Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արոնյանը կփոխարինի Կրամնիկին Grand Chess Tour-ում

Ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը, հրաժարվել է Grand Chess Tour-ի մրցաշարերի մասնակցությունից: Նրան կփոխարինի Լևոն Արոնյանը, ով ընդգրկված էր պահեստայինների թվում:

Այսպիսով, հայտնի են Grand Chess Tour-ի մրցաշարերի բոլոր 9 մասնակիցները: Բացի Արոնյանից, մրցաշարերին կմասնակցեն նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, Grand Chess Tour-ի անցյալ տարվա հաղթող Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան:

Grand Chess Tour-ն իր մեջ ընդգրկում է դասական շախմատի 2 և արագ ու կայծակնային շախմատի 3 մրցաշար: Շախմատիստներից յուրաքանչյուրը կմասնակցի դասական և արագ ու կայծակնային շախմատի 2-ական մրցաշարի: Այդ մրցաշարերի արդյունքներով էլ կորոշվի Grand Chess Tour-ի հաղթողը:

Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում ելույթները կսկսի բելգիական Լևեն քաղաքում  հունիսի 28-ից հուլիսի 2-ը կայանալիք արագ և կայծակնային շախմատի մրցաշարում: Այնուհետև Լևոնը կմասնակցի ամերիկյան Սենտ Լուիսում հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը կայանալիք դասական շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը, ինչպես նաև հաջորդ օրը նույն մրցավայրում մեկնարկող արագ և կայծակնային շախմատի մրցաշարին: Grand Chess Tour-ում Արոնյանը ելույթները կավարտի Լոնդոնում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը կայանալիք դասական շախմատի մրցաշարի մասնակցությամբ: