Լրացուցիչ

Ընտրել լեզուն

All Stars. «Բաբայանի» թիմն ուժեղ գտնվեց «Սիմովիչի» թիմից (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 11-ին, «Միկա» մարզահամալիրում կայացել է Բասկետբոլի Ա լիգայի «Աստղերի հանդիպումը»:

Հանդիպումը բաղկացած է եղել 3 մասից: Առաջին խաղում միմյանց միջև հանդիպում են անցկացրել պատանիները և «հայտնիները», որն ավարտվել է 46-40՝ հօգուտ «հայտնիների»: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Արամեն, ով վաստակել է 17 միավոր:

«Անհայտների» թիմից հանդես են եկել Հայաստանի պատանի բասկետբոլիստները, իսկ «հայտնիների» կազմում՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունը, Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը, երգիչներ Արամեն, «Մեծ Հայք» խմբի Նարեկը, Հայկ Դուրգարյանը, հաղորդավարներ Ֆելիքս Խաչատրյանը, Խորեն Լևոնյանը, Վահե Խանամիրյանը, ինչպես նաև դերասան Մկրտիչ Արզումանյանը:

Օրվա երկրորդ մասում կայացել է «Դանք» մրցույթ: Մրցույթում հաղթող է ճանաչվել Կոնստանտին Միրզոյանցը՝ «Արցախից»:

Օրվա երրորդ մասում միմյանց դեմ ուժերը չափել են Ա լիգայում հանդես եկող հայ բասկետբոլիստներն ու լեգեոնները: Լիգայի լավագույն խաղացողների անուններով կոչված թիմերի՝ «Բաբայան»-«Սիմովիչ» հանդիպումն ավարտվել է 102-97 հաշվով՝ հօգուտ «Բաբայանի»: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Էդգար Բաբայանը: