Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարուժան Սուքիասյան. «Իրականացվելու է սերնդափոխություն՝ թե տարիքային, թե որակական՚»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 10-ին ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի գործկոմը միաձայն Վարուժան Սուքիասյանին հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 59-ամյա փորձառու ու բանիմաց մասնագետը 24 տարիների ընթացքում ազգային հավաքականը գլխավորած 16 մարզիչներից միակն է, որին 2-րդ անգամ վստահվեց մեր ընտրանու ղեկը: Վարուժան Սուքիասյանը սիրով համաձայնեց հարցազրույց տալ «Վիվառո Նյուզի» թղթակցին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

– Պարոն Սուքիասյան, շնորհավորում եմ ՀՀ ազգային հավաքականի մարզչի բարդ ու պատասխանատու պաշտոնը 2-րդ անգամ զբաղեցնելու առթիվ: Հավաքականում տիրող այս բարդ իրավիճակում այն գլխավորելու հրավերն ընդունելը Ձեր կողմից համարձակ քայլ չէ՞ր:

– Շնորհակալություն բարեմաղթանքի համար: Ինձ թվում է, որ իմ 3 հատկանիշները՝ փորձը, գիտելիքներն ու մաքսիմալիզմը բավական էին, որպեսզի ընդունեի հրավերը: Ուժերիս ներածին չափով պետք է աշխատեմ մարտունակ հավաքական կազմավորել, որն ունակ լինի լավ արդյունքների հասնելու:

– Երբ դուք երկարատև ընդմիջումից հետո վերադարձաք մեծ ֆուտբոլ, նշել էիք, որ ֆեդերացիայի նախագահի հորդորով եք այդ քայլին դիմել: Այն ժամանակ խոսակցություն չի՞ եղել հավաքականի ղեկը Ձեզ երբևէ վստահելու մասին:

– Նման խոսակցություն բացարձակապես չի եղել: Ճիշտ է, ես Ռուբեն Հայրապետյանի հորդորով վերադարձա մեծ ֆուտբոլ, ինքս էլ մեծ ցանկություն ունեի կրկին զբաղվելու մարզչական գործունեությամբ: Երևի «Արարատում» կատարածս որոշակի բարեփոխումներն ու թիմի առաջընթացն որոշակի դեր խաղացին հավաքականի ղեկն ինձ վստահելու հարցում:

– Որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը հավաքականում տիրող իրավիճակը փոխելու ուղղությամբ:

– Պետք է բարելավել հավաքականում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ֆուտբոլիստների միջից հանել պարտվողի հոգեբանությունը, համալրել կազմը նոր ֆուտբոլիստներով և սկսել աշխատել:

– Ֆեդերացիայի գործկոմի նիստում դուք ներկայացրել եք հավաքականի նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Կներկայացնե՞ք հանրությանը:

– Հարկավոր է թարմ լիցք հաղորդել հավաքականին: Առաջնության մասնակից թիմերի կազմերում կան խոստումնալից ու տաղանդավոր տղաներ, որոնց պետք է հրավիրել հավաքական, նրանց հնարավորություն ընձեռել դրսևորելու իրենց խաղային որակները:

– Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը բազմիցս նշել է, որ ՀՀ առաջնության մասնակից թիմերի կազմերում լեգեոնականների մեծ քանակը զգալիորեն սահմանափակում է հավաքականի թեկնածուների ընտրության հնարավորությունը: Այդ հարցին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Իմ դիտարկմամբ առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մեջ իրոք կան շատ տաղանդավոր տղաներ, որոնց կհրավիրենք հավաքական: Կիսապաշտպանական գծում հավաքականի կազմում հիմնախնդիրներ չկան, ամեն ինչ նորմալ է: Հիմնականում պետք է աշխատանքներ տանենք պաշտպանության և հարձակման գծերում հայազգի բարձրակարգ ֆուտբոլիստներ հավաքականում ընդգրկելու համար:

– Չե՞ք գտնում, որ առաջնության մասնակից ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելը որոշակի ռիսկի հետ է կապված: Եթե նրանք չարդարացնեն սպասելիքները, կարող եք քննադատության թիրախ դառնալ:

– Եթե մարզիչը համարձակություն ու ֆուտբոլային իր փիլիսոփայությունը չունենա, այդպիսի բեռի տակ չի մտնի: Նա այդ դեպքում պարզապես պետք է չաշխատի: Ես մաքսիմալիստ եմ  և հավաքականի ֆուտբոլիստներից պահանջելու եմ գործել ուժերի առավելագույն նվիրումով: Հավաքականի ֆուտբոլիստների հանդեպ լինելու եմ հոգատար, բայց շատ խիստ: Ուժերիս ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որպեսզի հավաքականն իր ցուցադրած խաղով ստիպի ֆուտբոլասերներին կրկին վերադառնալու մարզադաշտ:

