Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Ռևանշ չեմպիոնի նկատմամբ

ararat zarya 1 1 - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Ռևանշ չեմպիոնի նկատմամբ

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VivaroNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Առաջին մասը՝ «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Մեկնարկը

Ռևանշ չեմպիոնի նկատմամբ 

«Արարատ» – «Զարյա» Վորոշիլովգրադ՝  1-1 (0-0), 43` 11մ 

Երևան, 14 ապրիլի, «Հրազդան» մարզադաշտ, 75 հազար հանդիսական: 

Մրցավար՝ Վլադիմիր Ռուդնև (Մոսկվա): 

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 4, Սանասար Գևորգյան – 4, Արկադի Հարությունյան – 4, Ալեքսանդր Կովալենկո – 4, Նորայր Մեսրոպյան – 4, Արկադի Անդրեասյան – 4, Սերգեյ Պողոսյան – 4, Լևոն Իշտոյան – 4, Նազար Պետրոսյան – 4, Հովհաննես Զանազանյան – 4, Նիկոլայ Ղազարյան – 4: 

«Զարյա»Ալեքսանդր Տկաչենկո – 4, Վլադիմիր Աբրամով – 2 (Սերգեյ Կուզնեցով, 46 – 4), Վլադիմիր Մալիգին – 4, Նիկոլայ Պինչուկ – 3, Յուրի Վասենին – 4, Ալեքսանդր Ժուրավլյով – 4, Վիկտոր Կուզնեցով – 4, Վլադիմիր Բելոուսով – 3 (Սերգեյ Մորոզով, 84, ա/գ), Յուրի Ելիսեև – 3, Անատոլի Կուկսով – 4, Վլադիմիր Օնիշչենկո – 3: 

Գոլերը՝ Ելիսեև  64՛, Անդրեասյան 70՛, 11մ: 

11մ հարվածներն իրացրին Կովալենկոն, Անդրեասյանը, Իշտոյանը, Զանազանյանը, Պինչուկը, Մորոզովը, Օնիշչենկոն: 

11մ հարվածները չիրացրին Աբրահամյանը, Պետրոսյանը (երկուսն էլ հետ մղեց Տկաչենկոն), Սերգեյ և Վիկտոր Կուզնեցովները (երկուսն էլ հետ մղեց Աբրահամյանը), Ժուրավլյովը: 

Զգուշացվեցին Պինչուկն ու Օնիշչենկոն: 

45 տարի առաջ այս օրն «Արարատն» առաջնության 2-րդ տուրում հյուրընկալեց երկրի չեմպիոն Վորոշիլովգրադի «Զարյային»: Հանդիպումը հսկայական հետաքրքրություն էր առաջացրել արարատցիների հաղթական մեկնարկով ոգևորված ֆուտբոլասերների շրջանում, որոնք մարզադաշտ էին եկել սիրելի թիմի նոր հաղթանակի բերկրանքը վայելելու ակնկալիքով:  

Խաղն արդեն սկսվել էր, սակայն ֆուտբոլասերների հոսքը մարզադաշտ չէր դադարում: Ավելի ուշ եկածները տոմսերն ու աբոնեմենտները ձեռքներին ստիպված էին տեղ զբաղեցնել աստիճանահարթակներին: Ինչպես ասում են, «Հրազդանում» ասեղ գցելու տեղ չկար: Կարելի է փաստել, որ այդ օրն առանց չափազանցության մարզադաշտում ներկա էին 80 հազար հանդիսականներ: 

Բացի այն, որ «Զարյան» 1972թ. չեմպիոնն էր, կար ևս մեկ հանգամանք, որ ստիպում էր արարատցիներին գործելու հաղթանակի տենչով: Նախորդ մրցաշրջանում «Զարյան» միակ թիմն էր, որին հաջողվել էր երկու հանդիպումներում էլ հաղթել «Արարատին»: Երևանում գրանցվել էր 2-1 հաշիվ, իսկ սեփական հարկի տակ ուկրաինացի ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ էին ուղարկել Նորայր Դեմիրճյանի պաշտպանած դարպասը: 

Հանդիպումից առաջ «Արարատի» ավագ Հովհաննես Զանազանյանին հանձնվեց ուկրաինական «Կոնսոմոլսկոյե զնամյա» թերթի սահմանած «Ագրեսիվ հյուրին» մրցանակը, որին արարատցիներն արժանացել էին 1972թ. առաջնությունում մրցակիցների դաշտերում անցկացրած 15 հանդիպումներում բոլորից շատ միավոր (16) վաստակելու համար: 

«Զարյան» անհաջող էր մեկնարկել առաջնությունում՝ Թբիլիսիում 11մ հարվածներով 2-4 հաշվով զիջելով տեղի «Դինամոյին» (հիմնական ժամանակում՝ 1-1): Ուստի չեմպիոնը Երևան էր ժամանել մրցաշարային վիճակը շտկելու վճռականությամբ: 

