Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Ազարյան. «ՀՖՖ-ն որակազրկել է Կապանի մարզադաշտը մրցաշրջանի երկրորդ հատվածի համար»

Ինչպես հայտնի է, մարտի 4-ին կվերսկսվի Հայաստանի Բարձրագույն խմբի 2016/17 թթ. մրցաշրջանի առաջնությունը։ Ի թիվս ակումբների արտոնագրման մի շարք այլ պահանջների՝ Բարձրագույն խմբի ակումբներն առաջնությանը մասնակցելու համար պարտավոր են համապատասխանել նաև ենթակառուցվածքային չափանիշի մի շարք պահանջներին։ Առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագրային գործընթացի շրջանակներում ակումբների կողմից ներկայացվող մարզադաշտերը ստուգվում և հաստատվում են ՀՖՖ կողմից ինչպես առաջնության մեկնարկից առաջ, այնպես էլ առաջնության ընթացքում՝ մարզադաշտերի համապատասխանելիությունը վերոնշյալ չափանիշներին ամբողջ մրցաշրջանի ընթացքում ապահովելու համար։ Նշված գործընթացի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանի հետ:

-Պարոն Ազարյան, կներկայացնե՞ք, թե ինչ պետք է անեն ակումբները ենթակառուցվածքային չափանիշներին համապատասխանելու համար: 

– Ինչպես գիտեք, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ տվյալ առաջնությանը մասնակցության հայտ ներկայացրած ակումբներն անցնում են ակումբային արտոնագրման համապատասխան գործընթաց, որն իրականացվում և վերահսկվում է ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի շրջանակներում և դրանում սահմանված դրույթների հիման վրա։ Արտոնագրային փաթեթը, ի թիվս այլ պահանջների, ներառում է նաև ենթակառուցվածքային մի շարք պահանջներ, որոնք ակումբները պարտավոր են բավարարել արտոնագիր ստանալու համար։ Ենթակառուցվածքային չափանիշների բավարարման համար ակումբները պարտավոր են ներկայացնել այն մարզադաշտը, որտեղ պատրաստվում են անցկացնել Բարձրագույն խմբի առաջնության և ՀՀ Գավաթի խաղարկության շրջանակներում իրենց տնային հանդիպումները։ Դրա հետ մեկտեղ ակումբները պետք է ներկայացնեն նաև այն խաղադաշտերը կամ ենթակառուցվածքները, որտեղ կազմակերպվում է իրենց բոլոր թիմերի ամառային և ձմեռային մարզումային գործընթացը։ Կարևոր է նշել, որ ամենևին պարտադիր չէ, որպեսզի նշված խաղային և մարզումային ենթակառուցվածքները հանդիսանան ակումբի սեփականությունը։ Ակումբը կարող է ներկայացնել թե իր սեփականության ներքո գտնվող ենթակառուցվածքները, թե վարձակալության սկզբունքների հիման վրա իր տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքները։

Կա՞ որևէ փաստաթուղթ, որով համակարգվում է այս գործընթացը:

-Նախկինում ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի համաձայն՝ ակումբի կողմից ներկայացված խաղային մարզադաշտը և մարզումային ենթակառուցվածքներն ընդունվում էին որպես ի գիտություն ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից և համապատասխան իրավական փաստաթղթերի լիարժեքության պարագայում ակումբին շնորհվում էր արտոնագիր։ Սակայն 2014 թվականին ՀՖՖ կողմից առաջին  անգամ կիրառվեց Ենթակառուցվածքային կանոնակարգ, որը սահմանում էր ենթակառուցվածքային հստակ պահանջներ, որոնք պետք է բավարարվեին ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը սպասարկող մարզադաշտերի կողմից։ Նման փոփոխությունը նպատակ ուներ ստեղծել համապատասխան միջավայր ենթակառուցվածքային պայմանները բարելավելու և առաջնությունը սպասարկող մարզադաշտերի որակական մակարդակը բարձրացնելու համար։ 

