Ա լիգայի եզրափակիչի «Արթիկի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո «Արցախի» մարզական տնօրեն Արեգ Վաթյանը ամփոփեց հանդիպումը և ասաց, թե ինչի շնորհիվ Ստեփանակերտի թիմը կարողացավ խաղը վերցնել ձեռքը և տանել հաղթանակ։
«Այս խաղում բեկումնային դարձան Ալբերտ Թադևոսյանի 3 միավորանոց նետումները։ Բացի դրանից, մեր պահեստային նստարանը բավական երկար է, մեր թիմը համալրված է երիտասարդ խաղացողներով ու դրա շնորհիվ էլ կարողացանք այսօր հաղթել։
Այո՛, այս հաղթանակը կտա մեզ հոգեբանական առավելություն, ինչպես բոլոր հաղթանակները։ Հավանաբար մի փոքր թերագնահատել էինք «Արթիկին»՝ մտածելով, որ «Ուրարտուից» հետո «Արթիկը» այդքան բարդ մրցակից չի լինի, բայց 2-րդ խաղակեսից հետո հասկացանք, որ պետք է ավելի լուրջ մտնենք խաղի մեջ և արդյունքը տեսանք։
Տրամադրությունը հանդերձարանում բավական լավ էր, մենք հասկանում էինք, որ հանդիպման 2-րդ կեսում «Արթիկը» չի կարողանա նույն նետումները կատարել, որովհետև նրանք վերջիվերջո մարդ են և հոգնում են, սակայն ամեն դեպքում մի քանի փոփոխություն կատարեցինք պաշտպանությունում։ Բացի այդ էլ ,եթե խաղասկզբում խաղը իր վրա էր վերցրել Ալեքսան, ապա 2-րդ կեսում շեշտը դրեցինք Ալբերտի վրա, ու Դավիթն էլ իրեն շատ օգնեց»,-ասաց Արեգ Վաթյանը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո