Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արտակ Ալեքսանյան. «Ինձ համար՝ որպես հայի, մեծ պատիվ է պաշտպանել «Արարատի» պատիվը»

Ինչպես հայտնի է, Ռուսաստանում հիմնադրվել է «Արարատ» անունով պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը մասնակցելու է երկրի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի մրցաշարին։

Այդ թիմի ավագ է նշանակվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, ով մրցաշրջանի առաջին հատվածում հանդես էր գալիս «Գանձասար-Կապանում»: Ալեքսանյանն «Արարատի»՝ «Вконтакте»-ի պաշտոնական էջին տված հարցազրույցում խոսել է իր տեղափոխության և ակումբի շուրջ զարգացումների մասին:

-Սա նոր և շատ հետաքրքիր նախագիծ է: Մեզ համար շատ կարևոր է արժանիորեն հանդես գալ, քանի որ ցանկանում ենք որքան հնարավոր է արագորեն հայտնվել ռուսական ֆուտբոլի վերնախավում:

Դա շատ ամբիցիոզ խնդիր չէ՞ ակումբի համար, որը հիմնադրվել է ընդամենը մեկ ամիս առաջ:

-Իսկ ինչո՞ւ ոչ: Բնական է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգային մասնակցելը հեռահար նպատակ է: Բայց մեզ մոտ հիանալի թիմ է հավաքվել, որն ունակ է խաղալու երկրորդ լիգայում, ապա արդեն ավելի բարձր դիվիզիոնում, որտեղից էլ կարող ենք հայտնվել Պրեմիեր լիգայում:

Ինչպե՞ս է հաջողվել այսպիսի կարճ ժամանակահատվածում ստեղծել մրցունակ թիմ:

-Դա ակումբի ղեկավարության արժանիքն է: Թիմում հավաքվել են տղաներ, որոնք Ռուսաստանի ֆուտբոլի վերնախավում հանդես գալու մեծ փորձ ունեն: Իհարկե, մեզ համար դեռևս դժվար է ֆիզիկական տեսանկյունից: Բայց մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի ապրիլի 12-ին կայանալիք առաջին մրցավեճում, որում մրցելու ենք «Զելենոգրադի» հետ, մոտենանք հնարավորինս լավ վիճակում:

Կարո՞ղ եք նշել այդպիսի տղաներից մի քանիսի անունները:

-Դմիտրի Ռիժովը (Եվրոպայի չեմպիոն՝ Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում) և Սերգեյ Ռեյավկինը խաղացել են «ԲԿՄԱ»-ում: Կարող եմ ևս մի քանի անուններ տալ, բայց մենք պետք է ուժեղ լինենք որպես թիմ, այլ ոչ թե միայն անհատապես:

Թիմում կան մի շարք ֆուտբոլիստներ, որոնք հայկական ազգանուններ ունեն: Թիմում «խմբավորումներ» առաջանալու վտանգ չկա՞:

-Ոչ: Մեզ մոտ շատ ընկերական կոլեկտիվ է: Բոլորս էլ իրար հետ լավ ենք շփվում: Հայ ֆուտբոլիստներների մեծամասնությունն էլ մեծացել են հենց Ռուսաստանում: Հանդերձարանի մթնոլորտի հետ կապված անհանգստանալու ոչինչ չկա:

Ակումբի ֆինանսական իրավիճակի վերաբերյալ կասկածներ կա՞ն:

-Մենք այդ առումով լիովին վստահում ենք ղեկավարությանը: Վստահ եմ՝ «Արարատը» երկարատև նախագիծ է, որն իր երկրպագուներին պետք է անմոռանալի պահեր պարգևի:

Ակումբն անվանվել է լեգենդար «Արարատ-73»-ի պատվին: Լա՞վ եք ծանոթ ակումբի պատմությանը:

-Իհարկե: Ես «Արարատի» մասնակցությամբ խաղերից շատ գոլեր եմ դիտել: Հորս հետ հաճախ էինք այցելում վետերանների հանդիպումներին: Ինչ վերաբերում է խաղացողներին, ապա իմ մեջ բոլորից լավ տպավորվել է Խորեն Հովհաննիսյանը, ով, ճիշտ է, ավելի ուշ է հանդես եկել: Ինձ համար՝ որպես հայի, մեծ պատիվ է պաշտպանել «Արարատի» պատիվը: Դա անբացատրելի զգացողություն է: