Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վերլուծություն. Օզիլը կարող է «Արսենալին» տանել դեպի չեմպիոնություն

Կիրակի օրը հաղթելով հերթական խաղում՝ «Արսենալը» ժամանակավորապես դուրս եկավ առաջին հորիզոնական, քանի դեռ «Լեսթերն» ու «Մանչեսթեր Սիթին» չեն պարզել իրենց հարաբերությունները։ Կլաուդիո Ռանիերիի թիմը, որ արդեն իսկ մեծ անակնկալ է մատուցել, կարող է բարձրանալ առաջին հորիզոնական, եթե հաղթի «Սիթիին», բայց, ամեն դեպքում, այդ խաղից առաջ Արսեն Վենգերը շահեկան դիրքում է՝ անկախ մրցակիցների խաղի ելքից։

Ոմանք կասեն, թե այս իրավիճակի պատճառը գրանդ ակումբների թուլությունն է, մյուսները կասեն, որ հեռուստատեսային իրավունքների վաճառքից ստացած գումարների հավասարաչափ բաշխումը նպաստել է թիմերի ուժի համահարթեցմանը, ինչը նշանակում է, որ խաղերն ավելի անզիջում պայքարում են անցնում, քան նախկինում։ Այսպես ասած «փոքր ակումբները» բավականաչափ հզոր են, ինչն էլ նրանց դեմ խաղալը ավելի դժվար է դարձնում։

Ճշմարտությունը գտնվում է այդ երկու տեսակետների միջև, կարելի է ասել։ Մեծ ակումբները որոշ խնդիրների առաջ են կանգնել, ու հատկապես դա վերաբերում է գործող չեմպիոն «Չելսիին», բայց այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Լեսթերը», «Վեսթ Հեմն» ու «Ուոտֆորդը», նոր էներգիա ու կյանք են հաղորդել լիգային, որին հաճախ են անվանում լավագույնն աշխարհում, բայց որը չափից շատ հաճախակի է զգում իսկապես բարձր մակարդակի ֆուտբոլի կարիք։

«Արսենալի» համար ներկայիս դիրքը նախ երկրպագուների նախամրցաշրջանային սպասումների արդարացումն է, որոնք ձևավորվել են վերջին տարիների խաղի արդյունքում, ինչպես նաև նվաճում ակումբի համար՝ հաշվի առնելով կադրային լուրջ խնդիրները, որոնց առաջ կանգնել է թիմը մրցաշրջանի ընթացքում։ Վնասվածքների  խնդիրը մեծ խոչընդոտ է ակումբի համար, անկասկած։ «Արսենալը» վատ ֆուտբոլ չի խաղում, իսկ եթե հիշենք «Նորվիչի», «Վեսթ Բրոմվիչի» ու «Սաուտհեմփթոնի» դեմ խաղերում կորցրած միավորները, ապա վստահ կարելի է նշել, որ եթե Վենգերը ունենար կազմի ընտրության ավելի լայն հնարավորություն, արդյունքը կարող էր այլ լինել։

Օրինակ, Ջեք Ուիլշիրը, Դենի Ուելբեքը և Թոմաս Ռոսիցկին դեռ ոչ մի րոպե չեն անցկացրել դաշտում։ Միկել Արտետան խրոնիկ խնդիրներ ունի սրունքի մկանների հետ։ Թեո Ուոլքոտն ու Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը պարբերաբար դուրս են մնում շարքից, իսկ ահա կիսապաշտպանների հիմնական զույգը՝ Կասորլան ու Կոկլենը, ծնկի վնասվածքների պատճառով դուրս են մնացել շարքից երկար ժամանակով։ Իսկ ահա երբ Ալեքսիս Սանչեսն իր արդյունավետությամբ վերջապես ապացուցեց, որ թիմի համար առանցքային խաղացող է, ազդրի վնասվածքը նրան էլ շարքից դուրս թողեց։

Այնպես որ, քանի դեռ Վենգերը մտածում է, թե ինչպես լուծի այս կարճաժամկետ ու միջնաժամկետ խնդիրները, որ թիմին պահպանի մրցաշարային աղյուսակի վերնամասում այդպիսի փոքր կազմի պայմաններում, նա պետք է նաև մտածի, թե ինչպես որակյալ կազմ ունենա, երբ բոլորը շարունակ քննադատում են խաղացողներին։

Ամռանը շատերը մեղադրում էին Վենգերին կենտրոնական հարձակվող ձեռք չբերելու համար, բայց 15 գոլ հեղինակած Օլիվյե Ժիրուն դեռևս անկրկնելի է հանդես գալիս։ Թեո Ուոլքոտը նույնպես կարողացել է իր խաղով միառժամանակ լռեցնել քննադատներին։ Ջոել Քեմփբելը վերջապես կարևոր դեր ստանձնեց թիմում, բայց այն ֆուտբոլիստն, ով կանխորոշում է «Արսենալի» արդյունքներն այս մրցաշրջանում, Մեսութ Օզիլն է, ով լիովին արժանի է այն ուշադրությանը, որին հիմա արժանանում է։

Նա ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում արդեն իսկ 16 գոլային փոխանցում է կատարել, իսկ «Բորնմութի» դեմ խաղում նրա գոլը Օլիվյե Ժիրուի հետ հիասքանչ կոմբինացիայից հետո ծնվեց։ Շատերը մտածում էին, որ այս զույգն անհամատեղելի է, քանի որ Օզիլը նախընտրում է կտրող փոխանցումներ, իսկ Ժիրուն միշտ դեմքով դարպասին է լինում։ Բայց այս ֆուտբոլիստները մինչ այս պահը հիանալի են համագործակցում։

Օզիլի ստեղծագործ միտքը, փոխանցումները, շարժումներն ու նրա հարձակվողական ունակությունների այլ տարրերն աչք են ծակում, բայց, հավանաբար, գերմանացին անհրաժեշտ մակարդակով գովասանքի չի արժանանում իր խաղի համար։ Միգուցե նրա կատարած փոխանցումներով հիանում են բոլորը, բայց առանց գնդակի նրա գործողությունները մնում են աննկատ։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է նա միշտ այդքան ազատ տարածություն ունենում իր շուրջ գնդակը ստանալիս… Քանի որ նա այնքան է տեղաշարժվում, որ ունենա այդ տարածությունները։

Նա ստանում է գնդակը դաշտի մի եզրում ու անմիջապես փոխանցում մյուս եզր, որպեսզի պահպանի գնդակի վերահսկողությունը։ Նա այն մեխանիզմն է, որի շուրջ կառուցված է «Արսենալի» խաղը, իսկ դա ամեն խաղում անելը հնարավոր չի լինի, եթե չգործադրես ահռելի ֆիզիկական ուժ։ Օզիլը ամեն սանտիմետրի համար շնչակտուր չի պայքարում։ Պարզապես դա իր խաղաոճը չէ։ Նա կարծես օդանավակայանի շարժասանդուղք լինի, որը անընդհատ շարժման մեջ է, որը մի փոքր ավելի արագ է, քան աստիճաններով բարձրացող մարդիկ, ու նա ցուցադրում է անհավանական ֆուտբոլային գրագիտություն, որը նա խելամտորեն օգտագործում է այնտեղ, որտեղ հարկավոր է։

Հաճույք կարելի է ստանալ՝ նայելով, թե ինչպես է նա պահեր ստեղծում ու գոլեր խփում, բայց այդ ամենը չի լինում միայն այն պատճառով, որ նա լավ է կարողանում փոխանցել գնդակը։ Դա լինում է, քանի որ նա անհավանական աշխատասիրություն ունի, իսկ երբ ֆուտբոլիստը շատ է աշխատում, միշտ վարձատրվում է դրա համար։

Մի փոքր զարմանալի է, թե ինչու «Բորնմութի» դեմ խաղից հետո Վենգերն հայտարարեց. «Կարևորն այն է, որ Օզիլը բոլորին ապացուցի, որ նա ոչ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ է, այլ նաև թիմային խաղացող»։ Չէ՞ որ մինչ այժմ նրա ներդրումը թիմի հաջողություններում ահռելի է։ Եթե նա շարունակի նույն տեմպով, ապա «Արսենալը» կարող է հաղթահարել կադրային խնդիրները։ Եվ վերջապես, Օզիլը կարող է «Արսենալին» հասցնել չեմպիոնության, որը վերջին անգամ «զինագործները» նվաճել են 2004 թվականին։

Աղբյուրը՝ ESPNFC.com


Ալեքսիս Սանչեսի դուբլն «Արսենալին» պահում է ՉԼ ուղեգրի համար մրցավազքում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

«Արսենալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային շուկայում

8 ֆուտբոլիստ, ովքեր կպայքարեն ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման համար

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

L’Equipe. Վենգերը կերկարաձգի պայմանագիրը

«Արսենալը» ջախջախում է «Սթոք Սիթիին» և պահպանում լավագույն քառյակ մտնելու շանսերը (տեսանյութ)

«Բավարիան» 2 մեգա տրանսֆեր է նախապատրաստում

Մորատան սկսել է հետևել «Չելսիի» ֆուտբոլիստներին Instagram-ում

«Արսենալը» արտագնա խաղում հաղթում է «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» միանում է «Սանդերլենդի» դարպասապահի համար պայքարին

«ՄՅու»-ի երկրպագուներին հիացրել է այն, թե ինչ արեց Մխիթարյանը Ջակայի հետ (տեսանյութ)

«Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստին՝ Ինիեստային փոխարինելու համար

Մոուրինյո. «Եվրոպայի լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան լավագույն քառյակում հայտնվելը»

«Արսենալը» վերջ դրեց «Յունայթեդի» 25-խաղյա անպարտելի շարքին, Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսում (տեսանյութ)