-Ինչպիսի՞ դրական փոփոխություններ տեղի ունեցան կանոնակարգի ներդրումից հետո:

-Արդեն երրորդ տարին անընդմեջ՝ ակումբների կողմից մարզադաշտերի ներկայացումից հետո, ՀՖՖ Արտոնագրման բաժինը մինչև առաջնության մեկնարկը անցկացնում է համապատասխան ստուգում ներկայացված բոլոր մարզադաշտերում՝ համաձայն ՀՖՖ ենթակառուցվածքային կանոնակարգի պահանջների՝ հաստատելու նպատակով այդ մարզադաշտերի համապատասխանելիությունը կանոնակարգին։ Ընդ որում, կանոնակարգի ներդրման առաջին մրցաշրջանը կրում էր փորձնական և խորհրդատվական բնույթ և նպատակ էր հետապնդում ակումբներին իրազեկել կիրառվելիք պահանջների բովանդակությանը։

Հաջորդ երկու մրցաշրջանների ընթացքում Ենթակառուցվածքային կանոնակարգը կիրառվեց և շարունակում է կիրառվել լիարժեք մակարդակով։ Այս ընթացքում առաջնությունը սպասարկող մարզադաշտերը հիմնականում համապատասխանել են կանոնակարգային դրույթներին և հաջողությամբ հաստատվել են Արտոնագրման բաժնի մասնագետների կողմից։ Կանոնակարգի կիրառումը թույլ տվեց գրեթե բոլոր մարզադաշտերում որոշակի առումով բարելավել առկա ենթակառուցվածքների որակը։ Այս գործընթացը, իհարկե, շարունակական բնույթ է կրում և մենք յուրաքանչյուր նոր մրցաշրջանում ակնկալում ենք նոր դրական փոփոխություններ։ Եղել են նաև որոշակի բացառություններ «Նաիրի» մարզադաշտի և Կապանի «Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտի հետ կապված։

-Կմանրամասնե՞ք, թե ինչ բացառությունների մասին է խոսքը:

-«Նաիրի» մարզադաշտի պարագայում 2016/17 մրցաշրջանից առաջ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել էին որոշակի շեղումներ, և մարզադաշտը ընդունվել էր վերապահումով առ այն, որ մինչև առաջնության մեկնարկը ակումբը կվերացնի այդ շեղումները։ Ակումբը բարեհաջող իրականացրել էր այդ շեղումների շտկումները սահմանված ժամկետներում և ապահովել էր մարզադաշտի համապատասխանելիությունը կանոնակարգային դրույթների պահանջներին։