Չեմպիոնի հետ մրցավեճը սկսվեց աշխույժ մրցապայքարում և արդեն խաղասկզբում մրցակիցները ձեռքից բաց թողեցին հաշիվը բացելու լավ հնարավորությունը: Նախ հարմար դիրքից վրիպեց Վասենինը, ապա Պողոսյանը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց Տկաչենկոյի ձեռքերի մեջ: 

Թեև արարատցիների մոտ մեծ էր գոլ խփելու ձգտումը, սակայն նրանց ոչ մի կերպ չէր հաջողվում գրավել մրցակցի դարպասը: Արարատցիները հաճախ էին տարվում անհատական խաղով, ուշացնում էին փոխանցումները և մրցակցին հաջողվում էր վնասազերծել նրանց:  

Այնուամենայնիվ, առաջին խաղակեսում հաշիվը բացելու լավ հնարավորություն ունեցան Ղազարյանն ու Անդրեասյանը, որոնք երկուսով մեն մենակ հայտնվեցին հյուրերի դարպասապահ Տկաչենկոյի դեմ, սակայն հապաղեցին և պաշտպան Ժուրավլյովը հասցրեց գնդակը հեռացնել:  

Երկրորդ խաղակեսը սկսվեց արարատցիների բուռն գրոհներով, իսկ «Զարյան» մեծ ուժերով դիմագրավում էր մրցակցի ֆուտբոլիստներին: Գրոհներից մեկի ժամանակ արարատցիները դաշտի կենտրոնում կորցրին գնդակը, Ելիսեևը արագությամբ շրջանցեց Հարությունյանին և մեն մենակ հայտնվելով Աբրահամյանի դիմաց, գրավեց դարպասը: 

Խփած գոլից հետո «Զարյան» ամբողջ թիմով նահանջեց սեփական կիսադաշտ՝ ձգտելով պահպանել հաղթական հաշիվը: Սակայն արարատցիներից ընդամենը 6 րոպե պահանջվեց հավասարակշռությունը վերականգնելու համար: Ձգտելով կանխել Ղազարյանին հասցեագրված վտանգավոր փոխանցումը, Մալիգինն ակրոբատիկ ցատկով ձեռքով հետ մղեց գնդակը, որի համար հյուրերը պատժվեցին 11մ հարվածով: Անդրեասյանն իրեն հատուկ սառնասրտությամբ դիպուկ իրացրեց հարվածը: 

Խաղավերջում «Արարատը» կարող էր հաղթանակ կորզել, սակայն Ղազարյանը մեն մենակ հայտնվելով Տկաչենկոյի դիմաց, չկարողացավ գրավել դարպասը: 

ararat zarya 2 - «Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Ռևանշ չեմպիոնի նկատմամբ

Գործը հասավ 11մ հարվածաշարին 

Նոր մրցակարգի համաձայն թիմերը պետք է հաղթողին որոշեին հետխաղյա 11մ հարվածաշարի օգնությամբ: Խաղի լարվածությունը հասավ իր գագաթնակետին, տրիբունաներում կրքերը եռում էին:  

Երբ գնդակին էր մոտենում «Արարատի» ֆուտբոլիստը, մարզադաշտում մի պահ լռություն էր տիրում: Իսկ մրցակցի ֆուտբոլիստի հարվածի պահին անասելի աղմուկ էր բարձրանում: Արարատցիների յուրաքանչյուր հաջող հարվածից հետո տրիբունաները «պայթում» էին ուրախությունից: 

Երկու անգամ գերազանց խաղաց «Արարատի» դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը՝ հետ մղելով Սերգեյ և Վիկտոր Կուզնեցով եղբայրների կատարած 11մ հարվածները: Հետաքրքիր է, որ Աբրահամյանն ինքն էլ փորձեց խոցել մրցակցի դարպասը, սակայն դարպասապահների այդ յուրատեսակ մենամարտում հաղթող դուրս եկավ Տկաչենկոն՝ հետ մղելով գնդակը: 

Վերջին՝ վճռորոշ հարվածի իրավունքը Զանազանյանինն էր, ով հուժկու հարվածով վերջակետ դրեց այդ լարված հանդիպմանը՝ թիմին պարգևելով մեկ միավոր: Կարելի է ասել, որ «Զարյայի» նկատմամբ ռևանշը կայացավ: 

2 տուրից հետո վաստակած 3 միավորով «Արարատը» հանգրվանեց  մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում՝ մեկ միավորով զիջելով աղյուսակը գլխավորող «Դնեպրին»  ու «Շախտյորին»: Իսկ Արկադի Անդրեասյանը 3 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: 

Հետաքրքիր է, որ առաջնության մեկնարկից առաջ Նիկիտա Սիմոնյանը նշել էր, որ գոհ կմնա արարատցիների գործողություններից, եթե նրանք մեկնարկային երկու հանդիպումներում 3 միավոր վաստակեն: Եվ մարզչի երազանքն արարատցիներն իրականացրին: 

Աշոտ Հայրապետյան 

Լուսանկարները՝ Mediamax-ի