմ՝ դա նրա լավագույն դիրքը չէ:

Հետևո՞ւմ եք «Շտայնբախում» ելույթ ունեցող Սարգիս Ադամյանի ելույթներին:

-Նա խաղում է Գերմանիայի 4-րդ դիվիզիոնում: Եթե ապացուցի, որ արժանի է հավաքական հրավիրվելուն, ապա կհրավիրվի:

ՈՒԵՖԱ-ն կազմակերպելու է «Ազգերի լիգա» մրցաշարը, որը լավ հնարավորություն է Հայաստանի հավաքականի համար: Ի՞նչ կարծիք ունեք այդ մրցաշարի կապակցությամբ:

-Մենք մտադիր չենք պարտվել բոլոր խաղերում ու մնալ 4-րդ խմբում (ծիծաղում է): Իհարկե, պայքարելու ենք 3-րդ խումբ տեղափոխվելու համար: Առայժմ լրջորեն չենք մտածում այդ ուղղությամբ: Թող ավարտվի այս ընտրական փուլը, այնուհետև կմտածենք:

Որոշվա՞ծ է, թե ովքեր պետք է իրացնեն ստանդարտ խաղարկումները:

-Ունենք 3-4 ֆուտբոլիստներ, ովքեր շատ լավ կարող են իրացնել դրանք: Միայն Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը չեն: Դա փոփոխական է լինելու:

 

 


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»