– Ֆուտբոլասերները հաճախ էին դժգոհում, որ երբեմն հավաքական էին հրավիրվում խաղային պրակտիկա չունեցող, որոշ դեպքերում նույնիսկ այդ պահին ակումբ չունեցող ֆուտբոլիստներ: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այդ հարցում:

– Հավաքականում պետք է ընդգրկվեն միայն խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստները, նաև պետք է հրավիրվեն ազգասեր, կարգապահ և հավաքականին անմնացորդ նվիրվող խաղացողները:

– Վերջին տարիներին հավաքականի ընկերական հանդիպումների կազմակերպման հարցը բավարար չէր: Կարելի՞ է հուսալ, որ Ձեր օրոք հավաքականը վերջապես կունենա ընկերական հանդիպումների անցկացման հստակ խաղացանկ:

– Մոտ օրերս այդ հարցում ամեն ինչ կհստակեցվի: Միանշանակ կողմ եմ հավաքականի ընկերական հանդիպումների հստակ խաղացանկ ունենալուն, մանավանդ այժմ, երբ փաստորեն նոր հավաքական է կազմավորվելու, մեծ թիվ են կազմելու նորեկները: Նրանք հենց ընկերական հանդիպումների ժամանակ պիտի միջազգային խաղերի փորձ ձեռք բերեն, ստուգեն իրենց կարողությունները մինչև ընտրական մրցաշարի մեկնարկը:

– Երբ 2000թ. առաջին անգամ գլխավորեցիք ազգային հավաքականը, սերնդափոխություն իրականացրիք, որի արդյունքում հավաքականում հայտնվեցին Քարամյան եղբայրները, Արամ Հակոբյանը, մի խումբ այլ երիտասարդ ֆուտբոլիստներ: Ներկայումս հավաքականում կա՞ սերնդափոխության կարիք:

– Իհարկե: Ընդ որում սերնդափոխությունն իրականացվելու է հաշվի առնելով ոչ միայն ֆուտբոլիստների տարիքը, այլև նրանց խաղային ունակությունները:

– Այն ժամանակ Դուք նշել էիք, որ 4 տարի անց առյուծների հավաքական ենք ունենալու, սակայն ընդամենը 2 տարի հնարավորություն ունեցաք աշխատելու հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս անգամ ինչպիսի՞ պայմաններով եք նշանակվել հավաքականի գլխավոր մարզիչ:

– Դեռևս պայմանագրի պայմանները չեն քննարկվել ու առայժմ պայմանագիր չեմ կնքել: Առաջիկայում այդ հարցը լուծում կստանա:

– Ովքե՞ր են օգնելու Ձեզ ազգային հավաքականում:

– Մի փոքր ուշ այդ հարցի պատասխանը կստանաք:

– ՀՖՖ նախագահը նշել էր, որ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Դուք համամի՞տ եք այդ տեսակետին: Արդեն կողմնորոշվե՞լ եք այդ հարցում:

– Ինձ թվում է, որ ընտրության հնարավորությունն ինձ թողնելն ավելի ճիշտ է: Որոշակի կողմնորոշվածություն երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի հարցում արդեն ունեմ, սակայն այդ մասին առաջիկայում կտեղեկանաք:

– Դուք համատեղելու եք աշխատանքը հավաքականում և «Արարատում»: Հատկապես նախապատրաստական շրջանում բարդություններ չե՞ն ծագի:

– Ինձ թվում է, որ կհասցնեմ 2 ճակատով աշխատել: Եթե դժվարություններ առաջանան, կմտածեմ լուծումներ գտնելու համար:

– Եթե Ձեզ հաջողվի լիովին իրագործել Ձեր ծրագիրը, հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրական հնարավորություն կունենա՞:

– Իմ պատկերացմամբ նայելով առկա ֆուտբոլիստների կազմին, ընտրության հնարավորություններին, կարծում եմ, որ մարտունակ հավաքական կունենանք և կկարողանանք ստեղծագործ, համարձակ ու ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրել: Ինձ թվում է, որ ֆուտբոլային լավ կոլեկտիվ ենք ունենալու, սակայն ընտրական մրցաշարում վերջնական հաջողության հասնել կհաջողվի՞, թե ոչ, դժվարանում եմ ասել: Չեմ ցանկանում ամպագորգոռ բառեր ասել, սակայն ուժերիս ներածին չափով ամեն ինչ ներդնելու եմ մեր հավաքականի խաղում և գրանցված արդյունքներում զգալի առաջընթաց ապահովելու համար:

– Մեզ մնում է Ձեր գլխավորությամբ ազգային հավաքականին հաջողություն մաղթել աշխարհի առաջնության ընտրական բարդ մրցափուլում և հուսալ, որ վերջապես կիրականանա մեր բոլորիս երազանքը. Հայաստանի հավաքականին տեսնել աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի մասնակիցների շարքում:

– Շնորհակալություն:

Աշոտ Հայրապետյան

 


Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)