Կապանի մարզադաշտի պարագայում իրավիճակն այլ էր։ Նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում մարզադաշտը վերապահումով էր հաստատվել և ակումբին հնարավորություն էր տրվել շտկել առկա թերությունները։ Սակայն մինչև ներկա մրցաշրջանի մեկնարկը կատարված ստուգումը կրկին հայտնաբերել էր այդ նույն թերությունները։ Դրանք այնպիսի քանակի և տեսակի թերություններ էին, որ  ակումբը կամ մարզադաշտի ղեկավարությունը չէին կարող հասցնել շտկել դրանք մինչև առաջնության մեկնարկը։ Այդ պատճառով ՀՖՖ-ն ակումբի և մարզադաշտի համար սահմանել էր ավելի երկար վերջնաժամկետ՝ մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը այդ թերությունները շտկելու համար։ Այդ թերությունները վերաբերում էին ինչպես խաղադաշտին, այնպես էլ հանդերձարաններին, երկրպագուների և լրագրողների համար նախատեսված նստատեղերին, սանիտարական պայմաններին։ Մասնավորապես, խաղադաշտի անհամաչափությունը, անհարթությունը, որոշակի տեղերում նույնիսկ խոտածածկի իսպառ բացակայությունը, նախավարժանքի համար նախատեսված տարածքի վատթար վիճակը և խաղադաշտի երկայնքով առկա մետաղյա բաց խողովակները մեծ վտանգ են ներկայացնում ֆուտբոլիստների համար։ Մարզադաշտի տրիբունան ապահովված չէ համարակալված, անհատական և թիկնակով նստատեղերով։ Մարզադաշտում չկա որևէ հարմարություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Չկան նրանց համար հատկացված առանձին տեղեր։ Կանոնակարգին բացարձակապես չեն համապատասխանում մարզադաշտի հանդերձարանները։ Մասնավորապես, դրանք բավական փոքր են և չեն բավարարում ֆուտբոլիստների նվազագույն քանակի համար։ Թե ֆուտբոլիստների, թե մրցավարների հանդերձարանները ապահովված չեն ցնցուղներով, զուգարանով և մերսման սեղաններով։ Առկա սակավաթիվ ցնցուղները, զուգարանները և մերսման երկու սեղանները գտնվում են հանդերձարաններից դուրս և ընդհանուր են երկու թիմերի ու մրցավարների համար։ Այս հանգամանքն անընդունելի է ինչպես կանոնակարգային դրույթների, այնպես էլ անվտանգության նորմերի ապահովման տեսանկյունից։ Ընդ որում, պետք է նշել, որ զուգարաններն առանց զուգարանակոնքի են, իսկ սանիտարական նորմերը թե զուգարաններում, թե առհասարակ հանդերձարաններում որևէ կերպ ապահովված չեն։ Մարզադաշտում առկա պատվավոր հյուրերի օթյակը ուղղակի ժամանակավոր և իրենից վտանգ ներկայացնող կառույց է, որտեղ բարձրանալու համար անհրաժեշտ է անցնել տեխնիկական գոտով, ինչը անընդունելի է կանոնակարգային բոլոր նորմերով, իսկ օթյակ տանող աստիճանները բավական վտանգավոր են։

Ինչևէ, սահմանված վերջնաժամկետի շրջանակներում ակումբը և մարզադաշտը չեն կարողացել շտկել թերությունները և անգամ քայլեր չեն ձեռնարկվել այդ թերությունների շտկման ուղղությամբ։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ Կապանի մարզադաշտը նախորդ երկու մրցաշրջանների համար նույնպես վերապահումով էր հաստատվել նույն թերությունների պատճառով, ՀՖՖ-ն նոյեմբերին որոշում կայացրեց որակազրկել Կապանի մարզադաշտը 2016/17 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի համար և մինչև  հայտնաբերված թերությունների շտկումը։

-Ի՞նչ հետագա անելիքներ եք նախատեսում այս բնագավառում աշխատանքների բարելավման համար:

-Վերջին երեք մրցաշրջանների ընթացքում Ենթակառուցվածքային կանոնակարգի կիրառումը և ենթակառուցվածքային նվազագույն չափանիշների սահմանումը Բարձրագուն խմբի առաջնությունը սպասարկող մարզադաշտերի համար թույլ տվեց որոշակիորեն բարելավել մարզադաշտերի մակարդակը՝ համապատասխանեցնելով դրանք ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգի մարզադաշտերի պահանջներին։ Շարունակելու ենք այս դրական տենդենցի կիրառումը և աստիճանաբար փորձելու ենք խստացնել ենթակառուցվածքային պահանջները մարզադաշտերում՝ առկա պայմաններն էլ ավելի բարելավելու համար։ Միևնույն ժամանակ առավել երկարաժամկետ հեռանկարում նախատեսում ենք նման չափանիշների և ենթակառուցվածքային հարմարեցված կանոնակարգի ներդրում նաև ՀՖՖ Առաջին խմբի և մանկապատանեկան առաջնությունները սպասարկող մարզադաշատերի և խաղադաշտերի համար։ Սա, իհարկե, կարելի կլինի իրականացնել միայն առկա ենթակառուցվածքների բարելավման և նոր ենթակառուցվածքների ստեղծման հետ զուգահեռ, ինչը կազմում է ՀՖՖ-ի կողմից տարիներ շարունակ իրականացվող,   հստակ քաղաքականության կարևոր մասերից մեկը։