Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տիգրան Գյոկչյանը նշանակվեց բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում  կայացավ նախագահության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի հարցը:

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են մի շարք հայ մասնագետներ: Քվեարկությունից հետո գլխավոր մարզիչ ընտրվեց փորձառու մասնագետ Տիգրան Գյոչկյանը, ով վերջին տարիներին աշխատում է Լիբանանում: 50-ամյա մարզիչը ներկայումս գլխավորում է Լիբանանի եւ Ասիայի ուժեղագույն ակումբներից մեկը` «Սաժես»-ը: Նախագահության նիստի ավարտից հետո Հրաչյա Ռոստոմյանը կարծիք հայտնեց Տիգրան Գյոկչյանի նշանակման վերաբերյալ. «Ֆեդերացիայի նախագահությունը վերջին 2 ամիսներին ակտիվորեն քննարկում էր, թե ում գլխավորությամբ Հայաստանը 2016 թվականին կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց վստահել Տիգրան Գյոկչյանին, քանի որ հայ մարզիչների շարքում ներկայումս նա լավագույնն է եւ աշխատում է բավական ուժեղ ակումբում: Գյոկչյանը ՖԻԲԱ-ի մարզչական արտոնագիր ունեցող մարզիչ է, որը լավ է ծանոթ հայկական բասկետբոլին եւ մեծ ցանկություն ունի առաջնորդել ազգային հավաքականը: Նա իսկական պրոֆեսիոնալ է, ով շատ հստակ ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը հավաքականում եւ ինչպես կարող ենք ունենալ ցանկալի արդյունք Եվրոպայի առաջնությունում: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի նախկին մարզիչ Կառլ Բարդակյանին, ով նախորդ տարիներին ակտիվորեն աշխատել է հայազգի խաղացողներ ի հայտ բերելու ուղղությամբ»:

ՀԱՕԿ լրատվության բաժին