Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալավերդյան. «Աղասյանն էլ իմ հին տրեխների արժեքը չունի»

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Աղասի Աղասյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Վերջինս Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում իր մոտեցումներն ավարտելուց հետո մրցահարթակին էր թողել մարզակոշիկները և չէր ներկայացել պարգևատրման արարողությանը։ Ավելի ուշ, Աղասյանը հայտարարել է ծանրորդի կարիերան ավարտելու մասին:

«Որքան էլ լավ արդյունք գրանցենք, այնուամենայնիվ, լինում են այնպիսի մարզիկներ, որոնք դժգոհ են մնում, չգիտեմ՝ կոնկրետ ինչից են դժգոհ մնում. կա՛մ իրենց բարձրացրած քաշից, կա՛մ էլ առաջնությունից: Իրենց անհաջողությունների մեջ մեղադրում են ուրիշներին:

Մրցումից 2 ժամ առաջ 1 ժամ տրվում է մարզիկին կշռվելու համար, 1 ժամ էլ տրվում է հանգստանալու և մրցմանը նախապատրաստվելու համար: Պետք է նշեմ, որ ծանրորդը այդ ընթացքում կարող է նույնիսկ 20 անգամ մտնել կշռվելու կամ շոգեբաղնիքից օգտվել:

85 կգ քաշային կարգում հայտ ներկայացրած Աղասի Աղասյանի ժամանակը սպառվել էր, և նա արդյունքում, ուներ 450 գրամ ավելորդ քաշ: Փորձեց ինձ համոզել, որ իրեն ընդգրկեն 85 քաշայինների պայքարում, իսկ ես կտրականապես մերժեցի նրան, ինքն էլ նեղացավ ինձանից: Բայց հասկանալով ծանրորդի տարած աշխատանքը՝ իր համար խախտեցի միջազգային կանոնակարգը և խնդրեցի մարզչին իրեն ներառել 94կգ քաշայինների մրցմանը: Իսկ մոտեցումների ժամանակ զգաց, որ նա չի կարող հաղթել, որովհետև այդ քաշային կարգում լավագույնը Կարուշ Ղուկասյանն է:

Վերջին մոտեցման ժամանակ ցուցադրաբար ծանրաձողը երկար պահեց գլխավերևում, իսկ հետո մրցահարթակին թողեց կոշիկները և հեռացավ: Այնուհետև, պարգևատրման արարողության ժամանակ նկատեցի, որ Աղասին պատվո հարթակին չէ, իսկ իրեն հասանալեիք 20 հազար դրամը վերցրել էր ու գնացել, առանց ստորագրելու, իսկ մեդալը մի կողմ գցել: Սոց-ցանցերում գրել էր, որ ոչ մեկ իր կոշիկների արժեքը չունի, իսկ ես կասեմ, որ նա՝ իմ մանուկ հասակում հագած տրեխների արժեքը չունի»,-շեշտեց Փաշիկ Ալավերդյանը:

Հայ մասնագետը նաև պատմեց, թե ինչու Աղասյանը տեղ չի գտել Հայաստանի հավաքականի Օլիմիպիական խաղերի հայտացուցակում:

«Հայտերի ներկայացման վերջին օրը քննարկեցինք և որոշեցինք, որ Աղասին չի մասնակցի Օլիմիպիադային: Երբ բոլոր ծանրորդները իմացան մեր որոշման մասին, եկան ինձ մոտ ու փորձեցին համոզել, սակայն ես մերժեցի, քանի որ կան մարզիկներ, որոնք կարողանում են բարելավել իրենց  արդյունքը, իսկ Աղասիին միշտ ասել եմ. «Մարզվիր ինչքան կարող ես, ցույց տուր միջազգային ստանդարտներին համապատասխանող արդյունքներ»: Սակայն Աղասյանի հնարավորություններով նա Օլիմիպիադայում կզբաղեցներ 10-րդ կամ 12-րդ տեղը : Այդ ժամանակ էլ նորից զիջեցինք և ասացինք բարձրացրու նախապես որոշված քաշը, բայց դա էլ չկարողացավ»,-ավելացրեց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Ռիոյում կայացած 31-րդ Օլիմիպիական խաղերում Հայաստանը 85 կգ քաշային կարգում ներկայացրել էր Առաքել Միրզոյանը, որը վնասվածքի պատճառով չէր կարողացել ավարտել իր ելույթը:

Լիանա Մկրտչյան