Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աղասի Աղասյանը բողոքի ժեստով ավարտել է կարիերան

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր տեղի է ունեցել սկանդալային միջադեպ։ Մինչև 94 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանն իր մոտեցումներն ավարտելուց հետո մրցահարթակին է թողել մարզակոշիկները և չի ներկայացել պարգևատրման արարողությանը։

Ավելի ուշ մարզիկն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կարիերան ավարտելու մասին. «Ես հեռանում եմ սպորտից ճակատս բարձր։ Եվ թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր կոշիկներիցս էժան են»,-գրել է մարզիկը։

Hetq.am-ի հետ հարցազրույցում Աղասյանը բացահայտել է իր որոշման պատճառները։ Մարզիկի պնդմամբ՝ նրան թույլ չեն տվել քաշ գցել և 400 գրամի պատճառով մինչև 85 կգ քաշային կարգի փոխարեն նրան ընդգրկել են մինչև 94 կգ քաշային կարգի մրցումներում։ Այստեղ նա գրավել է 2-րդ տեղը, մինչդեռ առաջին տեղը գրաված Կարուշ Ղուկասյանը նրանից ծանր է մոտ 9 կգ-ով։ Հենց դա է պատճառ հանդիսացել Աղասյանի որոշման համար։

Նշենք, որ ավելի վաղ Աղասյանը վրդովված էր այն հանգամանքով, որ իր փոխարեն Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցել էր Օգսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը։ Վերջինս վնասվածքի պատճառով անավարտ թողեց իր ելույթները Օլիմպիական խաղերում։