Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալեքսանդր Բորոդյուկ. «Մոռացել ենք նախորդ հանդիպումը. փորձելու ենք հաղթել հայերին»

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը Հայաստան – Ղազախստան ընտրական հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսում իր կարծիքն է հայտնել առաջիկա հանդիպման վերաբերյալ.

Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները նման են իրար: Կմանրամասնե՞ք՝ ինչո՞ւմն է նմանությունը: 

-Նրանք նման են տեխնիկական տեսանկյունից, հայերը դեռ ԽՍՀՄ տարիներից աչքի են ընկել այդպիսի վարպետությամբ: Այս խաղը շատ կարևոր է մեզ համար: Կիպրոսի դեմ պարտված ընկերական խաղի առաջին խաղակեսում վատ չխաղացինք, իսկ երկրորդում սխալներ թույլ տվեցինք: Արդեն մոռացել ենք այդ հանդիպումը: Արել ենք հետևություններ, և հուսով ենք, որ վաղվա խաղում այդ սխալները թույլ չենք տա: Փորձելու ենք հաղթել:

Անհատական հսկողություն սահմանվելո՞ւ է Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ և ինչպե՞ս եք պայքարելու նրա դեմ:

-Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Իհարկե, յուրաքանչյուր թիմ ունի առաջատար, ինչպես Հայաստանի հավաքականում՝ Մխիթարյանը: Վաղը կտեսնենք, թե ինչպես կստացվի: Միշտ ասել եմ, որ խաղադաշտում 11 ֆուտբոլիստներ են լինում: Մարզչական տեսանկյունից ամեն ինչ կանեմ, որպեսզի լուծումներ գտնեմ: Թիմային խաղով պետք է դիմագրավենք այդ ամենին: Ֆուտբոլը թիմային է մարզաձև է, և նույնիսկ պահեստայինները շատ մեծ նշանակություն ունեն թիմի համար:

Ինչպիսի՞ խաղային պլանով եք խաղալու վաղը:

-(Ծիծաղում է) Այդ ամենը միշտ մնում է թիմի ներսում և խաղից առաջ չի հրապարակվում: Ֆուտբոլում մեկ պլան կա՝ փորձել հաղթել: Ինչ վերաբերում է տակտիկական խնդիրներին, ապա դրանք կապված են ներքին խոհանոցի հետ:

Հայաստանի հավաքականը, ի տարբերություն Ձեզ, այս տարի դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել: Ինչպիսի՞ խաղ եք ակնկալում:

-Հուսով եմ՝ երկու թիմերն էլ որակյալ ֆուտբոլ կցուցադրեն: Այսպիսի խաղերում առաջնային գործոնը բնավորությունն է: Ֆուտբոլում կա մեկ գլխավոր օրենք՝ հաղթում է ուժեղագույնը: Հուսով եմ՝ վաղը լավ ֆուտբոլ կտեսնենք:

Դուք հանդես եք եկել Մոսկվայի «Դինամոյում»՝ դրսևորելով Ձեզ լավագույն կողմերով: Դուք տեխնիկապես լավ էիք պատրաստված, իսկական ռմբարկու էիք:

-Իմ ֆուտբոլը մնացել է նախորդ դարում (ծիծաղում է): Ես տեսնում եմ, որ Ղազախստանի հավաքականում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ. նրանք կարող են բարձրացնել իրենց վարպետությունը: Ցանկանում եմ, որ նրանք հավաքականում խաղան հանուն իրենց ազգի, բնավորություն դրսևորեն: Եթե ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս գալիս ու խաղում անտարբերությամբ, ապա նման խաղացողին այլևս չենք հրավիրի հավաքական: Կրկնեմ՝ մեր երկրում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ: